Մեկնաբանություն

06.02.2013 14:43


Ի՞նչ շշնջաց «արջը» Հայրիկյանի ականջին

Ի՞նչ շշնջաց «արջը» Հայրիկյանի ականջին

Ինչպես հայտնի է, Պարույր Հայրիկյանը որոշեց չդիմել ՍԴ և ընտրական գործընթացը երկու շաբաթով չերկարաձգել։

Թող զարմանալի չթվա, բայց ԱԻՄ անփոփոխ առաջնորդը, իրոք, որևէ հիմք չուներ ՍԴ դիմելու համար, քանզի զուտ քարոզչական տեսանկյունից նրա համար ոչ թե անհաղթահարելի խոչընդոտներ էին առաջացել, այլ, ինչպես ՀՅԴ–ական Աղվան Վարդանյանը դիպուկ նկատեց, անսպասելի խթան։

Մահափորձից առաջ Հայրիկյանը բավական դժգույն քարոզարշավ էր անցկացնում և զգացվում էր, որ նա մասնակցում է զուտ մրցակցային ֆոն ապահովելու համար։ Կրակոցը լրիվ փոխեց իրավիճակը, և Հայրիկյանն այնպես քարոզվեց բոլորիս կողմից, որ անհաղթահարելի խոչընդոտներ առաջացան նախագահի մյուս թեկնածուների համար՝ բացի Սերժ Սարգսյանից, իհարկե։ Վերջինս ոչ պակաս էր քարոզվում մահափորձին հաջորդած առաջին իսկ րոպեներից։ Պատկերը հետևյալն էր. նախագահի 7 թեկնածուներն ու հայ ժողովուրդը միասնաբար քարոզում էին Պարույր Հայրիկյանին՝ «Մենք բոլորս Պարույր ենք» թեմայով, իսկ տուժողը քարոզում էր Սարգսյանի օգտին։

Քարոզչական բարձրակետն այն պահն էր, երբ ՀՀԿ հանդուրժող, արևմտամետ ու երկխոսող նախագահն այցելեց հիվանդասենյակ։ Մինչև այցելությունը Պարույրն իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ հայտարարում էր, թե ուզում է երկու շաբաթով երկարաձգել ընտրական միջոցառումը, սակայն երբ «արջը» նրա ականջին մի երկու բան շշնջաց, իսկ Ահարոն Ադիբեկյանն էլ ներշնչեց, թե նրա վարկանիշը երկարաձգման դեպքում կիջնի և գնդակը չի ծառայի իր նպատակին, Հայրիկյանը որոշեց ջուր չլցնել «ռուսական իմպերիալիզմի» ջրաղացին և չդիմել ՍԴ։

Եվ այսպես, ընտրության օրը չփոխվեց, ինչն այնքան էլ լավ չէ, քանզի ժողովուրդը, երևանյան կրկեսի ապամոնտաժման պատճառով զրկված լինելով զվարճալի տեսարաններից, բացը լրացնում է ծաղրածու–թեկնածուներին ու նրանց կրակոտ համակիրներին մտիկ տալով։ Պատկերացնու՞մ եք, թե Սերժ Սարգսյանի հանդիպումների ավելացումն ինչպիսի նոր անեկդոտների թեմա կարող էր դառնալ։

Եթե երկու շաբաթով երկարաձգվեր այս «հովվերգական» պատկերը, ապա Րաֆֆին հաստատ կայցելեր հասարական բաղնիք՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Պարույրի որոշումից հետո այդ ամենը չի իրականանա։ Ասել է թե՝ նա «կայֆալոմ» արեց ու «ռուսական իմպերիալիստներին» շանս չտվեց հասնել իրենց նենգ ու դավադիր նպատակներին։

Հիմա դե արի ու մի ասա. «Պարու՛յր, ընտրությունները չես երկարաձգում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Հայրիկյանն անընդհատ խոսում է իմպերիալիստական Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործակալներից ու լյուստրացիաներից, բայց միևնույն ժամանակ ՌԴ ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում 49 տարով երկարաձգած Սերժ Սարգսյանի գովքն է անում։

Ուշագրավն այն է, որ նույն Սերժ Սարգսյանը միակ հայ բարձրաստիճան պաշտոնյան է, ով ՌԴ հատուկ ծառայությունների կողմից պարգևատրվել է մեդալով։ Բան չենք ակնարկում։ Պարզապես Հայրիկյանին ուզում ենք ասել, որ ՌԴ հատուկ ծառայության կողմից ոչ թե Անդրիաս Ղուկասյանը կամ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրած մութ ուժերն են պարգևատրվել, այլ Սարգսյանը։ Այնպես որ լյուստրացիայի կարիք չկա։ Ամեն ինչ լյուստրացված է շատ վաղուց։

Այս խորագրի վերջին նյութերը