Լրահոս

19.06.2009 16:26


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ԴԻՋիԹեք բիզնես» ամենամյա համաժողովին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցել է տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների «ԴԻՋիԹեք բիզնես» ամենամյա համաժողովին։
Միջոցառման բացման արարողությունը վերապահվել է Տիգրան Սարգսյանին։
Համաժողովին ավանդաբար ներկայացվում են տեխնոլոգիական լուծումներ բանկային ու ֆինանսական հատվածների, փոքր ու միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, առևտրի ու պահեստավորման, շինարարության ու տրանսպորտի, հասարակական հատվածի, բեռնափոխադրման, բժշկական և դեղագործական ոլորտների համար։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովը, ասելով, որ այն հնարավորություն է տալիս ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ ընկերություններին ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները, իսկ պոտենցիալ հաճախորդ-գործարարներին հնարավորություն է ընձեռում իրենց բիզնեսի համար արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ գտնել։
ՀՀ վարչապետը իր գոհունակությունն է հայտնել, որ ՏՏ ոլորտը, անգամ համաշխարհային ճգնաժամի պայմաններում նախորդ տարվա համեմատ գրանցել է քսան տոկոս աճ։

-Արտադրողականության բարձրացումը ճգնաժամի հաղթահարման լավագույն ձևերից մեկն է, իսկ ՏՏ ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որ տնտեսության ճյուղերին ներկայացնում է արտադրողականության և մրցունակության բարձրացմանը միտված առաջարկներ, - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը, շեշտելով, որ կառավարությունն այս համաժողովին ներկայանում է նաև որպես հաճախորդ և իր կատարած ընտրությամբ օրինակ է ծառայելու գործարարներին։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը հակված է պետական համակարգի տարբեր օղակներում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, քանի որ այստեղ ևս կա արտադրողականության բարձրացման խնդիր։
Համաժողովին մասնակցել է 25 ցուցադրող ընկերություն, 1500 գործարար,-ասել է Տիգրան Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը