Մեկնաբանություն

22.01.2013 16:47


Սերժը թող գնա Անդրեասի մոտ ու հացադուլ անի

Սերժը թող գնա Անդրեասի մոտ ու հացադուլ անի

Ինչպես հայտնի է, լրատվական դաշտի գեղամյանները Մաշտոցի պուրակի «հերոսամարտն» իր նշանակությամբ հավասարեցրել էին Ավարայրի ճակատամարտին ու Սարդարապատի գոյամարտին։

Երբ պուրակային «պայքարը» հասավ իր գագաթնակետին, «մարտի» դաշտում հայտնվեց քաղաքացիականության քայլող մարմնավորում Սերժ Սարգսյանն ու արտասանեց իր հայտնի՝ «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» նախադասությունը։ Դրանից հետո նույնիսկ անչափահասներն ու անմեղսունակները հասկացան, որ մասնակից են դարձել մի շոու–ծրագրի, որի հիմնական նպատակն ԱԺ ընտրություններից առաջ թամաշա սարքելն էր։

Մաշտոցի պուրակում կռված տղա Անդրեաս Ղուկասյանն այժմ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և քարոզարշավի մեկնարկային փուլում հացադուլ հայտարարել։

Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է որ հացադուլի ամենակուլմինացիոն պահին (երբ հացադուլավորի պուլսը վտանգավոր նշաններ ցույց կտա) Սերժ Սարգսյանը գնա նրա մոտ և «Սիրո՛ւն չի» տարբերակով մի բան ասի, այլապես կստվերվեն «լավ ընտրությունները»։

Է՛լ ավելի հանդուրժող ու քաղաքացիական երևալու համար՝ ՀՀԿ ղեկավարը ճիշտ կանի, որ մի երկու ժամով միանա հացադուլին ու ինքն էլ բողոքի ԿԸՀ–ի դեմ՝ նախապես հայտարարելով, թե դեմ է 100 տոկոս ձայն ստանալուն, ու ճիշտ կլինի, որ Տիգրան Մուկուչյանը հակաժողովրդավարական քայլի չգնա ու գոնե 80 տոկոս քվե հայտարարի իշխանության թեկնածուի օգտին։

Եթե Սերժ–Անդրեաս համատեղ հացադուլին միանան նաև ՀՀԿ ղեկավարի քարոզչական պաշտպանության տակ հայտնված «վաստակաշատ մրցակիցներ» Րաֆֆին ու Պարույրը, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ Հայաստանում երկու ժամով ազգային համերաշխության ու միակամության մթնոլորտ է ձևավորվել։ Իսկ եթե Հրանտ Բագրատյանն էլ գիտական լուրջ հաշվարկներ ներկայացնի, թե որքան շահեց ՀՀ տնտեսության պարենային մասը նշյալ գործիչների հացադուլի արդյունքում, ապա ապահով Հայաստանի պատկերն ամբողջական կդառնա։ Եվորպացի դիտորդներին այդ դեպքում այլ բան չի մնա, քան հայտարարել, որ այս ընտրությունները քայլ առաջ էին ժողովրդավարության ու հանդուրժողականության առումով։

Նախագահականի քաղտեխնոլոգները ճիշտ կանեն, որ արդեն մշակեն Սերժի՝ Անդրեասին «հանպատրաստից» այցելելու սցենարը, որպեսզի կարողանան բազմաչարչար հայ ժողովրդին մատուցել Սերժ Սարգսյանի մարդամոտ ու կարեկցող կերպարը։ Դե, ձեզ տեսնենք։ Շտապե՛ք, քանզի Անդրեասն ամեն պահի կարող է դադարեցնել հացադուլն ու փոզմիշ անել նկարագրածս «գյոզալական» սցենարը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը