Լրահոս

14.02.2013 15:32


Աղմկահարույց ձերբակալություններ Ադրբեջանում

Աղմկահարույց ձերբակալություններ Ադրբեջանում

Երեկ Ադրբեջանում ձերբակալեցին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովային, Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի հրապարակած վիդեոձայնագրության գործով: Էլշադ Աբդուլաևը մի ձայնագրություն էր հանրայնացրել, որտեղ Ահմեդովան նրանից կաշառք 1 մլն դոլար էր պահանջում՝ պատգամավոր դարձնելու համար 2005թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ձայնագրության հայտնվելուց 3 օր հետո քրեական գործ հարուցեցին «խարդախություն» հոդվածով: Ընդամենը մեկ ամիս անց հայտնվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ այս սկանդալի մեկ այլ հերոսուհի՝ Սևինջ Բաբաևան հայտնել էր, որ Ահմեդովան ստացած 1 մլն դոլարը հանձնվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտևին ու Աբդուլաևի՝ պատգամավոր դառնալու խնդիրը լուծված է: Որոշ ժամանակ անց նա անհայտ հանգամանքներում Թուրքիայում մահացավ: Այս ամենից հետո Ահմեդովան փորձեց փախչել երկրից, բայց նրան բռնեցին վրացական սահմանի վրա: 

Այս ամեն առիթով Աբդուլաևը նկատել է, որ այժմ հասել է Մեհտիևին ձերբակալելու հերթը, քանի որ հենց նա է հովանավորել ինչպես Ահմեդովային, այնպես էլ սպանված Բաբաևային: Աբդուլաևը նաև հայտարարել է, որ Մեհտիևը ղեկավարում է հանցավոր բանդան, որը սպանություններ ու առևանգումներ է կազմակերպում. «Հենց դրա համար պետք է գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի, քանի որ նա կանգնած տարբեր պատվերված գործերի ետևում»: Նշենք, որ ավելի վաղ Աբդուլաևը նաև հայտարարել էր, որ ուզում է պատգամավոր դառնալ, որպեսզի կարողանա ազատել իր եղբորը, որն առևանգվել է հենց Մեհտիևի բանդայի կողմից: Փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները խայտառակ սկանդալը ծածկելու համար խայծ դարձրին Գյուլնարային, ու, ի դեպ, հանկարծ հիշեցին, որ նա «հայ տատիկ» ունի:

Այս խորագրի վերջին նյութերը