Մեկնաբանություն

08.02.2013 16:44


Նախագահական թատերարշավի մասնակիցների մասին

Նախագահական թատերարշավի մասնակիցների մասին

Այս ընտրությունների առանձնահատկություններից գլխավորն այն է, որ նախագահի աթոռի համար պայքարի ելած 8 թեկնածուներից միայն մեկն է առաջադրվել նախագահ դառնալու համար, ավելի ճիշտ՝ նախագահի աթոռին մնալու համար։ Մնացածն այլ մղումներով են մասնակցում։

Անդրիաս Ղուկասյանը, օրինակ, շատ պարզ հայտարարում է, որ շինծու է համարում այս ընտրությունները և հացադուլի միջոցով պահանջում է չգրանցել Սերժ Սարգսյանին, քանզի վերջինս ընտրակաշառք բաժանող թիմի է ներկայացնում։ Միգուցե Անդրիասի ընտրած պայքարի ձևը ռոմանտիկ է, իսկ հաջողության հասնելու շանսերը՝ զրոյական, բայց համենայնդեպս նա չի խաբում հանրությանը, թե հնարավոր է, հաստատ հնարավոր է։

Եթե զուտ հռետորաբանության տասանկյունից գնահատենք առաջադրված թեկնածուներին, ապա ամենաընդդիմադիրը Արամ Հարությունյանն է։ Միայն նա է, այսպես ասած, մինչև վարդապետի խազը հուպ տալիս Սերժ Սարգսյանին, ընդ որում՝ այդ ամենը նա անում է փաստարկված, այլ ոչ թե հենց այնպես։ Հարությունյանը նույնպես չի խաբում հանրությանը, թե հեսա նախագահ եմ դառնում, միայն թե մասնակցեք քվեարկությանը և ինձ ձայն տվեք։ Այսինքն՝ նա ընտրությունների մասնակցության գլխաքանակ ապահովելու իշխանահաճո գործին լծված չէ։ Արամն էլ է համարում, որ այս ընտրությունները շինծու են ու «էն գլխից» կեղծված։ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը և մյուսներին էլ է կոչ անում չմասնակցել այս թատրոնին, եթե, իհարկե, դերասանները նախապես չեն վճարվել իրենց խաղի դիմաց։

Ի դեպ, պատահական չէ, որ «X» պհից սկսած՝ իշխանական շրջանակների, «անկախ» մամուլի և տարատեսակ «շնիկների» հարձակման թիրախը հենց Անդրիասն ու Արամը դարձան։ Եվ դա այն դեպքում, երբ երկուսն էլ իշխանության թեկնածուի հիմնական մրցակիցները չեն համարվում։

Արման Մելիքյանի մասնակցության մոտիվները դեռևս որևէ մեկի համար պարզ չեն։ Նա էլ չի թաքցնում, որ հաղթելու շանս չունի, և այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ո՞րն է իր մասնակցության իմաստը։ Անդրիասի ու Արամի դեպքում ամեն ինչ շատ հաստակ է։ Նրանց մոտ բլեֆի տարր չկա։ Երկուսն էլ համարում են, որ այս ընտրություններն անօրինական են։ Մեկը շարունակում է այդ ամենի դեմ հացադուլ անել, իսկ մյուսն օգտագործեց անվճար եթերի հնարավորությունը, «մին լյավ» քլնգեց Սերժ Սարգսյանին ու հիմա հանում է թեկնածությունը։ Իսկ ահա Արմանը դեռ հայտնի չէ, թե ինչ է ուզում։

«Էպոսագետի» ֆունկցիան ակնհայտ է. նա իշխանությունների կողմից օգտագործվում է Սերժի «վաստակավոր մրցակիցներին» «փչացնելու» նպատակով։ Դա լրիվ ՀՀԿ ղեկավարի ոճի մեջ է։

Ինչ վերաբերում է ընտրություններին ակտիվորեն մասնակցելու համատեղ կոչով հանդես եկած Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին ու Պարույր Հայրիկյանին, ապա նրանց հիմնական դերակատարումն ընտրական այս միջոցառմանը մրցակցային տեսք տալն է։

Սերժ Սարգսյանի քարոզչական պաշտպանության տակ գտնվող Րաֆֆին, Հրանտն ու Պարույրը, ըստ այդմ, ամենանողկալի ֆունկցիան են կատարում, քանզի բացահայտորեն խաբում են հասարակությանը։ Դա հատկապես վերաբերում է Րաֆֆիին, ում «Հնարավոր է» կարգախոսն ամենալկտի սուտն է պարունակում իր մեջ։ Այդ կարգախոսով Րաֆֆին ուզում է ասել, թե իբր իշխանափոխությունը հնարավոր է՝ շատ լավ իմանալով, որ ինքը լրիվ ուրիշ նպատակով է մտել խաղի մեջ։

Հայրիկյանի դեմ կատարվածից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ մարդը մտել է ընտրարշավ՝ նպատակ չունենալով հաղթել։ Եթե նա հաղթելու նպատակ ունենար, ապա անպայման կդիմեր ՍԴ, որպեսզի քարոզչություն իրականացնելու լրացուցիչ հնարավորություն ստանա։ Դիմելու հարցում վերջին օրերի նրա կամուկացը տգեղ առևտուր է հիշեցնում։

Պարույրն ինքն է խոստովանում, որ առաջին եռյակի կամ քառյակի մեջ է, ինչը նշանակում է, որ նա համոզված է՝ հաղթող թեկնածու չէ։ Իսկ եթե թեկնածուն առաջադրվել է՝ համոզված լինելով, որ չի հաղթելու, ապա դա լրիվ ուրիշ բան է նշանակում։

Դատելով ամենից՝ Հրանտ Բագրատյանը ոչ թե իշխանություն վերցնելու համար է առաջադրվել, այլ սեփական գլուխը գովելու և գյուղացիներին պրոգրեսիվ հարկման համակարգի նրբությունները բացատրելու։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Բագրատյանի պահով էլ ամեն ինչ պարզ է։ Նա էլ Րաֆֆիի պես խաբում է ընտրողներին, թե անպայման հաղթելու է, բայց մյուս կողմից էլ ասում է, թե չգիտի՝ ինչ պետք է անել կեղծիքների դեպքում։

Եթե Բագրատյանն անկեղծորեն հավատում է, որ մի քանի օրից նախագահ է դառնալու, ապա դա քաղաքական անմեղսունակության նշան է։ Հարցն այն չէ, թե Սերժ Սարգսյանը բարձր վարկանիշ ունի, իսկ Բագրատյանը՝ ցածր։ Ճիշտ հակառակը՝ Սերժը Հրանտին զիջում է բոլոր առումներով։ Ազատ ընտրությունների դեպքում Սարգսյանին կհաղթի անգամ «էպոսագետը», էլ ուր մնաց, թե Բագրատյանը չհաղթի։ Բայց հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ պարզ է, որ կեղծիքների մեքենան աշխատելու է իշխանության թեկնածուի օգտին, և Բագրատյանն այն ֆիգուրը չէ, որ կարողանա կանգնեցնել այդ մեքենան։ Նա, ի դեպ, այդպիսի խնդիր չի էլ դրել։ Իսկ դա այլ բան է նշանակում։ Եթե Բագրատյանը գիտի, որ չի հաղթելու, բայց ընտրողներին համոզում է գնալ ընտրատեղամաս ու ձայնը տալ իրեն, ապա դա ամբողջությամբ տեղավորվում է ընտրագլխաքանակ ապահովելու իշխանական ծրագրերի մեջ։

Մի խոսքով՝ գալիք ընտրությունը ՀՀ պատմության մեջ կմտնի որպես ամենակեղծվածը։ Հիմնական համարվող թեկնածուներից չորսը զբաղված են խաբեությամբ։ Նրանցից մեկը խաբում է ժողովրդին, թե ձեզ դեպի ապահով Հայաստան եմ տանելու, իսկ մյուս երեքն այնպես են անում, որ «Ապահով Հայաստան» օպերացիան ժողովրդավարական տեսք ստանա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը