Մեկնաբանություն

10.02.2013 01:25


«Նաջարյա՞նն» է փոշմանել, թե՞ «Համոն» փողը չի տվել

«Նաջարյա՞նն» է փոշմանել, թե՞ «Համոն» փողը չի տվել

Պարույր Հայրիկյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ դիմե՞լ Սահմանադրական դատարան և պահանջել ընտրությունների երկշաբաթյա երկարաձգում, թե՞ չդիմել։

Օրվա մեջ մի քանի անգամ կարծիք ու դիրքորոշում փոխելով՝ Պարույրն այնքան անլրջացրեց իր հետ տեղի ունեցածը, այնքան «խուրդեց» իր անցյալն ու անհարմար վիճակի մեջ դրեց հիվանդանոցում իրեն այցելած «մեծամեծ» դեմքերին, որ ժողովրդի մի մասն սկսեց կասկածել, որ ԱԻՄ առաջնորդն ինքն է իր վրա կրակել կամ ոչ մի կրակոց էլ չի եղել, և այս ամենը շոու է։ Մենք ընդունում ենք, որ դա անհեթեթ և ոչ կոռեկտ վարկած է, բայց այդ վարկածի տարածման համար Հայրիկյանն ինքն իրեն պետք է մեղադրի։ Եթե դու սակարկման առարկա ես դարձնում սահմանադրորեն քեզ հասանելիք իրավունքից օգտվելը և անկողնում պառկած PR ես անում Սերժի օգտին, ապա պատրաստ եղիր հասարակության կողմից համարժեք պատասխանի։

Հայրիկյանն անհաղթահարելի խոչընդոտի ու անսպասելի խթանի արանքում

Հասկանալու համար, թե ինչու հանկարծ ՍԴ չդիմելու որոշում կայացրած Հայրիկյանը մեկ օր անց մտքափոխվեց՝ եկեք դասավորենք իրադարձություններն իրար հետևից։

Եվ այսպես, հունվարի 31–ի գիշերը լուր տարածվեց այն մասին, որ կրակել են Պարույր Հայրիկյանի վրա։ Բոլորս շոկ ապրեցինք ու փորձեցինք հասկանալ, թե ում էր ձեռնտու կրակոցը։ Շատերին էր հասկանալի, որ դա ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, քանզի այդ պահին դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ եթե գողը տանից չլինի, ապա «եզին» երդիկից չեն հանի։ Ինչևէ։

Հաջորդ օրը Հայրիկյանին վիրահատեցին։ Վիրահատությունից շատ չանցած հիվանդն սկսեց իրար հետևից բացառիկ հարցազրույցներ տալ իշխանական լրատվամիջոցներին և առաջ բրդել իշխանության հայտնի թևի և այդ թևի սպասարկուների շրջանառության մեջ դրած վարկածը։ Բազմաչարչար հեռուստադիտողն այդ ընթացքում համոզվեց, որ Պարույրը շատ առույգ տեսք ունի և ահագին ուրախացավ։

Հարցազրույցներից ազատ ժամանակ Հայրիկյանը, ով գտնվում էր Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, ընդունում էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, հարազատներին և ընդհանրապես բոլոր ցանկացողներին։ Հիվանդասենյակը վերածվել էր ընդունելությունների տան։

Ի դեպ, իր բոլոր հարցազրույցներում Հայրիկյանը նշում էր, որ նոր ընտրություններ չի պահանջի, բայց երկշաբաթյա ժամկետից ստիպված է օգտվել, քանզի չի կարողանա քարոզչություն իրականացնել։ Նա նշում էր նաև, որ մահափորձի հարցում կասկածում է ռուս իմպերիալիստներին, ինչպես նաև նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերին։ Պարույրի այդ դիրքորոշումը շատ էր դուր գալիս փեսայական լրատվամիջոցներին և այդ իսկ պատճառով «անկախության խորհրդանիշը» դարձավ հեռուստաաստղ։

Ինչ վերաբերում է ընտրության ժամկետներին, ապա մինչև Սերժ Սարգսյանի ու Գարեգին Բ–ի այցելությունները, Հայրիկյանը հակված էր ՍԴ դիմելու։ Նշյալ մարդկանց այցից հետո նա «մանրից» սկսեց հայտարարել, թե Գագիկ Հարությունյանի «կանտոռային» դիմելու հարցում դեռ կմտածի։

Նկատենք, որ իշխանություններն ահագին օգնեցին, որպեսզի Հայրիկյանը ճիշտ ուղղությամբ մտածի։ Այդ գործում ներգրավեցին անգամ Ահարոն Ադիբեկյանին, ով «սոցիոլոգիայի» լեզվով բացատրեց Հայրիկյանին, որ ընտրությունների երկարաձգման դեպքում բոլորը կմոռանան կրակոցն էլ, 25 սանտիմետրից վրիպած կրակողին էլ, տուժողի մարմնում մեկ օր մնացած գնդակն էլ, և ԱԻՄ անփոփոխ առաջնորդը կկորցնի սեփական վարկանիշի անսպասելի բարձրացման պահը՝ 3-րդ պատվավոր տեղից վերադառնալով 4-րդ անպատվաբեր հորիզոնական։

Իշխանության ջանքերը տվեցին իրենց արդյունքները։ Այլոց կարծիքը հաշվի առնող և ժողովրդավարական Հայաստանի համար մտահոգվող Պարույր Հայրիկյանն անսպասելիորեն հայտնվեց իր փաստաբանի ասուլիսին ու հայտարարեց, որ չի դիմելու ՍԴ, որպեսզի իմպերիալիստական Ռուսաստանի ջրաղացին ջուր չլցնի ու իրեն հետապնդողներին հուժկու հարված հասցնի՝ «Ուզում էիք խաթարե՞լ գյոզալական ընտրությունները։ Առռռը՛ հա ձեզ» թեմայով։

Հայրիկյանի ասուլիսից մեկ օր անց, սակայն, պարզվեց, որ նա այնուհանդերձ ցավեր և ծակոցներ է զգում աջ ձեռքի հատվածում ու ստիպված է լինելու դիմել ՍԴ։ Ճիշտ է, ցավեր ու ծակոցներ ԱԻՄ առաջնորդը դրանից մեկ օր առաջ էլ ուներ, բայց չէր ուզում իմպերիալիստների մութ ծրագրերին օժանդակած լինել։ Ըստ երևույթին՝ մեկ օրվա ընթացքում ծավալապաշտական Ռուսաստանի վտանգը չեզոքացավ, ու նա արդեն ուզում է դիմել ՍԴ՝ մանավանդ, որ ԱԱԾ–ն էլ հնդկական կինոներին բնորոշ արագությամբ հայտնաբերեց «սլավոնական» արտաքինով անլեգալ քիլլերներին, որոնցից մեկը, պարզվում է, «էպոսագետի» տանը  ինչքան ուզել են, այնքան «մետլախ» է խփել («ա լյա» Սերժ Սարգսյան, ով տոկոս խփելու մեջ է մասնագիտացած)։

Հետաքրքիրն այն է, որ Հայրիկյանը հրապարակավ ներկայացնում է ՍԴ դիմելու իր քաղաքական մոտիվները՝ ի լուր բոլորի ցույց տալով, որ դիմում է ոչ թե անհաղթահարելի խոչընդոտները վերացնելու, այլ ժամանակ շահելու և միասնական թեկնածուի հարցում համաձայնության գալու նպատակով։ Պարույրի մտքով, հավանաբար, չի անցնում, որ նրանք, ում նա դիմում է նույնքան ինքնուրույն են որոշում կայացնելու հարցում, որքան ինքը՝ առաջադրվելիս ու Սերժի համար մրցակցային ֆոն ապահովելիս։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ Հայրիկյանը կամուկացի մեջ է հայտնվել երկու պատճառով. կա՛մ «Համոն» փողը չի տվել, այն է՝ Սերժ Սարգսյանը «երկխոսացրել» է ու «ատկազ» կանգնել իր խոստումներից, կա՛մ էլ «Նաջարյանն» է փոշմանել, այն է՝ Հայրիկյանը հասկացել է, որ մի քանի օրվա մեջ պայթացրել է իր անցյալի շուրջ առկա միֆը և որոշել է հետ բերել կորցրածը։

Թե ինչ վերջնական լուծման կհանգի Հայրիկյանը, թերևս, ինքն էլ չգիտի։ Անմեկնելի են այս ընտրարշավի ամենահամեստ թեկնածուներից մեկի քայլերը։

Եթե մեր կարծիքը Պարույրին կհետաքրքրի, ապա ասենք, որ ճիշտը ՍԴ դիմելն է։ Ժողովուրդը հազիվ մոտիկից ճանաչում է «տոկոս խփող» նախագահին։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի զավեշտալի ու կոմիկական տեսարանների ականատես կլինենք ավելացված ժամանակահատվածում։

Րաֆֆին գլուխը պատովն է տվել Սերժի համեմատ։ Րաֆֆին արհեստական շոումեն է, իսկ ահա ՀՀԿ ղեկավարը բնատուր տաղանդ ունի։ Սերժ Սարգսյանն, իրոք, կրակոտ է։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը