Լրահոս

20.06.2009 13:52


Կայացել է Հայկական գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի նիստը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում անցկացնելը, բնականաբար, պատահականություն չէ: Սրանով մենք ցանկացել ենք շեշտել երկու հանգամանք:
Առաջին. ուշադրություն մանկապատանեկան գրականության և նրա սպառողների նկատմամբ,
երկրորդ. ուշադրություն գրադարանների և ընթերցողների նկատմամբ:
Մանկապատանեկան գրականության ու նրա խնդիրների լուծման ուղղությամբ պետությունն անում է որոշակի քայլեր թե հրատարակման, թե քարոզչության առումով, և այդ աշխատանքը հետևողականորեն շարունակվելու է: Արդյոք, բավարար են մեր քայլերը: Միանշամակ՝ ոչ, և այստեղ քննարկելու շատ բան կա: Մանուկ հասակից երեխաներին գրքի հետ կապելը ռազմավարական նշանակություն ունի: Բոլորս սա պետք է գիտակցենք և հասկանանք, որ վաղվա Հայաստանի նկարագիրը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով այսօր մենք կհաջողենք մեր այս ձեռնարկներում:
Երկրորդ՝ ոչ պակաս կարևոր հիմնահարցը գրադարանների վիճակն է: Գրատպության 500-ամյա ավանդույթներ ունեցողները, կարծում եմ, արժանի են ունենալ 21-րդ դարի պահանջներին բավարարող գրադարաններ: Պետությունը վերջին տարիներին հետևողական կերպով գումարներ է հատկացնում գրադարանների վերանորոգման համար: Միայն Ազգային և Ազգային մանկական գրադարանների վերանորոգման համար պետբյուջեի միջոցներից նախատեսված է հատկացնել ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի, ներառյալ մարզային, գրադարանների վերանորոգման համար մեր Միջնաժամկետ ծրագրով նախատեսված է շուրջ 2.5 մլրդ դրամ:
Ես այսօր արդեն քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ՝ նախարարության տնտեսումների հաշվին հնարավորություն գտնել և լրացնել այս տարվա այն աշխատանքի ծավալը, որը նախապես որոշվել էր չկատարել: Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի այս տարի Ազգային և Ազգային մանկական գրադարանների համար նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվեն:
Հանձնարարել եմ նաև ֆինանսների նախարարությանը, որպեսզի 2010թ. պետական բյուջեում ներառեն այս երկու գրադարանների համար մնացած բոլոր ծախսերը: Հաջորդ տարեվերջին մենք պետք է ունենանք ամբողջովին վերանորոգված և ժամանակակից երկու ազգային գրադարան:
Բայց խնդիրը պետք է շատ ավելի լայն դնենք և գրադարանները պետք է լինեն ոչ միայն նորոգված ու հարմարավետ, այլև արդիական: Մեր գրադարանների ծառայությունների մակարդակի բարձրացումը, նոր տեխնոլոգիաներին համապատասխան վերազինումը, կարծում եմ, պարտադիր պայման է այս գործում:
Ժամանակին, երբ արվեց գրատպության գյուտը, աշխարհում գրքի, գիտելիքի և տեղեկատվության տարածման արագությունները բազմապատկվեցին: Դա բացառիկ խթան էր ողջ մարդկության լուսավորության և զարգացման համար: Ժամանակի հայ մտածողներն առաջիններից մեկը հասկացան դրա մեծ նշանակությունն ու անփոխարինելիուությունը մեր ժողովրդի առաջընթացի համար: Այսօր նմանատիպ հեղափոխություն է տեղի ունենում աշխահում, երբ համակարգիչների լայն կիրառմամբ կրկին բազմապատկվում են արագությունները, և մենք ընդհանրապես և մեր գրադարանները՝ մասնավորապես, իրավունք չունենք ետ մնալ այս գործընթացներից:
Հանձնարարում եմ մշակույթի, գիտության և կրթության նախարարություններին և Գիտությունների ազ

  • ային ակադեմիային՝ միասին մշակել և մինչև ընթացիկ տարվա վերջ այս հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տեխնիկական արդիականացման համալիր ծրագիր: Մենք ի վիճակի ենք մեր ուժերով նման ծրագիր կազմել և այն պետք է հենվի երկու առանցքային սկզբունքների վրա՝

առաջին. ազգային գրադարանները պետք է հասանելի լինեն համացանցում,
երկրորդ. աշխարհում մեծ թափ առնող էլեկտրոնային շտեմարանները պետք է հասանելի լինեն այս գրադարանների ընթերցողների համար»:
Նախագահ Սարգսյանի խոսքից հետո հանձնաժողովը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը:
Ընթացիկ աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նա ներկայացրել է նախատեսվող միջոցառումների հիմնական ուղղությունները: Հանձնաժողովը քննարկումների արդյունքում որոշել է միջոցառումների ծրագրի նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում նոր առաջարկություններով ու դիտողություններով համալրելուց հետո հաստատել որպես մեկնարկային ծրագիր:
Հանձնաժողովի նախորդ նիստում Մշակույթի նախարարությանը հանձնարարվել էր անցկացնել Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումների խորհրդանիշների մրցույթ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը ներկայացրել է մրցույթի արդյունքները: Հոբելյանական տարվա խորհրդանիշների ստացված 8 տարբերակների միջև ընտրություն կատարելու համար որոշվել է ներգրավել մասնագիտական խումբ:
Քննարկվել է նաև հոբելյանական միջոցառումների շրջանակում գրքի և տպագրության միջազգային ընթացիկ միջոցառումներից որևէ մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորության հարցը:

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը