Լրահոս

20.06.2009 13:26


Տիգրան Թորոսյան. «Ավանդական կուսակցությունները վաղուց փոխել են իրենց գործունեության ձևը, սկզբունքները»

Տիգրան Թորոսյան. «Ավանդական կուսակցությունները վաղուց փոխել են իրենց գործունեության ձևը, սկզբունքները»

-Կուսակցությունների բազմազանությունը բովանդակություն չունի,- Արմենական-ռամկավար ազատական կուսակցության (Արմենական-ՌԱԿ) ստեղծմանն անդրադառնալով՝ «7օր»-ին ասել է ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը.

- Հայաստանում 50-ից ավելի կուսակցություններ կան, բայց կայացած կուսակցություն չկա։ Մույս կողմից, մեծամասնություն կազմող կուսակցությունները և ընդդիմության մեջ եղածները միմյանցից էականորեն չեն տարբերվում՝ թե՛ իրենց գործունեության սկզբունքերով, թե՛ շատ հաճախ անգամ մոտեցումներով։ Հետևաբար, ընդհանրապես, նոր կուսակցությունների ստեղծումը Հայաստանում ժամանակի հրամայականն է, բայց անհրաժեշտ են իսկապես լիարժեք և արդիական սկզբունքերի վրա հիմնված կուսակցություններ։ Ցավոք սրտի, հրապարակումները, որ արդեն կան կուսակցության հիմնադիր միջոցառման հետ կապված (ինչ-որ գաղտնիության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի մասին), տարօրինակ դրսևորումներ են արձանագրում, ինչը կուսակցության համար արտառոց է։ Հետևաբար, այսօր հայտարարել, թե այս նոր նախաձեռնությունն իսկապես կլինի Հայաստանի համար անհրաժեշտ դրսևորումների շրջանակում, դժվար է ասել։ Կյանքը ցույց կտա։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունն իշխանությունների կողմից ստեղծվում է ավանդական ՀՌԱԿ-ը քայքայելու նպատակով, Տ. Թորոսյանն ասել է.

-Ավանդական կուսակցություն ասվածը վաղուց սպառել է իրեն, որովհետև կուսակցությունները, որոնց վերաբերյալ այդ բառն օգտագործում են, ՀՀ անկախության վերահաստատումից հետո փոխել են իրենց գործունեության ձևը, սկզբունքները։ Այսինքն՝ էական տարբերություններ կան այսօրվա և մինչ Հայաստանի անկախության վերահաստատումը այդ կուսակցությունների գործունեության մեջ։ Իսկ մնացած գնահատականները՝ թե ով ի՞նչ է ուզում պառակտել կամ այլ խնդիրներ լուծել, կարծում եմ, հետագայի գնահատման խնդիր է, երբ կողմերը հասարակությանը կներակայացնեն իրենց մոտեցումներն ու նպատակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը