Լրահոս

19.06.2009 20:34


Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Մահմուդ Ահմադինեջադին

Հունիսի 20-ին երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հարություն Փամբուկյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Արտյուշ Շահբազյանը, Սերյոժա Աբրահամյանը, Վարդան Խաչատրյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի,  խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները  հարգանքի տուրք կմատուցեն Իմամ Խոմեյնիի հիշատակին,  կայցելեն «Ֆարհանգսարայե Մելալ» զբոսայգի, որտեղ տեղի կունենա Իրան-Հայաստան բարեկամության ծառատունկի արարողություն, կայցելեն  Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբում կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի դեսպանությունում հանդիպում կունենան Թեհրանում աշխատող ՀՀ դիվանագետների հետ:

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը