Լրահոս

20.06.2009 12:40


Այաթոլլա Համենեին մտադիր է անձամբ սանձել ընդդիմության ղեկավարներին

Իսլամական սահմանադրության պահապանների խորհրդի անդամներն այսօր հանդիպելու  են Իրանի նախկին նախագահի թեկնածուներ Միր Հուսեյն Մուսավիի, Մոհսեն Ռեզավիի և Մեհդի Քյարուբիի հետ։  «ИТАР-ТАСС» գործակալությունը հայտնում է, որ հունիսի 12-ին քվեարկության հաշվարկների արդյունքներով հաղթանակ տարած Մահմուդ Ահմադինեջադի հակառակորդները  պետք է, իսլամական օրենքի համաձայն, փորձագետներին  ներկայացնեն ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ իրենց բողոքները։

Իրանի բարձրագույն ղեկավար, այաթոլլա Ալի Համենեին թույլատրել է անցկացնել մասնակի վերահաշվարկ, բայց մերժել է ընդդիմության՝  ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն անցկացնելու պահանջը։

Համենեին, ելույթ ունենալով Թեհրանում, ընդդիմադիրներին խորհուդ է տվել «ուշքի գալ և մտածել, որ իրենք իրենց գործողություններով երկիրը տանում են անիշխանության և արյունահեղության»։

Նա քննադատել է պարտված թեկնածուներին՝ ծայրահեղականություն դրսևորելու համար, և կոչ է արել դադարեցնել փողոցային բողոքները, որոնք «շփոթության մեջ են գցում ժողովրդին և արտաքին ուժերի համար  չարամիտ գործողությունների հիմք են տալիս»։

Նա զգուշացրել է, որ ով վերջ չտա փողոցային բողքներին՝ կկանգնի դատարանի առջև և պատասխանատվություն կկրի անկարգության համար։

Համենեին ընդդիմադիրներին հասկացրել է, որ կառավարությունը մտադիր չէ այլևս հանդուժել Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերը։

-Բոլոր թեկնածուներն էլ արժանավոր էին, բայց հաղթել է Ահմադինեջադը, որի օգտին քվեարկել է 24 մլն մարդ։ Եվ մյուսներին մնում է ընդունել նրա համոզիչ հաղթանակն ու դադարեցնել բողոքները,-ասել է նա և հավելել, որ Ահմադինեջադի ու նրա մրցակից Մուսավի միջև ձայների 11 մլն տարբերությունները հնարավոր չէր կեղծել։

-Դա 100 կամ 500 հազար, կամ միլիոն ձայն չէ,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը