Մեկնաբանություն

15.01.2013 12:15


«Մեծ» միջոցառման մանր ինտրիգները

«Մեծ» միջոցառման մանր ինտրիգները

Իշխանությանը հաջողվեց ապաքաղաքական դարձնել ընտրությունները և հանգիստ լինել ընտրակեղծիքների կիրառման հետևանքների մասով։ Նախագահական «ընտրությունների» ելքն այնքան կանխատեսելի է, որ նույնիսկ սպորտային հետաքրքրություն չկա։ Կան միայն մանր ինտրիգներ։

Օրինակ, հետաքրքիր կլինի տեսնել, թե քանի տոկոս ձայն է գրվելու Րաֆֆի Հովհաննիսյանին և ինչպես է վերջինս կատարելու «հաղթողին» շնորհավորելու իր ֆունկցիան։

2008թ. մարտի 1–ի դեպքերից հետո «Ժառանգության» ղեկավարը «շուստրիություն» արեց ու Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելուց հետո շտապեց Մյասնիկյանի արձանի մոտ, որպեսզի լղոզի իր պահվածքը։ Հիմա արդեն ձևականությունների հետևից ընկնելու կարիք չկա։ Մնում է միայն հետևել, թե «հ» տառով սկսվող հայրենասիրական ինչպիսի բառակույտով է Րաֆֆին մատուցելու իր հաճախորդական առաքելության վերջին արարը։

Րաֆֆիի պահով «ինտրիգային» է մնում նաև այն հարցը, թե ինչպիսի ժայռապատկերների ֆոնի վրա է  նա տրջիկ տալու այս անգամ։

Հետաքրքրություն է առաջացնում նաև Հրանտ Բագրատյան–Պարույր Հայրիկյան ներտեսակային մրցակցությունը։ Բանն այն է, որ երկուսն էլ չափազանց եսակենտրոն և ինքնասիրահարված մարդիկ են, և ընտրողների համար, թերևս, հետաքրքիր կլինի բացահայտել, թե ով է այդ հասուն տարիքի տղամարդկանցից ավելի ինքնահավան ու գլուխգովան։

Ինչպես հայտնի է, Պարույր Հայրիկյանը գտնում է, որ Հայկ Նահապետից հետո երկրորդն ինքն է, և հայ ժողովուրդն այդ ամենը անարդարացիորեն չի հասկանում ու չի գնահատում։ Ճիշտ է, Հայրիկյանն ուղիղ տեքստով չի ասում այդ ամենը, բայց դե նրա խոսքի ամբողջ փիլիսոփայությունը «նահապետության» ոգով է ներծծված։

Հրանտ Բագրատյանն ավելի մասշտաբային գործիչ է ներկայացնում ինքն իրեն ու գտնում է, որ ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից անարդարացիորեն չի գնահատված, քանզի մոլորակի մարդկությունը չի հասկանում, որ գործ ունի Ադամ Սմիթին ու Քեյնսին ստվերած տնտեսագիտության մեգամասնագետի հետ։

Բագրատյանը ծուռ է համարում աշխարհի դրվածքը, քանզի գտնում է, որ եթե հայ չլիներ, այլ ներկայացներ անգլո–սաքսոնական աշխարհը, ապա Նոբելյան մրցանակն իր գրպանում կլիներ, իսկ Միլթոն Ֆրիդմանին ու Աննի Շվարցին աշխարհը կմոռանար և կվառեր մոնետարիզմի մասին նրանց աշխատությունները։ Շատ համեստ է Բագրատյանը, ի՞նչ կարող ես անել։

Որպես պաթոլոգիկ գլուխգովան, նարգիզականությամբ տառապող և նորմայից զգալիորեն շեղվող ինքնագնահատականով մարդ՝ Բագրատյանն ընտրողներին է ներկայանում նաև որպես վիրտուոզ կիթառահար։

«Ես վիրտուոզ կիթառահար եմ»,– հարցազրույցներից մեկում ինքն իրեն գնահատական տվեց Բագրատյանը։

Նրանք, ովքեր տեսել են նախկին վարչապետի նվագելը, համոզվել են, որ նա կիթառ նվագել գիտի, բայց չափազանց սիրողական մակարդակի։ Ասել է թե՝ վիրտուոզության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բայց այդ ամենը չի խանգարում Բագրատյանին ներկայանալ որպես վիրտուոզ կիթառահար։ Իրականությունն այն է, որ նա  նույնքան վիրտուոզ կիթառահար է, որքան համաշխարհային տնտեսագիտության ռահվիրա։

Թե Հայրիկյան–Բագրատյան մրցապայքարում ով կհաղթի գլուխգովանության ու ինքնահավանության հարցերում, պարզ կդառնա առաջիկայում։

Ահա սրանք են այն մանր ինտրիգները, որոնք այլ մանր ինտրիգների հետ միասին «մրցակցային» կդարձնեն ընտրական «մեծ» միջոցառումը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը