Լրահոս

19.06.2009 17:20


Հարություն Առաքելյան. «Միայն թուրանական արյուն ունեցողները կարող են ավանդական կուսակցության դեմ նման քայլեր անել»

Հարություն Առաքելյան. «Միայն թուրանական արյուն ունեցողները կարող են ավանդական կուսակցության դեմ նման քայլեր անել»

-ՀՌԱԿ-ի շուրջը վաղուց կան չթաղված քաղաքական դիակներ։ Իսկ չթաղված դիակներից միշտ էլ գարշահոտություն է գալիս։ Այս համագումարն այդ համատեքստում պետք է դիտել,- «Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի ունեցած Արմենական ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարի առիթով ասել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության առաջնորդ Հարություն Առաքելյանը։

Տեղի ունեցած համագումարը Հ. Աառաքելյանը որակել է որպես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «տխրահռչակ քայլերի շարունակություն»։ Նրա խոսքերով՝ նախ ցանկացել են մայիսի 7-10 Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցած ՀՌԱԿ համագումարի ժամանակ իրենց «դեմ հանել դիվանագիտական հայկական կորոպուսը, իսկ ձախողելուց հետո էլ ցանկանում են ցույց տալ, որ չեն հանգստացել և ՀՌԱԿ-ից մուռ են հանում»։

-Վարչապետը քաղաքականապես բոբիկ անձնավորություն է և քաղաքական հենարան է փնտրում։ Եվ այդ կարճ  խելքով էլ ուզում են, մամուլից գաղտագողի, իրականացնել կուսակցության գրանցումը,- նշել է Հ. Առաքելյանը՝ հավելելով, որ տեղի է ունենում Ռամկավար ազատական կուսակցության անվանագողություն.

-Մենք լուրջ ենք տրամադրված՝ տարատեսակ բաշիբոզուկների ոտնձգություններից պաշտպանելու մեր կուսակցությունը, կանոնադրությունը, ծրագիրը, դրոշը, զինանշանը, քայլերգը և կառույցները։ Պետք լինի, մինչև Եվրադատարան գնալու ենք, որովհետև միայն թուրանական արյուն ունեցողները կարող են ավանդական կուսակցության դեմ նման քայլեր անել։

Հ. Աառաքելյանի խոսքերով՝ Արմենական ռամկավար ազատական կուսակցությունը ոչ միայն ՀՌԱԿ-ից է անվանագողություն կատարում, այլ նաև պաշտոնապես գրանցված «Արմենական» ՀԿ-ից։

Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ամանում տեղի ունեցած ՀՌԱԿ-ի համագումարի ժամանակ իր ողջույնի խոսքն էր ուղարկել, ինչը Հ. Աառաքելյանը բացատրում է կուսակցությունն ու խառնակիչներին տարբերակել կարողանալու նրա ունակությամբ։ Սակայն հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է ուղարկել նաև Հայաստանի արմենական ռամկավար ազատական կուսակցության համագումարին։

«Սա ինչպե՞ս կմեկնաբանեք» հարցին Հ. Առաքելյանը պատասխանել է.

-Արդեն Սերժ Սարգսյանին պետք է դիմեք և այդ հարցն ուղղեք։ Բայց մի քիչ, ճիշտն ասած, չեմ հավատում։

Այս խորագրի վերջին նյութերը