Քաղաքական

19.06.2009 19:19


Համաներման մասին առաջարկությունն ընդունվեց՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկը

Համաներման մասին առաջարկությունն ընդունվեց՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկը

Խորհրդարանը հունիսի 19-ին քննարկեց և ընդունեց ՀՀ նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը։ Մինչ քվեարկությանն անցնելը, պատգամավորները մի շարք գրավոր և բանավոր առաջարկություններ են ներկայացրել նախագահի ներկայացուցչին՝ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին։ Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ համաներման մասին օրենքը լինելով քաղաքական փաստաթուղթ, այն նաև իրավական փաստաթուղթ է։

-Այս փաստաթուղթը պետք է լինի անխոցելի, անշրջելի և հնարավորություն պետք է տա հետագայում կատարելագործել համաներման իրավական մեխանիզմը։

Պատգամավոր Մինասյանն առաջարկել է, որ համաներում չկիրառվելու կետում հստակ նշվի, որ համաներում չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ում մեղավոր գործողությունների արդյունքում մարտի1-2-ին  մահ է պատճառվել. «Եվ որ սա լինի այն երաշխիքը, որ հետագայում որևէ մեկի մտքով չանցնի Հայաստանի քաղաքացուն մահ պատճառել և սպասել համաներման»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել է, թե այս համաներումը տարբերվում է մյուսներից,  քանի որ այն հասարակական պահանջի հետևանք էր և այն մեծ առաջընթաց է ժողովրդավարական սկզբունքների առումով: «Սա սայթաքողների նկատմամբ համաներում է, այսինքն՝ որևէ պահի,  երևույթի ազդեցության տակ հանցանք կատարած մարդկանց համաներում է»։ Գալուստ Սահակյանն ասել է նաև, թե իրենց խմբակցությունը կողմ է այն դիրքորոշմանը, որն արտահայտել է Հովիկ Աբրահամյանը։

Պատգամավոր Տիգրան Թորոսյանը, կարևորելով փաստաթղթի քննարկումը, ասել է, որ և՛ արդարադատության նախարարությունը, և՛ պետաիրավական հարցերի հանձնաժողովը լավ են աշխատել։ Այդուամենայնիվ, ըստ Տ. Թորոսյանի, մարտի 1-2-ի դեպքերն այստեղ մատնանշելը մարդասիրական նպատակներ ունի, սակայն, ըստ նրա, չի կարելի ասել, որ մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ համաներում կիրառելով  մեկ էջ փակվում է։

-Ստեղծվելու է մի ոչ այնքան ցանկալի իրավիճակ, երբ բոլոր հարցադրումները, որոնք գոյություն ունեն, այս փաստաթղթի ընդունումից հետո ուղղվելու են մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին։ Ստացվում է, որ հերթական անգամ, ցավոք, անում ենք կիսատ ինչ- որ քայլ: Որովհետև արվում է քայլ, բայց այն նպատակները, որոնք հետապնդվում էին, կարծում եմ, որոնք նպատակն էին դրել դա անելիս, չեն իրականանալու, որովհետև ճիշտ չի ընտրված ոչ ձևը, ոչ ժամանակը: Ավելին, այն իր հետ բերելու է շատ վտանգավոր հետեւանք՝ կապված Աժ ժամանակավոր հանձնաժողովի հետ: Չեմ ուզում վատ կանխագուշակում անել, բայց դժվար թե հանձնաժողովը կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Բայց դա հանձնաժողովի մեղքը չի լինելու: Ամեն ինչ ջարդվելու է հանձնաժողովի վրա: Եթե այս ընթացքում համաներում չէր կիրառվել, թերևս ճիշտ կլիներ հանձնաժողովն իր եզրակացությունն աներ, դրանից հետո միայն համաներում իրականացվեր:

Խորհրդարանական ՀՅԴ,  ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորելով համաներման մասին հարցի քննարկումը, հայտարարեցին, որ իրենք «կողմ» կքվեարկեն։ «Ժառանգություն» խմբակցությունը կողմ կամ դեմ քվեարկելու մասին որևէ հստակ դիրքորոշում չարտահայտեց։

Ի վերջո, բոլոր առաջարկությունները լսելուց հետո ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը կես ժամ ընդմիջում խնդրեց, որպեսզի քննարկեն բոլոր առաջարկությունները։ Այնուհետև խորհրդարանին ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք իրենց ամրագրումն էին ստացել լրամշակված տեքստում։ Գևորգ Դանիելյանը հայտարարեց, որ պատժաչափը չկրած մասը կիսով չափ կրճատելու մասին առաջարկությունն ընդունվել է և այն տարածվելու է նաև մարտի 1-2-ին հանցագործություն կատարած անձանց նկատմամբ։

-Մենք ամրագրել ենք մի դրույթ, որ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա չի էլ հարուցվելու, հարուցված գործը ենթակա է կարճման,-ասել է հիմնական զեկուցողը։

Ինչևէ, խորհրդարանն ընդունեց նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը։

Միակ «դեմ» քվեարկած պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր որոշումը բացատրեց հետևյալ հանգամանքով.

-Նրանք, ովքեր  ներկա պահին հանիրավի գտնվում են բանտախցերում, կարծում եմ, որ նրանց նկատմամբ ևս մեկ անգամ դատավճիռ կարդացվեց։ Խոսքը հետընտրական ժամանակաշրջանում արարք կատարած մարդկանց, ինչու չէ՝ նաև Արման Բաբաջանյանի մասին է։

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, թե «սա այնքան էլ առաջ տանող իրադարձություն չէ, քանի որ մենք  գիտենք, թե ինչի համար ընդունվեց համաներումը։ ԵԽԽՎ լիագումար նիստ պետք է լինի, մեր պատվիրակության ներկայացուցիչները պետք է ասեն, թե զգալի քայլեր են իրականացրել»։

Մինչ ԱԺ շենքում խորհրդարանականները համաներման մասին հարցն էին քննարկում, խորհրդարանի շենքի դիմաց մարդկանց մի խումբ էր հավաքվել, ովքեր ուզում էին վայրկյան առաջ տեղեկանալ, թե ի վերջո ում նկատմամբ է կիրառվելու համաներում, իսկ ում՝ ոչ։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը