Մեկնաբանություն

02.02.2013 02:05


Կրակոց և թամաշա

Կրակոց և թամաշա

Չնայած Սերժ Սարգսյանի թիմից տարածեցին, թե Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածի պահով որոշում է կայացվել, որ հրաժարվում են քարոզարշավից ու տեսահոլովակ ցուցադրելուց, սակայն իրականում ամբողջ եթերը, համացանցն ու ռադիոն լցված էր Սերժ Սարգսյանի քարոզով։

Իսկ հրաժարվել էր ՀՀԿ ղեկավարը նախատեսված հանդիպումներից այն պարզ պատճառով, որ ձայնը կտրված էր, և եթե Հայրիկյանի դեպքը չպատահեր, ապա միևնույն է՝ չէր կարողանալու նախընտրական հանդիպում ունենալ։ Այնպես որ, հայ ժողովրդի վրա թող թանկ գնով չծախեն «Սերժ Սարգսյանը, հանուն իր մրցակցի հետ համերաշխության, հրաժարվում է քարոզարշավից» անունը կրող էժանագին ապրանքը։ Սա՝ Սերժի «հումանիզմի» մասով։

Ինչ վերաբերում է բուն կրակոցին ու դրան հետևած քաղաքական թամաշային, ապա բոլորն իրենց դերի մեջ են։ ՀՀԿ–ական օդիոզ դեմքերը, մահափորձից րոպեներ անց, կազմ ու պատրաստ մեկնաբանություններ էին տալիս, Ֆեյսբուքում գրառումներ թողնում և դեմքի լուրջ ու սրտաճմլիկ արտահայտությամբ վարկածներ առաջ քաշում։ Քիչ անց ՀՀԿ–ականներին միացան «Մարի Յովանովիչի վերջին օրերի վկաները»՝ Սերժ Սարգսյանի անդավաճան մշակներ Դավիթ Շահնազարյանը և վերջինիս հավասարեցված «ընդդիմադիր» ու «թունդ արևմտամետ» մյուս գործիչները։ Ի դեպ, նրանց մեկնաբանություններն ու վարկածները չէին տարբերվում ՀՀԿ–ականների առաջ քաշած «գեներալնի լինյայից»։  Տպավորությունն այնպիսին էր, կարծես նշյալ սուբյեկտները, մինչև Հայրիկյանի վիրավորվելը, արդեն ծանոթացել են մեկ կենտրոնում մշակված տեսակետի հետ և այդ իսկ պատճառով շտապել են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր ղեկավարությամբ գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որպեսզի միկրոֆոն տեսնելիս խոսեն։

Ինչպես և սպասվում էր, վերջում Մաշտոցի պուրակ, կներեք՝ հիվանդանոց ժամանեց Ինքը՝ Թռչկանի ջրվեժն իշխանությունների ձեռքից փրկած ՀՀ թիվ մեկ ընդդիմադիր գործիչ Սերժ Սարգսյանը։ Այս անգամ «Սիրո՛ւն չի» կշտամբանքն ուղղված էր ոչ թե Տարոնին, այլ բոլոր այն չար ուժերին, որոնք, ըստ Սարգսյանի, ուզում են հարամել այս «գյոզալական» ընտրությունները։ Փաստորեն, Սարգսյանը ոստիկանությունից, ԱԱԾ–ից ու դատախազությունից ավելի շուտ է հայտնաբերել մեղավորներին։ Մնում է, որ այդ լոդրները վերջնական տեսքի բերեն պաշտոնական վարկածը և հուսախաբ չանեն իմաստուն Առաջնորդին։ 

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակների առանձնահատկությունները՝ չի բացառվում, որ շուտով մեզ կներկայացնեն մի նյութ, որտեղ Հայրիկյանի վրա արձակած կրակոցը և Սերժ Սարգսյանի հիվանդանոց գնալը կներկայացվի որպես քայլ դեպի ժողովրդավարություն և դեպի ապահով Հայաստան։

Չի բացառվում նաև, որ այս պատմությունը ներկայացվի որպես Սարգսյանի նախընտրական խոստման իրականացում՝ «Մենք ներդնելու ենք երկխոսության մշակույթը» թեմայով. դեմագոգիան չափ ու սահման չի ճանաչում։

Եվ այսպես, քարոզարշավից «հրաժարված» իշխանություններն ամբողջ օրը քարոզ արեցին՝ այդ գործի մեջ ցինիկաբար ներգրավելով նաև տուժող կողմին՝ Պարույր Հայրիկյանին։

Ի՞նչ պակաս քարոզ էր, օրինակ, այն, որ առավոտից–երեկո տարատեսակ ՀՀԿ–ականների, դավիթշահնազարյանատիպ «ընդդիմադիրների» և «անկախ» լրատվամիջոցների կողմից տարածվեց այն միտքը, թե որքան է տուժել խեղճ Սերժ Սարգսյանը... Պարույր Հայրիկյանի վրա արձակած գնդակից։ Քիչ է մնում մեզ համոզեն, որ իրականում տուժել է Սարգսյանը, իսկ Հայրիկյանի մարմնից ընդամենը գնդակ են հանել։

«Կրակել են Հայրիկյանի մարմնի վրա, բայց խոցել են Սարգսյանի հանդուրժող և ժողովրդավար հոգին»,–մարդկանց ականջին «լապշա» են ուզում կախել  «մուտիլովկաների» մեջ մասնագիտացած քարոզիչները։

Մեզ մնում է առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել Հայրիկյանին ու ցանկանալ, որ նա արագ ոտքի կանգնի, այլապես ակամայից կարող է վերածվել իշխանությունների PR–պերսոնի (եթե արդեն իսկ չի վերածվել)։ Եվս մեկ–երկու հարցազրույց «պուպուշ» իշխանությունների և դրսի մութ ուժերի մասին, և Հայրիկյանին ամեն օր կպտտեցնեն հեռուստաեթերով, իսկ դրանից հետո արդեն մեկ քայլ է դեպի լրիվ ուրիշ տեղ։ Պարույրը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ սերժական քարոզչամեքենայի «նագլի» ու կպչուն խասիաթի մասին։

Սրանք բոլշևիկների հոգեզավակներն են, պարո՛ն Հայրիկյան, զգու՛յշ եղեք։  

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Իշխանություններն իրենց մտքում եղածը, ինչպես միշտ, տարածեցին երկու մարդու՝ Էդուարդ Շարմազանովի և Դավիթ Շահնազարյանի միջոցով։ Երկուսն էլ նույն բան  էին ասում, բայց Շահնազարյանն ավելի սերժահաճո ձևակերպումներով էր հանդես գալիս «Արմնյուզի» եթերում, քան Շարմազանովը՝ հիվանդանոցի միջանցքում։ 

Այս խորագրի վերջին նյութերը