Լրահոս

19.06.2009 18:58


Հայաստանում բացվում է Արգենտինայի դեսպանությունը

Հունիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարսելո Սեբաստեին, որը Երևան է ժամանել Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:

            Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացման առնչությամբ՝ հույս հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ հարաբերությունների ամրապնդմանն ու  խորացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև զարգացած իրավա-պայմանագրային դաշտն ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում առավել ակտիվ համագործակցության հաստատման համար: Էդվարդ Նալբանդյանը հայտնել է Արգետնիտայի գործերի հավատարմատարին, որ արգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի իր առաքելության իրականացման ընթացքում և դեսպանության հիմնադրման և բացման գործում:

Մարսելո Սեբաստեն Հայաստանի արտգործնախարարին փոխանցել է Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի ուղերձը և նշել, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա ընդայնմանը, և դրանով է պայմանավորված Հարավային Կովկասում Արգենտինայի առաջին դեսպանության բացումը Երևանում: Նա կարևորել է Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանի արտգործնախարարին վերահաստատել է իր արգենտիացի գործընկերոջ Բուենոս-Այրես այցելելու հրավերը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը