Մեկնաբանություն

01.02.2013 12:07


«Վարկածների» շքահանդես Հայրիկյանի թեմայով

«Վարկածների» շքահանդես Հայրիկյանի թեմայով

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ կապված բազմաթիվ կարծիքներ են հնչում։ Անկեղծ ասած՝ հանցագործության մոտիվի ու վարկածների մասով այնպիսի անհեթեթություններ են դրվել շրջանառության մեջ, որ պարզապես զարմացնում է։ Կոնսպիրոլոգները տարերքի մեջ են. թեմա է ի հայտ եկել։

Հեռուստասերիալների և դավադրությունների տեսության սիրահարների համար ամեն ինչ «պարզ» է։ Նրանք ամեն ինչ «գիտեն»։

Սոցիալական ցանցերում նույնպես կարելի է բազմաթիվ անհեթեթությունների հանդիպել։ Տեղի ունեցածի մեջ անգլիացիների, ռուսների, թուրքերի, ամերիկացիների ու ԿԳԲ–ի հին «շկոլայի» ներկայացուցիչների ականջները տեսնողների պակաս չկա։ Ընդ որում՝ միջին վիճակագրական յուրաքանչյուր հայ «Շերլոկ Հոլմս» կամ «Էրքյուլ Պուարո» դեմքի լուրջ արտահայտությամբ պնդում է, որ ինքը գիտի, թե ինչն ինչոց է։ Իրականում շատերը Վաթսոնից ու Հաստինգսից այն կողմ չեն ձգում և իրենց վարկածներով նույնքան բթամիտ են, որքան դետեկտիվ ժանրի գրականության հայտնի հերոսների օգնականները։

Դե իսկ ինչ վերաբերում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների հայտնած տեսակետներին, ապա այստեղ էլ պատկերը շատ չի տարբերվում վերը նկարագրվածից։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, օրինակ, գիտի, որ Հայրիկյանի դեմ կատարված հանցագործության հետևում քաղաքական ուժեր կան կանգնած։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե կրակոցից շատ չանցած ինչպե՞ս է հաջողվել խորհրդարանի խոսնակին պարզել քաղաքական ուժերի հետքը։ Ինչևէ։

Այն, որ այս ամենը ձեռնտու չէ որևէ մեկին, ակնհայտ է։ Լավ կլինի, իհարկե, որպեսզի ոստիկանությունն արագ բացահայտի հանցագործությունը և դրանով վերջ տա տարատեսակ խոսակցություններին, բայց փորձը ցույց է տվել, որ մեր իրավապահները մասնագիտացած են քաղաքական հետապնդումներ իրականացնելու, շրջիկ խմբերին ընտրությունների ժամանակ մենեջմենթի ենթարկելու և նմանատիպ այլ բաների, բայց ոչ հանցագործություններ բացահայտելու մեջ։ Այնպես որ մենք դեռ երկար ժամանակ ականատես կլինենք անհեթեթ վարկածների շքահանդեսին։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը