Մեկնաբանություն

14.02.2013 17:01


Սերժ Սարգսյանի «չալաղաջային» մտածողության մասին

Սերժ Սարգսյանի «չալաղաջային» մտածողության մասին

«Ավելի լավ է լռես, որպեսզի մարդիկ կարծեն, թե տգետ ես, քան խոսես, և մարդիկ համոզվեն դրանում»։

Վայոց ձորի մարզպետ

Ընտրարշավի ընթացքում հայ ժողովուրդը նորովի բացահայտեց Սերժ Սարգսյանին։ Ինչպես պարզվեց՝ Սարգսյանը սերիալների մեծ սիրահար է։ Նա համոզված է, որ ազգի մի կեսը սերիալներում է նկարահանվում, իսկ մյուս կեսը երգում է։ Սարգսյանը դեռ չի ասել, թե ինքը ազգիս որ կեսի մեջ է, բայց կարելի է գլխի ընկնել։

Ընտրարշավի ընթացքում պարզվեցին նաև Սերժ Սարգսյանի մտածողության և արժեհամակարգի ուշագրավ «նրբությունները»։

Ըստ նրա՝ մշակութային քաղաքականության արդյունավետությունն ուղիղ համեմատական է սերիալներում նկարահանվող դերասանների ունեցած մեքենաների գնի մեծությանը՝ «Որքան թանկանոց մեքենա է քշում սերիալային դերասանը, այնքան լավն է մշակութային քաղաքականությունը» տարբերակով։

«Թատրոնների կողքը ահագին լավ մեքենաներ կան կայանված, ինչը նշանակում է, որ դերասանները լավ վարձատրվում են հեռուստասերիալներում»,–իր փեսայի աշխատանքն անուղղակիորեն դրական է գնահատում ՀՀԿ սերիալասեր ղեկավարը։

Սերիալային պրիզմայով է Սերժ Սարգսյանը գնահատել նաև մեծ աղմուկ բարձրացրած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։

«Գարեգին Նժդեհ ֆիլմը շատ հաջողված է, և դա արդյունք  է, որ այդ դերասանները շատ սերիալներում խաղացել են և փորձ ձեռք բերել»,–հայտարարել է իրեն նժդեհական գաղափարախոսության կրող համարող ՀՀԿ կուսակցության ղեկավարը։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար «Գարեգին Նժդեհ» ֆիլմի արժեքը սերիալներում նկարահանված ու փորձ ձեռք բերած դերասանական խաղի մեջ է։

Դերասանների հիմնական մասը, իրոք, լավ է խաղացել ֆիլմում, ինչպես նաև լավ աշխատանք են կատարել ֆիլմի գլխավոր ռեժիսորն ու օպերատորը, բայց երկրի նախագահը պետք է գնահատական տար ֆիլմի սցենարիստի՛ աշխատանքին, այսինքն՝ կարծիք հայտներ ֆիլմի բովանդակության մասին։ Այնինչ՝ նա ցույց է տալիս, որ որպես հայկական «բոյևիկ» է ընկալել Նժդեհի մասին պատմող ֆիլմն ու հաճույք ստացել «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունից։

Նժդեհական համարվող կուսակցության ղեկավարը պետք է որ նկատած լիներ սցենարիստի պարզունակ ձևակերպումներն ու իր դժգոհությունը հայտներ նրանից՝ Գարեգին Նժդեհից «կռված տղու» կերպար ստանալու համար։ Մինչդեռ Սարգսյանը գոհ է Նժդեհի կերպարն ու նրա հիմնական առաքելությունը աղավաղած սցենարիստի աշխատանքից։

Եթե ֆիլմը դիտելուց հետո անցումային տարիքում գտնվող տղաներն իրենց դրական գնահատականը տան թեթև վարքի տեր աղջկա կերպարը մարմնավորած Նազենի Հովհաննիսյանի խաղին, իսկ «կռիվ կինո» սիրողները հիանան այն կադրով, երբ Խորեն Լևոնյանի մարմնավորած հերոսը թռցնում է թուրքի գլուխը, ապա նրանց կարելի է հասկանալ։ Բայց երբ երկրի նախագահի կարգավիճակ ունեցող և երկրորդ «սռոկին» գնացող մարդն է Նժդեհի կերպարն աղավաղած և գաղափարական առումով սխալ մեսիջներ հանրությանը փոխանցած ֆիլմին դրական գնահատական տալիս, դա արդեն ուրիշ բանի մասին է վկայում։

Նժդեհի ֆիլմի մասին դերասանական խաղի պրիզմայով գնահատական տալը նույնն է, թե նատյուրմորտը գնահատես նկարում առկա ձկան տեսականիով ու դրանց շուկայական գնով կամ մրգերի տեսականիով ու կիլոգրամներով (ասենք՝ անանասի նկարն ավելի լավն է, քան խնձորինը, քանի որ անանասը խնձորից թանկ է)։

Գեղեցիկ կադրերով, ռեժիսորական հմտությամբ ու դերասանական հաջող խաղով ֆիլմին գնահատական կարող են տալ գրեթե բոլորը, բայց դա չի կարող անել սառը պատերազմի մեջ գտնվող երկրի նախագահը, այն էլ ՝ նժդեհական համարվող կուսակցությունն իրենով արած ղեկավարը։

Չի՛ կարելի հարսանիքի լավ կամ վատ ընթացքը գնահատել մատուցվող չալաղաջների համուհոտով։ Ասելս այն է, որ Նժդեհյան գաղափարախոսությունն իբր որդեգրած կուսակցության ղեկավարի դատողությունները չեն կարող «չալաղաջային» լինել։ Ցավով պետք է արձանագրել, որ «չալաղաջային» են։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Այս ընտրությունների դրական կողմն այն է, որ ոչմրցակցային լինելով՝ Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել ամբողջությամբ բացվել ու հանրության առաջ հանդես գալ առանց շպարի։

«Քեֆչի Հասանի» համբավ ունեցող Սարգսյանն այս քսան օրվա ընթացքում ցույց տվեց, որ իր մտածողությամբ և արժեհամակարգով շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան ենթադրում էին շատերը։ Արդյունքում ընտրարշավը վերածվեց տրագիկոմեդիայի։

Այս խորագրի վերջին նյութերը