Մեկնաբանություն

09.02.2013 15:06


5 քայլ դեպի նոր գեղամյանացում

5 քայլ դեպի նոր գեղամյանացում

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է Հրանտ Բագրատյանի «ինադու» քայլերի տեսքով ներկայացնել իր սոցիալ–պոպուլիստական ու «հայրենասիրական» ծրագիրը։

Մինչ Սերժ Սարգսյանը խոստանում է հարյուրի փոխարեն հազար հատ հարյուր քայլ անել, «Ժառանգության» առաջնորդն առաջարկում է 100–ի փոխարեն 5 քայլ անել դեպի Նոր Հայաստան։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Բանն այն է, որ Րաֆֆին արդեն իրագործել է, իսկ ավելի ճիշտ՝ գրեթե իրագործել է իր 5–քայլանի ծրագիրը, բայց ոչ թե Նոր Հայաստանի, այլ նոր գեղամյանացման ուղղությամբ։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նեոգեղամյան դառնալու նրա արած 4 և արվելիք 1 քայլի հաջորդականությունը։

Քայլ 1–ին։ ԱԺ ընտրություններից առաջ «Ժառանգությունը» հանրությանը ներկայացրեց համամասնական մի ցուցակ, որը համաձայնեցվել էր իշխանության հետ և համալրվել Բաղրամյան 26–ին ծառայող կադրերով։ Իր ցուցակով Րաֆֆին «քցեց» ոչ միայն թիմակիցներին, այլև այն փոքրաթիվ ընտրողներին, ովքեր իրենց ձայնը պատրաստվում էին տալ մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների դեպքում արագ արձագանքող խմբի վերածված այդ ուժին։

Քայլ 2–րդ։ «Ժառանգությունն» իր ստորագրությունը դրեց «Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ»–ի ձևավորման փաստաթղթի տակ, բայց իշխանութունների դրդմամբ հետ վերցրեց ստորագրությունը և մասնակցեց ՀՀԿ–ի ու ՕԵԿ–ի կողմից ստեղծված համանման մի կառույցի քննարկումներին։

Քայլ 3–րդ։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ներկայացող «ժառանգությունն» աշխատում էր ոչ թե ՀՀԿ–ի, այլ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, մասամբ նաև ՀՅԴ–ի դեմ՝ այդպիսով գեղամյանություն անելով Սերժ Սարգսյանի օգտին։ Այդ ամենի դիմաց նա ստացավ 5 տոկոսով խորհրդարան մտնելու և 2,5–հոգանոց «խմբակցություն» ունենալու հնարավորություն։

Քայլ 4–րդ։ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց իր թեկնածությունը ֆարսի վերածված նախագահական այս ընտրություններում։ Շատ լավ իմանալով, որ ընտրությունները կեղծված են «էն գլխից»՝ այդուհանդերձ նա մրցակցային ընտրությունների ֆոն է ապահովում Սերժ Սարգսյանի համար, այլ ոչ թե առաջարկում բոյկոտել կամ անվավեր դարձնել այս թատրոնը։ «Ժառանգության» ղեկավարը «նագլի» ձևով ստում է, երբ հայտարարում է, թե հնարավոր է։ Նրա միակ խնդիրն, այդպիսով, ընտրողին խաբելն ու կեղծված ընտրություններին մասնակից դարձնելն է։ Պատահական չէ, որ Րաֆֆին ու մյուս «վաստակավոր մրցակիցները» քարոզչություն են իրականացնում իշխանության թեկնածուի և «անկախ» լրատվամիջոցների բարձր հովանու ներքո։

Քայլ 5–րդ։ Րաֆֆու այդ քայլը սպասվում է ընտրություններից հետո, երբ նա «ա լյա» Արտաշես Գեղամյան կամ Արթուր Բաղդասարյան կկատարի իր վերջին ու քստմնելի գործողությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը