Մեկնաբանություն

21.01.2013 10:29


Դեպի անճաշակ Հայաստան (տեսանյութ)

Դեպի անճաշակ Հայաստան (տեսանյութ)

Կեսգիշերվա զանգը հնչելուն պես համացանցը ողողվեց Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակով։ Այն ռաբիսության, քաղքենիության ու գավառականության խառնուրդ է՝ համեմված արհեստական տեքստերով ու կադրերով։ Երգի տեքստի մեջ «ճխտված» են Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» և «Հավատա, որ փոխվես» կարգախոսները։ Արդյունքում ստացվել է ՀՀԿ վերջին համագումարը հիշեցնող մի բան՝ կեղծ և անկենդան։ Այստեղ են ասել, որ երբ բոշի եղը շատանում է, տանում «քսում» է... նախընտրական տեսահոլովակին։

Տեսահոլովակում անճաշակությունն ու քյառթն այնքան շատ են, որ հաստատ կսազի հայկական հեռուստաեթերին, մանավանդ որ «գլուխգործոցին» իրենց մասնակցությունն են բերել 2008թ. ընտրական խայտառակության «հերոսները»՝ Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը։ 

Տեսահոլովակը դիտելիս զգացվում է, որ պատվիրատուն պահանջել է «դոբրիի» մեջ մի «սիրուն» բան ստանալ, բայց ստացվել է շինծու իրականություն, այսինքն այնպիսին, ինչպիսին իշխանությունների վարած քաղաքականությունն է, ինչպիսին նոր ատոմակայանի շինարարությունն  է, ինչպիսին Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելն է, ինչպիսին Գյումրին ծովափնյա քաղաքի վերածելն է, ինչպիսին «Արմենիկումով» սպիդը բուժելն է։ 

Ինչ վերաբերում է տեսահոլովակի գաղափարախոսությանը, ապա այն բոլշևիկյան բնույթի է։ Բոլշևիկներն էլ էին սիրում կյանքի հետ կոնտրաստի մեջ մտնող և իրականության հետ ոչ մի կապ չունեցող քարոզչական նյութեր տարածելն ու կեղծ պաթոսը։ Մի խոսքով՝ Սարգսյանի քարոզիչները մեզ առաջարկում են գնալ դեպի անճաշակ Հայաստան։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Չէի զարմանա, եթե տեսահոլովակի վերջին հատվածում հայտնվեր Սերժ Սարգսյանն ու խրոխտ ձայնով հայտարարեր. «Յա Գարեգին Նժդե»։ Սրանցից ամեն ինչ սպասելի է։

Այս խորագրի վերջին նյութերը