Լրահոս

22.06.2009 13:33


Տիգրան Սարգսյանը ԼՂՀ–ում մասնակցել է «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին

Տիգրան Սարգսյանը ԼՂՀ–ում մասնակցել է «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին մասնակցող պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այնուհետեև նա մասնակցել է «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության և «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնի միջոցով։
«Պետություն և բիզնես.երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով համաժողովի օրակարգում Արցախի և նրա տնտեսության առկա խնդիրների նկատմամբ հայաստանյան և օտարերկրյա գործարարների մեջ հետաքրքրքություն առաջացնելու և ներդրումների համար գրավիչ դարձնելու հարցերն էին։
Բացելով համաժողովը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սփյուռքին և Հայաստանին՝ տարիներ շարունակ ցուցաբերած մարդասիրական օգնության համար և ընդգծել, որ Ղարաբաղի բնակչության բարեկեցության հիմքը առաջին հերթին Հայաստանի հետ փոխշահավետ առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումն է։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում շեշտել է համաժողովին մեծ թվով գործարարների մասնակցությունը, ինչը կարևոր ազդակ է բիզնես-միջավայրի ձևավորման առումով։ Արցախի ամենահեռանկարային ոլորտներն են գյուղատնտեսությունը, լեռնահանքային և վերամշակող արդյունաբերությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը։ Սակայն կարևոր է, որ գործարարներն իրենք «բիզնեսի աչքով» տեսնեն եղած հնարավորությունները և զարգացման հեռանկարները։ ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂՀ տնտեսությունը ավելի արագ զարգանա, քան ՀՀ տնտեսությունը։ ԼՂՀ բնակչության կենսամակարդակը նույնպես պետք է ավելի բարձր լինի, քանի որ Արցախում լուծվում են ոչ միայն տեղի բնակչության, այլև Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային ինքնության, Հայկական աշխարհի խնդիրները։
Երեկոյան ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել երկու պետությունների կառավարությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստ։ Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Վարչապետները կարծիքներ են փոխանակել նաև ԼՂՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ, ընդգծելով, որ կառավարությունների հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման խրախուսումը։
Նիստում ամփոփվել են մինչ այդ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքները, նախանշվել համագործակցության առաջիկա ուղղություններն ու ծրագրերը։
Նիստից հետո երկու պետությունների կառավարությունների անդամները՝ վարչապետների գլխավորությամբ ներկա են եղել Շարլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում կազմակերպված համերգային ծրագրին։

Այս խորագրի վերջին նյութերը