Լրահոս

22.06.2009 13:35


Սերժ Սարգսյան. «Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ»

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին:

Հանրապետության Նախագահը կարևորելով Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր, ասել է. «Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ, և վստահ է, որ դրա համար կա բավականաչափ ներուժ»: Սերժ Սարգսյանը շատ էական է համարել, որ երկու երկրները չունեն հարաբերությունները զարգացնելու համար որևէ խոչընդոտող հանգամանք:

Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իր երկրի պատրաստակամությունը: Նա կարևորել է փոխայցելությունների ակտիվացումը, և նշել, որ դրանք թույլ կտան քննարկել բոլոր այն հնարավորություններն ու միջոցները, որոնք կօգնեն երկկողմ գործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Էմիրությունները մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, և մեր երկիրը ցանկանում է առավել խորացնել համագործակցությունը: Նախագահն առաջարկել է ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով՝ վստահեցնելով, որ այն երկկողմ գործակցությունը խթանելու շատ արդյունավետ գործիք է, և Հայաստանը նման փորձ ունի շատ երկրների հետ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը և ԱՄԷ արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախագահ Սարգսյանը նաև երախտագիտությամբ ընդգծել է Միացյալ Էմիրությունների հավասարակշիռ քաղաքականությունը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը