Մեկնաբանություն

25.01.2013 12:58


Փաշինյանի առաջարկը, Աշոտյանի նոր գործը և պաթոլոգանատոմիան

Փաշինյանի առաջարկը, Աշոտյանի նոր գործը և պաթոլոգանատոմիան

Եթե համախոհներ ես փնտրում, ապա զրոներ փնտրիր։ Սա ասել է աշխարհի ամենացինիկ և ինքնահավան փիլիսոփաներից մեկը։

Դժվար է ասել, թե արդյոք իրեն Մեսիայի դերում պատկերացնող Նիկոլ Փաշինյանը ծանո՞թ է այդ փլիսոփայի աշխատանքներին ու հայացքներին, բայց դատելով ամենից՝ ինքն այդ փիլիսոփայի գաղափարակիցն է, քանզի ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ աշխատելուց ազատ ժամանակ զբաղված է զրոների տենդագին փնտրտուքով։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած համեստագույն քաղաքացիական պայմանագիրը, որի մի կողմում ինքն է («... և այդ մեկ մարդը դու չես, այլ ես եմ» թեմայով), իսկ մյուս կողմում՝ «1+1+1+…+1=0» սկզբունքով իրեն պոտենցիալ միացողները, մեծ հավանության է արժանացել հակաիշխանական դաշտի դարդուցավով տառապող իշխանության կողմից (նախագահականում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել «փողոցը» ՀԱԿ–ի ձեռքից վերցնելու խնդիրը, և այդ իսկ պատճառով «ռասկրուտկա» են անում բոլոր նրանց, ովքեր կարող են գոնե նպաստել «փողոցի» փոշիացմանը)։

Նախագահական ընտրություններին ընդառաջ հայտնի պատճառներով պարապության մատնված Արմեն Աշոտյանն առաջինն արձագանքեց Նիկոլի պայմանագրին ու շտապեց PR անել այն (տե՛ս http://tert.am/am/news/2013/01/24/armen-ashotyan-nikol-pashinyan/

Ճիշտ է, ըստ «Հայկական ժամանակի» ղեկավարի առաջարկած կետերի՝ նախարար Աշոտյանը չի կարող միանալ այդ պայմանագրին, բայց PR անել կարող է, ինչով էլ զբաղված է նախարարը «Ժառանգության» ղեկավարին քարոզչական աջակցություն ցուցաբերելուց և չար մարդկանցից Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտպանելուց ազատ ժամանակ։

Եվ այսպես, Աշոտյանի ու պետական հիմնարկների մյուս աշխատակիցների ֆունկցիան վերաիմաստավորվել է։ Երբ Ծառուկյանը և Տեր–Պետրոսյանը չառաջադրվեցին, տարատեսակ պաշտոնյաների ու նրանց «ֆեյքերի» կյանքը Բաղրամյան 26–ի համար մի տեսակ անիմաստ դարձավ, իսկ աշոտյանները՝ չպահանջված։ Սակայն, ինչպես ասում են, տաշած քարը գետնին չի մնում։

Սերժ Սարգսյանին հիմա պետք են «մրցակցային ընտրություններ», ինչը նշանակում է, որ աշոտյանները պետք է լծվեն «մրցակիցների» օգտին քարոզ անելու գործին և պաշտպանեն «ընդդիմադիրներին», իսկ ձեռքի հետ էլ «քաղաքացիականությամբ» զբաղվեն ու որպես քաղաքագետ գնահատեն Նիկոլի դարակազմիկ առաջարկը։

 Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Եթե Աշոտյանն իր պարտքն էր համարել կամ առաջադրանք էր ստացել անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ապա լավ կլիներ, որ նա դա աներ ոչ թե որպես քաղաքագետ, այլ որպես բժիշկ, քանզի Նիկոլի «քաղաքացիական» այդ պայմանագիրը դրա հեղինակի դիագնոզն է պարունակում, և հետաքրքիր կլիներ լսել պաթոլոգանատո՛մ Աշոտյանի անաչառ կարծիքը։

Հ.Գ.–2։ Ժողովո՛ւրդ, զգո՞ւմ եք, թե Հայաստանում ինչպիսի համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել։ Սերժ Սարգսյանն անթաքույց քարոզում է իր մրցակիցներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի օգտին, Բաղրամյան 26–ի տակ աշխատող բոլոր տիպի կախյալ ու «անկախ» լրատվամիջոցներն ընկած են Րաֆֆիի հետևից ու բաց չեն թողնում ոչ մի կադր, ոչ մի ծամածռություն, ոչ մի մառազմատիկ ակցիա։ Դե, իսկ Արմեն Աշոտյանը խանդավառված է Նիկոլ Փաշինյանով։ Ահա այսպիսի բարի մթնոլորտում են անցնում ընտրությունները. Սերժից մինչև Րաֆֆի, Աշոտյանից մինչև Փաշինյան բոլորը համերաշխ են ու համատեղ ուժերով պայքարում են ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։

Այս խորագրի վերջին նյութերը