Լրահոս

19.06.2009 15:56


Գարեգին Ազարյան. «Խախտողները մենք բոլորս ենք, մենք ինքներս»

Գարեգին Ազարյան. «Խախտողները մենք բոլորս ենք, մենք ինքներս»

-Այո՛, եղել են խախտումներ։ Ոչ մեկը չի կարող հերքել, թե չեն եղել։ Չէր կարող, նման մեծաքանակ ընտրողներ ներգրավված միջոցառման դեպքում, խախատումներ չլինել։ Բայց չմոռանանք, որ խախտողները մենք բոլորս ենք, մենք ինքներս, որովհետև մենք ունենք ընտրական մշակույթի պակաս»,- Երևանի ավագանու ընտրություններն ամփոփելու համար հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։

Նա նշել է, որ գոյություն ունեցող 439 տեղամասերից արձանագրությունների 82,7%-ը ստորագրել են հանձնաժողովների բոլոր 8 անդամները, 95%-ը՝ առնվազն 7 անդամ, և ընդամենը 8 արձանագրություն է, որ ստորագրվել է հանձնաժողովների 5 անդամների կողմից։ 2-ի դեպքում էլ կցված է եղել հատուկ կարծիք, և այդ երկու ընտրատեղամասում էլ վերահաշվարկ է կատարվել։

ԿԸՀ նախագահը նաև ասել է, որ 439 տեղամասերից միայն 18-ի վերաբերյալ են խախտումների մասին տեղեկություններ ստացվել։ ԿԸՀ-ն վերլուծություն է կատարել և պարզել, որ եթե անգամ այդ 18 տեղամասերում քվեարկության արդյունքները համարվեին անվավեր, միևնույն է, մանդատների բաշխման մեջ ոչինչ չէր փոխվի.

-18 տեղամասի արդյունքներ զրոյացնելուց հետո մեզ մոտ մանդատների բաշխումը ստացվում է այնպես, ինչպես որ կար՝ ԲՀԿ՝ 17%, ՀԱԿ՝ 13%, ՀՀԿ՝ 35%։ Մի փոքր փոխվել են նրանց տոկոսները։ Փոփոխություն է առաջացել ՕԵԿ-ի և Դաշնակցության մոտ։ ՕԵԿ-ի մոտ ստացվում է 4,15%, իսկ ՀՅԴ-ի դեպքում 4,18%։

Գ. Ազարյանը նաև ցավ է հայտնել, որ հնարավորություն չունեցան Վարչական դատարան ներկայացված ՀԱԿ-ի հայցադիմումի մասին ԿԸՀ-ի կարծիքը հայտնել։ Սակայն նշել է, որ հայցադիմումի որոշ էջեր իրեն «չստացված դիպլոմային աշխատանք են հիշեցնում»։

Այս խորագրի վերջին նյութերը