Մեկնաբանություն

05.02.2013 11:24


Իշխանությանը ձեռնտու է ֆորս–մաժորը

Իշխանությանը ձեռնտու է ֆորս–մաժորը

Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակված կրակոցից րոպեներ անց Սերժ Սարգսյանի թիմակիցները միաբերան հայտարարում էին, որ այս ամենն ուղղված է իշխանության դեմ, որ այդպիսով ստվեր է գցվում «գյոզալական» ընտրությունների վրա, և որ մահափորձի հետևում քաղաքական պատվիրատուներ կան։

«Նրանք, ովքեր կանգնած են հանցագործների թիկունքում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»,–իր թիմակիցների խոսքը «թագավորացրեց» Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, եթե Հովիկ Աբրահամյանը փոխեր իր համոզմունքը և ընդուներ, որ քաղաքականության մեջ այնուամենայնիվ խելք պետք է, ապա ջուր չէր լցնի «յուրայինների» ջրաղացին, չէր ձայնակցի ֆորս–մաժորի մեջ շահագրգռված շրջանակներին ու հանցագործությունից կես ժամ անց չէր հայտարարի, թե այս ամենի հետևում քաղաքական ուժեր է տեսնում։ Ինչևէ։

Գողն ամենաբարձրն է գոռում «բռնե՛ք գողին»

Այն պնդումները, թե իշխանությանը ֆորս–մաժոր պետք չէ, ճշմարտության մեծ չափաբաժին են պարունակում։ Այո՛, իշխանությանը ֆորս–մաժոր պետք չէ, եթե, իհարկե, «իշխանություն» ասելով հասկանում ենք միայն Սերժ Սարգսյանին։ Բայց չէ՞ որ իշխանությունը միայն Սերժ Սարգսյանը չէ, իսկ իշխանական բուրգն էլ մոնոլիտ չէ։ Հետևաբար՝ «Իշխանությանը ձեռնտու չէր Հայրիկյանի հետ տեղի ունեցածը» ձևակերպումը շատ հարաբերական է և վիճելի. նայած թե «իշխանություն» հասկացության տակ ում կամ որ հատվածին նկատի ունենք։

Գաղտնիք չէ, որ իշխանության ներսում կան տարբեր թևեր և խմբավորումներ, որոնք բավական թշնամաբար են տրամադրված իրար նկատմամբ և պատրաստ են հարմար առիթի դեպքում, բառիս բուն իմաստով, հոշոտել միմյանց։ Նրանց միջև պայքարը ինչպես սեփականության տնօրինման, այնպես էլ իշխանական հիերարխիայում ֆորմալ ու ոչ ֆորմալ կարգավիճակ ունենալու համար է։

Ամեն մի իշխանական խմբավորում ձգտում է առնվազն պահպանել իր դիրքերը, իսկ հնարավորության դեպքում՝ ընդլայնել ազդեցության գոտիները։ Պայքարն ընթանում է կուլիսներում։ Հասարակությունը պայքարի արդյունքների մասին տեղեկանում է վերջին փուլում՝ ականատեսը դառնալով սեփականության վերաբաժանմանը, պաշտոնանկություններին, նշանակումներին, փոխատեղումներին և նմանատիպ այլ բաների։  

Պաշտոնի բերումով՝ Սարգսյանը հավասարակշռող դեր է կատարում ներիշխանական խմբավորումների միջև՝ վերածվելով բրեժնևյան տիպի լիդերի։

Հիմա եթե ստեղծված իրավիճակը գնահատում ենք ներիշխանական գզվռտոցների հանգամանքը հաշվի առնելով և Հայրիկյանի հետ կապված պատմությունը որոշակի կոդով «ռասկրուտկա» անող «անկախ» լրատվամիջոցների վերջին օրերի գործունեությունը գնահատելով, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանության մի թևի համար ֆորս–մաժորն անհրաժեշտ է օդ ու ջրի պես, որպեսզի ֆորս–մաժորի օգնությամբ կարողանա պղտոր ջրում ձուկ որսալ և գերիշխանության հասնել։

Իշխանության այն թևը, որը ցանկանում է այօրվանից լուծել «Ժառանգորդ» օպերացիայի հարցը, լրջորեն անհանգստացած է իշխանության ու տնտեսության գերկենտրոնացման դանդաղ տեմպերից և մտավախություն ունի, որ Սարգսյանը «դանդաղ շտապելու» հայեցակարգով չի կարողանալու մաքրել ու անապատի վերածել ամբողջ դաշտը՝ ձախողելով 2017-2018թթ. գործընթացները և իշխանության փոխանցման ծրագիրը։

«Ժառանգորդ» օպերացիայի շահառու կողմին անհանգստացնում է նաև այն, որ ՀՀԿ ղեկավարը փորձում է լեզու գտնել իշխանական բուրգի մյուս հատվածների հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ–ի մասով չի գնում արագացված ռեժիմով արմատական լուծումների (ունեզրկումից մինչև կալանավորում), ինչպես նաև չի կարողանում «փողոցից» զրկել ՀԱԿ–ին ու գրպանային «փողոց» ձևավորել (Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգությունը» և մյուսները տապալվեցին այդ հարցում)։

Ահա այդ իսկ պատճառով իշխանության ագրեսիվ ու ամբողջատիրության ձգտող թևին պետք է ֆորս–մաժոր, որպեսզի՝

Ա. հնարավորություն ստեղծվի «լեգիտիմ» ձևով գնալ կտրուկ գործողությունների,

Բ. հենց հիմա լուծվի ինչպես իշխանական բուրգի հակառակորդ թևերի, այնպես էլ իշխանություն–ընդդիմություն հատվածում բուֆերի դեր կատարող ԲՀԿ–ի և «փողոցը» վերահսկող ՀԱԿ–ի հարցերը։ 

Տնաբույծ նեոբոլշևիկներին հաջողվեց ոչմրցակցային ընտրություններ ստանալ ու կյանքի կոչել «Վերարտադրություն» օպերացիան, բայց նրանք հասկանում են, որ հանրային ու քաղաքական դիմադրության պոտենցիալը չի զրոյացել, և ռեաբիլիտացիան ճիշտ ձևով կազմակերպելու դեպքում ամեն ինչ կսկսվի նորից ու 2018–ի հետ կապված երազանքները կմնան լոկ երազանքներ։

Պատահական չէ, որ Հայրիկյանի մահափորձից շատ չանցած՝ շրջանառության մեջ դրվեց մահափորձի «ռուսական հետքի» վարկածը, որը պետք է ռեկաշետով հարվածեր «անկախ» մամուլի կողմից տարիներ շարունակ ռուսամետ պիտակավորված ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։ Այդպիսով հնարավորություն կստեղծվեր մեծ «մուտիլովկայի» օգնությամբ այդ ուժերին հերթական ու շեշտակի հարվածը հասցնելու համար։

Թիրախն էլ պատահական չէր ընտրված։ «Իմպերիալիստական Ռուսաստանից» հետապնդվողի մոլուցքով տառապող Պարույր Հայրիկյանի մահվան դեպքում շատ հեշտ էր լինելու հակառուսական հիստերիա բարձրացնել և «Ռուսաստանն ու նրանց հայաստանյան գործընկերները հարձակվել են արևմտամետ ու հակաեվրազիստ Հայրիկյանի վրա՝ փորձելով տապալել ընտրությունները և ապակայունացնել երկիրը» թեմայով «վհուկների որս» նախաձեռնել։ «Վհուկների» դերում, բնականաբար, կհայտնվեին ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։

Ֆորս–մաժորով պայմանավորված նոր ընտրությունների դեպում Սարգսյանի ձեռքերն ազատված կլինեին, ու նա կսկսեր պայքարը «ժողովրդի թշնամիների» դեմ՝ վերածվելով թուրքմենբաշիզմն «արագ շտապելու» հայեցակարգով կառուցողի։ Իսկ դա նշանակում է, որ «Ժառանգորդ» օպերացիայի հաջող ելքը կասկածի տեղիք չէր տա։

Ի դեպ, մահափորձին հաջորդած ժամանակահատվածում ֆորս–մաժորի մեջ շահագրգռված շրջանակներն ամենաբարձրն էին գոռում՝ բռնեք գողին։ Խաղի մեջ էին նետվել բոլոր ուժերը («անկախ» մամուլ, օդիոզ ՀՀԿ–ականներ, դավիթշահնազարյաններ և այլն), որպեսզի կարողանային համապատասխան հասարակական կարծիք ձևավորել և մեղադրանքի նետերն ուղղել հարկավոր ուղղությամբ։

Բարեբախտաբար, Պ. Հայրիկյանը չմահացավ, և ֆորս–մաժորով պայմանավորված ոմանց ակնկալիքները չիրականացան։

Այնպես որ, իշխանությանը լավ էլ ձեռնտու էր ֆորս–մաժորը։ Պարզապես «իշխանություն» ասելով՝ տվյալ դեպքում պետք է հասկանալ դրա մի թևին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավն այն է, որ Պարույր Հայրիկյանը մահափորձի հաջորդ օրը տված իր բազմաթիվ հարցազրույցներում անընդհատ քար էր նետում «իմպերիալիստական Ռուսաստանի» և իր «չար հարևանի» ուղղությամբ, բայց «X» պահից սկսած՝ վերածվեց Սերժ Սարգսյանին PR անող մեկի ու սկսեց ձայնակցել «անկախ» մամուլին՝ հայտարարելով, թե ինքը հավանական է համարում այն վարկածը, ըստ որի՝ մահափորձը կազմակերպել են այն ուժերը, որոնք փոշմանել են, որ չեն մասնակցում ընտրություններին ու երևի փորձել են այս ձևով նոր ընտրության հասնել (քարերն ակնհայտորեն նետված էին ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի, մասամբ նաև՝ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ)։ Ասել է թե՝ Հայրիկյանը ոմանց տված «կուտը» կերել է ու հիմա անում է այն, ինչն իր մահվան դեպքում պետք է անեին սպանության պատվիրատուները։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։

Հ.Գ.-2։ Հայրիկյանի այժմյան պահվածքը նույնն  է, թե «Մաֆիա» խաղում գիշերը խփված խաղացողն իր վերջին խոսքում ընկնի «սևերի» ջրերը, կրկնի նրանց տարածած վարկածը, շեղի մյուս «կարմիրներին» ու միայն դրանից հետո լքի խաղասենյակը։

 Մնում է միայն հուսալ, որ ի դեմս Հայրիկյանի՝ մենք գործ ունենք մոլորյալ «կարմիր» խաղացողի հետ, այլապես լրիվ անհարմար բան է ստացվում։

Այս խորագրի վերջին նյութերը