Խմբագրական

16.05.2010 17:54


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 8

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 8

սկիզբը՝ տե՛ս

Սերժ Սարգսյանի երազած «մեկ մարդու կամ մեկի օլիգարխի տնտեսությունը» ենթադրում է նաև «մեկ մարդու քաղաքական համակարգ», որի նախնական մոդելին մենք ականատես ենք լինում Երևանի կառավարման օրինակով։

Իսկ մայրաքաղաքում վիճակն այսպիսին է՝ կա մեկ մարդ (տվյալ դեպքում՝ Գագիկ Բեգլարյանը), ու նրա բոլոր որոշումներն առանց քննարկման ընդունելու և քաղաքապետի վսեմաշուք կերպարը գովերգելու պատրաստ ՀՀԿ-ական անդեմ մեծամասնություն։ Բեգլարյանի շուրջ առկա են պալատական մտավորականներ, որոնք կոչված են ապահովելու Երևանի օրենսդիր մարմնի մտավորական անտուրաժը և քաղաքակիրթ տեսք տալու Գագիկ Բեգլարյանի միանձնյա կառավարմանը։

Բեգլարյանի մոնոպոլիզմին մի քիչ դիմադրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ղեկավար Արման Վարդանյանով։ Բայց անկեղծ ասած՝ ԲՀԿ-ի էպիզոդիկ ընդդիմացումը գրեթե ոչինչ չի փոխում նախ այն պատճառով, որ կոալիցիոն «ոխերիմ բարեկամների» շարքերի միջև պայքարը վերևներում անընդհատ «ստոպ» է տրվում և կողմերը վերադառնում են ելման դիրք։ Եվ հետո՝ եթե նույնիսկ ԲՀԿ-ն որոշի ամբողջական ընդդիմություն լինել Երևանում, ապա չի կարողանա ազդել որոշումների ընդունման վրա, քանի որ ՀՀԿ-ն հսկիչ փաթեթ ունի մայրաքաղաքում և ցանկացած որոշում կարող է միայնակ անցկացնել։

Իսկ ընդհանրապես՝ քաղաքապետարանի գործունեության շուրջ գերեզմանային անդորր է։ Երևանցիների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, քանի որ ավագանու նիստերում քննարկումներ, մտքերի բախումներ չեն լինում։ Համընդհանուր «ադաբրյամսի» մթնոլորտում ընդունվում են Գ. Բեգլարյանի բոլոր առաջարկները, Երևանի բյուջեի բաշխումները և ավագանու գործը դրանով ավարտվում է։ Այսօր մեր քաղաքացիներից քանի՞սն է տեղյակ, թե ի՞նչ է կատարվում Երևանի բյուջեի հետ, ի՞նչ որոշումներ են ընդունվում, հաշվետվություն տալի՞ս է արդյոք երևանյան նշանակության «Սերժ Սարգսյանը», թե՞ ոչ։

Մայրաքաղաքի ավագանին հիմնականում լցրել են մսրյաններով ու աստղիկգևորգյաններով, ովքեր քծնանքի հուշ-երեկոներ են կազմակերպում Գ. Բեգլարյանի համար, իսկ պետք եղած ժամանակ' «մեծապատիվ» թամադայի կարգավիճակում են հանդես գալիս, քանի որ կախված են մեկ մարդուց։ Սա՛ է Սերժ Սարգսյանի երազածը, որը համայնավարների սիրած հին ու «բարի» կառավարման տարիներն է հիշեցնում և շատ մոտ է Սափարմուրատ Թուրքմենբաշու կառուցած մոդելին։

ՀՀԿ «ճկուն» ղեկավարի երազած պետության մեջ անհրաժեշտ է այնպիսի ԱԺ և համայնքների ավագանիներ, որոնք վերևից եկած որոշումներն ու հրահանգներն ընդունում են ճիշտ այնպես, ինչպես կթվորուհիները, նոմենկլատուրային մտավորականները, բանվորներն ու կոլտնտեսուհիներն էին ձեռքերը վեր բարձրացնում ՍՍՀՄ Գերագույն խորհրդում։

Իշխանության ուզածն այն է, որ պետական կառավարման բոլոր մակարդակներում հասարակությունը հեռացվի քաղաքական կյանքից։ Այսինքն՝ նրանց պատկերացրածը անգլիացի գրող Ջորջ Օրուելի նկարագրած անասնաֆերմայի պես մի բան է, որտեղ բոլոր «անասունները» հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար, և բոլորը միասին անվերապահորեն ենթարկվում են ղեկավար «խոզին», իսկ եթե չեն ենթարկվում, ապա «խոզի» «գամփռ շներն» անմիջապես հարձակվում են «անասունների» վրա ու սկսում «կծոտել»։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանն իրոք ուզում է մաքրել խորհրդարանը գործարար ու մականունավոր պատգամավորներից, և սարքել այնպիսի խորհրդարան, որի կազմի նախնական ցուցակը ներկայացված է Երևանի ավագանում։ Այսինքն, ցանկություն կա ավելի հլու-հնազանդ ԱԺ ունենալ, քան այժմ կա։ Ցանկություն կա մերթ ընդ մերթ դիմադրության նշաններ ցույց տվող «անլեզուներին» փոխարինել «լեզվանի» քծնողներով, որոնք անվերապահորեն, ոսկեղենիկ հայերենով, դերասանական վարպետությամբ ու բոլշևիկյան էնտուզիազմով կգովերգեն «Թուրքմենբաշուն»՝ դրա դիմաց պահանջելով չնչին քանակության «կոռմ», բազում կոչումներ ու շքանշաններ, ինչպես նաև քծնելու լայն «ֆռոնտ»։

Հարց - «Ներկա խորհրդարանի մեծամասնությունը չի՞ ենթարկվում Սերժ Սարգսյանին, որ նա պետք է ձգտի փոխել իր այդ հենարանը»։

Ճիշտ է, այս խորհրդարանի մեծամասնությունը ենթարկվում է նախագահականից եկող բոլոր ցուցումներին և պարտաճանաչ ձևով իրականացնում է կոճակ սեղմելու իր գործառույթը, բայց մինչև այն պահը, քանի դեռ չի ոտնահարվել պատգամավորական բիզնես կլասի անձնական շահը։ Բիզնեսին վերաբերող օրինագծերի քննարկումներն ասվածիս վառ ապացույցն են։ Գործարար պատգամավորները «ատամ» ցույց տվեցին Սերժ Սարգսյանին և հասկացրեցին, որ սեփական շահերը կարող են պաշտպանել։

Գործարարները, հակադրվելով նախագահականից եկած մի շարք օրինագծերի, ակամայից պայքարեցին շուկայական տնտեսության և մասնավոր սեփականության վերջնական ոչնչացման դեմ։ Իսկ դա ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին, քանի որ նրա պատկերացրած երկրում պետք է լինի մեկ բիզնեսմեն և բազում «անասուններ»։ Հետևաբար, գործարար պատգամավորներն ու սեփական շահի գիտակցություն ունեցող մականունավորները միայն կարող են խանգարել Սարգսյանին՝ իր այդ ծրագրերի իրականացման ժամանակ։

Եթե Սարգսյանին հաջողվեց «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, ապա կարելի է ընդհանրապես մոռանալ ժողովրդավարության և պետության մասին։ Պետք է շատ հստակ գիտակցել, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լինի քաղաքական ժողովրդավարություն առանց մասնավոր սեփականության վրա հիմնված շուկայական տնտեսության։ Չկա շուկա՝ չկա և ժողովրդավարություն։ Սա քաղաքագիտական կանոն է։

Ի դեպ, հնարավոր է շուկայական տնտեսություն առանց ժողովրդավարության։ Հայտնի է Դեն Սյաոպինի «Լիբերալ տնտեսություն առանց լիբերալ դեմոկրատիայի» մոդելը, որը մինչև այժմ կիրառվում է Չինաստանում։ Բայց հակառակը չի լինում։

Ուրեմն եթե մենք ուզում ենք ժողովրդավարական համակարգ ունենալ, նախ պետք է պայքարենք միջին խավի ձևավորման և, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսի ազատությունների և մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանության համար։

Հարց - «Հիմա ի՞նչ՝ մականունավորների խորհրդարա՞նն է լավը, թե՞ ծախու, բայց, այնուամենայնիվ, գրագետ մարդկանց, թեկուզև քծնող մտավորականության խորհրդարանը»։

Անմիջապես ասեմ՝ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Այն խորհրդարանն ու իշխանությունն են արդյունավետ և լեգիտիմ, որոնք ներկայացնում են հանրության լայն շերտերին։ Ծայրահեղացված օրինակ կարող եմ բերել. մի ժամանակ Իտալիայի խորհրդարանի պատգամավոր էր դարձել պոռնոաստղ Չիչոլինոն, բայց իտալացիները չէին ասում, թե այդ խորհրդարանը լեգիտիմ չէ։ Ուստի՝ կարևորն այն է, որ ժողովրդի մեծամասնության շահերը ներկայացված լինեն, իսկ փոքրամասնությունն էլ հնարավորություն ունենա օրենսդրորեն պաշտպանվելու և հետագայում մեծամասնություն դառնալու։ Իսկ թե այդ ընթացքում պատգամավորի անուն-ազգանունն ինչ կլինի՝ էական չէ։ Դեպքերի նման զարգացումը, համոզված եմ, կբերի նրան, որ ԱԺ-ում կհայտնվեն պրոֆեսիոնալներ։

Այսօրվա մեր ԱԺ-ն լեգիտիմ չէ ոչ թե այն պատճառով, որ մականունավորներն այնտեղ շատ են, այլ այն պատճառով, որ հասարակության մեծամասնության և, մասնավորապես, միջին խավի շահերը ներկայացնող քաղաքական ուժ ԱԺ-ում չկա։ Պարզունակ է այն տեսակետը, որ եթե այսօրվա մականունավորների փոխարեն մսրյաններին, պալատական «վերլուծաբաններին» ու «այ էմ ը թեյբըլ» ոճի և «դիսքաշըն» սիրող նորաթուխ կոմսոմոլին դարձնենք պատգամավորներ, ապա «էս երկիրը երկիր կդառնա»։ Ընդհակառակը՝ ուսյալ, բայց անսկզբունք, միայն ստամոքսային շահ ունեցող ու բացառապես նախագահականի ցուցումների սպասող «մեծապատիվ անասունը» ավելի վտանգավոր է, քան սեփական շահի գիտակցություն ունեցող մականունավորը։ Ասվածիս վառ ապացույցը հայ-թուրքական գործընթացն էր, երբ եթերը ողողված էր կրթված «անասուններով», որոնք իրենց մասնագիտական պարտքը ժողովրդի առաջ կատարելու փոխարեն՝ Ս. Սարգսյանի «իմաստուն» քայլերի գովքով ու մարդկանց ուղեղների լվացմամբ էին զբաղված։

Հաստավիզ սափրագլուխներով շրջապատված մականունավորը ալերգիա է առաջացնում, բայց էլ ավելի զզվելի է նիհարավուն կազմվածք ունեցող, խելացի մարդու կերպարի մեջ մտած «աչկարիկներով» շրջապատվածը։ Իրական սափրագլուխները հենց այդ «մտավորականությունն» է, որոնցից շատ կան Սերժ Սարգսյանի շուրջը։ Պարզապես այդ «սափրագլուխները» հանդես են գալիս քաղաքագետի, տնտեսագետի, վերլուծաբանի, թուրքագետի, արվեստագետի, կուսակցապետի, մտավորականի և պատմաբանի կարգավիճակով, և տպավորություն է ստեղծվում, թե զուտ չափերով մեծ վիզ ունեցողներն են «էս երկիրը քանդում»։ Անշու՛շտ, նրանք էլ են քանդում, բայց «լեզվանի անասուններից» վնասն ավելի շատ է։ Ո՞վ ավելի մեծ վնաս հասցրեց մեր երկրին, երբ Սարգսյանը թուրքական «վոյաժներ» էր անում՝ «անլեզու» մականունավո՞րը, թե՞ լեզվանի սազանդարները։ Ըստ իս՝ երկուսն էլ, բայց ավելի շատ էր վնասը «մեծապատիվ մուրացկաններից»։ Հաստավիզները գոնե չէին խոսում «թուրքի օրհնված ոտքի մասին», իսկ «մեծապատիվները» ինքնամոռաց քարոզ էին անում, միայն թե դուր գային «Թուրքմենբաշուն»։

Միգուցե մականունավորները չէին խոսում քիրվայության անհրաժեշտությունից, քանի որ հրանգ չէի՞ն ստացել։ Միգուցե։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող քարոզն անելու առաքելությունը դրվեց կրթյալ «անասունների» վրա, որոնք ճիշտ և ճիշտ նույն ձևով էին քարոզում հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես Օրուելի «Անասնաֆերմայում» ոչխարներն էին կրկնում «Չորս ոտքը լավ է, իսկ երկուսը՝ վատ» կարգախոսը։

. . .

Անցումային փուլում իշխանությունը նախևառաջ ազգային բուրժուազիայի բոլոր մակարդակների շահերը ներկայացնողը պետք է լինի, քանի որ այս պահին միայն բուրժուազիան է հասարակության ամենակազմակերպված, կարող ու իր շահերի հստակ գիտակցությամբ օժտված հատվածը։ Պետության շարժիչ ուժն այս փուլում բուրժուազիան է ու լայն իմաստով միջին խավը։

Եթե ուզում ենք ունենալ ժողովրդավարություն և պաշտպանված իրավունքներ՝ նախ պետք է մտածենք սեփականության պաշտպանության մասին։ Եթե սեփականությունը պաշտպանված չէ՝ ընտրությունները միշտ էլ կկեղծվեն։ Իսկ պաշտպանված սեփականությունը հնարավորություն կտա ունենալ կայացած ազգային բուրժուազիա, որն էլ իր հերթին կնպաստի վարձու աշխատողների ինքակազմակերպմանը, հզոր արհմիությունների առաջացմանը և ձախերի քաղաքական լուրջ գործոն դառնալուն։ Ժողովրդավարական անցման այլ տարբերակ ինձ հայտնի չէ։

Այս ամենի իրագործումը հնարավոր է միայն ազգային-դեմոկրատականփոփոխությունների արդյունքում։ Այդ դեպքում և՛ լիբերալ-դեմոկրատները, և՛ սոցիալ-դեմոկրատները, և՛ պահպանողականները հնարավորություն կստանան մրցակցային քաղաքական պայքարում առաջ մղել իրենց ծրագրերը՝ միմյանց փոխարինելով պետական կառավարման համակարգում։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը