Մեկնաբանություն

13.02.2013 17:44


Եռյակի հայտարարության հետքերով

Եռյակի հայտարարության հետքերով

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի ընդդիմադիր ներկայացող թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել (տե՛ս http://7or.am/am/news/view/46288/

Սերժ Սարգսյանի կողմից «վաստակավոր մրցակիցներ» կոչումի արժանացած այս եռյակը հայտարարության մեջ արձանագրել էր, որ Հայաստանում ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձևավորելը մեր հասարակության համար այդպես էլ մնաց բաղձալի երազանք։ Որպես լուծում նրանք հետևյալ առաջարկն էին արել. «Հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:  Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը»։

Բացի այդ՝ եռյակը պահանջել էր ընտրական գործընթացի ժամանակ հրաժարվել վարչական ռեսուրսի օգտագործումից։ Հասկանալի է, որ այդ պահանջի հասցեատերը Սերժ Սարգսյանն էր։

Հայտարարության վերջում Հրանտը, Պարույրն ու Րաֆֆին կոչ էին արել վճռականորեն մասնակցել փետրվարի 18–ի ընտրություններին։ Ասել է թե՝ իրենց առաջարկած փոփոխությունների պարագայում թեկնածուները հնարավոր էին համարել օրինական ընտրությունների անցկացումը։

Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Իշխանություններն ընդառաջ չեն գնացել եռյակի պահանջներին և չեն բավարարել դրանցից որևէ մեկը (ցուցակների հարցը չի լուծվել, իսկ վարչական ռեսուրսն օգտագործվում է ամբողջ թափով), բայց «վաստակավոր մրցակիցները» այլ հայտարարություն չեն անում ու չեն ասում, որ ընտրությունները հերթական անգամ կեղծվելու են, և հետևաբար պետք է բոյկոտել դրանք կամ պատրատվել հետընտրական ակտիվ պայքարի։

Եռյակի անդամները չեն հայտարարում նաև, որ իրենց առաջարկները չընդունվելու պատճառով չեն ընդունելու ընտրության արդյունքները։

Այս ամենը հաշվի առնելով՝ ստացվում է, որ «վաստակավոր մրցակիցներն» ընդամենը խնդիր ունեն ընտրական մասնակցություն ապահովելու և սպասվող միջոցառմանը ժողովրդավարական տեսք տալու, այլ ոչ թե օրինական ընտրությունների համար պայքարելու և հաղթելու։

Իսկ այն, որ հիմա եռյակի ներսում կռիվ է ընկել և մեկը մյուսին է մեղադրում իշխանության հետ խաղեր տալու կամ դավաճան լինելու մեջ, արդեն հարեմի ներսում առաջինը լինելու պայքար է հիշեցնում։ Ուրիշ ոչինչ։

Որքան էլ, օրինակ, «ժառանգությունից» հայտարարեն, թե Րաֆֆին չի շնորհավորելու Սերժին, միևնույն է դրանից բան չի փոխվում։ Ամենևին էլ պարտադիր չէ, որ տոկոս «խփելուց» հետո Րաֆֆին «շնորհավորում եմ» ձևակերպումն օգտագործի։ Նա ՀՀԿ ղեկավարին շնորհավորելու փորձված մեթոդ ունի։ 2008–ին էլ Րաֆֆին չշնորհավորեց Սարգսյանին, բայց մասնակցեց նրա երդման արարողությանը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նախապես է հայտնի, թե ով, իսկ ավելի ճիշտ՝ ովքեր են նախընտրական փուլի Արտաշես Գեղամյանի և հետընտրական փուլի Արթուր Բաղդասարյանի դերակատարները։ Փաստորեն, հաճախորդների կատարողական վարպետությունն այնքան է ընկել, որ երեք հոգով հազիվ մեկի դերն են խաղում։

Այս խորագրի վերջին նյութերը