Մեկնաբանություն

15.01.2013 16:05


Ռոբերտ Քոչարյանի մեսիջները

Ռոբերտ Քոչարյանի մեսիջները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մի շարք մեսիջներ ուղարկեց հասարակությանը։

Մեսիջ 1–ին։ Մեզ սպասվում է լճացման ժամանակաշրջան, քանզի գալիք նախագահական ընտրությունները վերածվել են մեկ դերասանի թատրոնի, ինչը միգուցե լավ է իշխանության, բայց վատ՝ հասարակության համար։  Առանց  մրցակցության իշխանությունը կարող է հանգիստ քնել, բայց անհանգիստ է լինելու երկրի անվտանգության հարցը։

Մեսիջ 2–րդ։ Անընդունելի է վաղեմի ընկերական հարաբերությունները ճղճիմացնել և ծառայեցնել մանր քաղաքական խնդիրների լուծմանը։ Եթե ասելիք կա, ապա պետք է դա անել ուղիղ ձևով, այլ ոչ թե «անկախ» լրատվամիջոցների հետևում թաքնվելով և բամբասանքներ տարածելով։

Մեսիջ 3–րդ։ Քաղաքական դաշտում խաղացողների մեծ մասը թեթևաբարո կանանց վարքագիծ է դրսևորում, ինչը նշանակում է, որ նոր դաշտ է պետք ստեղծել և նորովի ընկալել երեք նախագահների ձևաչափը։

Մեսիջ 4–րդ։ Իշխանությունները ձախողել են տնտեսական քաղաքականությունը, և նրանց արձանագրած միակ «հաջողությունը» երկրի արտաքին պարտքի ավելացումն է՝ զուգորդված արտագաղթի աճի տեմպով։ Պատկերավոր ասած՝ վերջին հինգ տարում խնդիր է դրված եղել պահել թագավորի «գլուխը»՝ «թագավորության» կեսը զոհաբերելու գնով։ Այդ խնդիրը Սերժ Սարգսյանը լուծել է ամբողջությամբ։

Իսկ ամենահիմնական մեսիջն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր՝ ակտիվ քաղաքականության մեջ մտնելու տարբերակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը