Մեկնաբանություն

21.01.2013 02:00


Թամաշան սկսվեց. Սերժը քարոզում է «մրցակիցների» օգտին

Թամաշան սկսվեց. Սերժը քարոզում է «մրցակիցների» օգտին

Այսօրվանից սկսվում է «նախագահական ընտրություններ» կոչված միջոցառման քարոզարշավային փուլը կամ այլ կերպ ասած՝ թամաշան։

Բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ այս ընտրություններն աննախադեպ են։ Հիմնական կեղծիքներն արվել են մինչև ընտրությունները, ինչը նշանակում է, որ բուն ընտրական գործընթացի ժամանակ արվելիք կեղծիքների դեմ պայքարող չի լինելու։ Այսինքն՝ ընտրության ելքը կանխորոշված է ոչ թե այն պատճառով, որ հայ ժողովուրդը գլխապատառ նետվելու է ընտրատեղամասեր ու ձայնը տալու է իշխանության թեկնածուի օգտին, այլ այն պատճառով, որ գրանցված ութ թեկնածուներից յոթը ռեսուրս կամ ցանկություն չունեն նախագահ դառնալու համար։ Ճիշտ է, զուտ հռետորաբանությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ իր մյուս բախտակից կոլեգաները երբեմն «փիղ են ճղում» և դեմագոգիկ հայտարարություններ անում «լույսի ու ստվերի Հայաստանների» մասին, բայց դե իրենք էլ իրենց խոսքերին չեն հավատում։

Քարոզարշավի սկզբում արձանագրվեց ևս մեկ աննախադեպ բան.  իշխանության թեկնածուն քարոզչություն սկսեց անել իր մրցակից կոչվածների օգտին։

«Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»,–հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ոչմրցակցային ընտրությունների թեմայով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։

Սարգսյանի այս գնահատականները ստիպեցին շատերին կեսկատակ–կեսլուրջ ասել, որ Սերժը, խասիաթի համաձայն, պարզապես տվեց իր հաճախորդների անունները։ Այդ առումով, անշուշտ, ճշմարտության մեծ չափաբաժին կա, բայց կուզենայինք ընթերցողի ուշադրությունն այլ բանի վրա հրավիրել։

Թող զարմանալի չթվա, բայց Սարգսյանն իր, Րաֆֆիի, Բագրատյանի և Հայրիկյանի հնարավորությունները գնահատելիս բավական անկեղծ է եղել ու ճիշտ տեսակետ հայտնել։ Այո՛, և՛ Րաֆֆին, և՛ Հրանտը, և՛ Պարույրը լուրջ մրցակիցներ են Սերժի համար։ Եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա նույնիսկ «էպոսագետը» կհաղթի ՀՀԿ–ից առաջադրված նախագահի թեկնածուին։ Այլ հարց է, որ որևէ թեկնածու ռեսուրս չունի ընտրակեղծիքների դեմն առնելու, ինչն էլ հնարավորություն է տալիս Սարգսյանին իր «մրցակիցների» քարոզով զբաղվելու և հանդուրժողականություն խաղալու։ Բայց դե ընտրողին չես խաբի։ Բոլորին էլ տեսանելի է, թե ինչի համար են նախապես կեղծված ընտրություններին մասնակցում Րաֆֆին կամ մյուսները։

«Ժառանգության» ղեկավարը, օրինակ, 2008թ. Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցել է անգամ մարտի 1–ի զոհերի քառասունքի օրը և հիմա առավելևս որևէ խնդիր չի ունենալու իր դերը կատարել ու «լեգիտիմացնել» ընտրական ֆարսը։

Բագրատյանին «կուտը» տվել են, թե վարչապետ են նշանակելու, և նա հավատացել է ու փոխվել։

Դե իսկ Պարույր Հայրիկյանի մասնակցությունը լրիվ անհասկանալի է ու ինչ–որ տեղ ամոթալի, քանզի անկախության համար պայքարած ու այդ պայքարի կենդանի խորհրդանիշի վերածված մարդը չպետք է այս աստիճանի ընկներ՝ վերածվելով Սերժ Սարգսյանի համար մրցակցային ֆոն ապահովող թեկնածուի։

Մի խոսքով, սպասվող ընտրություններն այնքան անհետաքրքիր են, որ անգամ ներքին անցուդարձի մակերեսային ուսումնասիրությունից հետո եվրոպացիներն են ֆիքսել դա, էլ ուր մնաց, թե հայաստանցիներս չֆիքսեինք։ Իշխանության խնդիրն այս պայմաններում թամաշային ճոխ տեսք տալն ու ընտրատեղամասերում մարդ ապահովելն է լինելու։ Իսկ թե ինչ կլինի «ընտրություններից» հետո, լրիվ ուրիշ պատմություն է։ Իրական ու դաժան պայքարն այդ պահից սկսած է լինելու։ Իսկ առայժմ վայելեք մեկ դերասանի թատրոնը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը