Մեկնաբանություն

14.02.2013 18:48


«Չեբուրաշկա-3». Սերժ Սարգսյանը ապարանցիներին ներկայացրել է ապահով Հայաստանին հասնելու բանաձևը (տեսանյութ)

«Չեբուրաշկա-3». Սերժ Սարգսյանը ապարանցիներին ներկայացրել է ապահով Հայաստանին հասնելու բանաձևը (տեսանյութ)

Տոկոս «խփող» Սերժ Սարգսյանի ընտրարշավը հիշեցնում է բրեժնևյան շրջանի լճացման տարիները։ Տարբերությունն այն է, որ եթե նախկինում Լեոնիդ Իլյիչին քծնում էին ու բանաստեղծություններ ձոնում սովետական առաջադեմ կթվորուհիները և բազմազավակ կոլտնտեսուհիները, ապա այժմ այդ ֆունկցիան կատարում են «պարտխոզակտիվի» ինքնաբուխ բանաստեղծները։ Սերժ Սարգսյանին, ակնհայտորեն, դուր են գալիս քծնանքի հուշ–երեկոյի վերածված հանդիպումները։

Մարտունիում, օրինակ, մեկը դիմելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարել է. «Մարտունեցիները, որոնք այստեղ են և նաև դրսում են, անվերապահորեն ձեզ հետ են։ Ի փառս Աստծո՝ ունենք առաջնորդ, ի դեմս Ձեզ, այսքան դարերի ընթացքում, մենք այդքան հետաքրքիր, ազգի մասին մտահոգ ղեկավար չենք ունեցել»։ Սարգսյանը համեստորեն համաձայնել է այդ տեսակետի հետ։ Նկատենք, որ եթե ելույթ ունեցողը մինչև վերջ բացվեր, ապա պետք է նշեր, որ Սերժ Սարգսյանի հետ են ոչ միայն դրսի, այլև վաղուց մահացած մարտունեցիները։ Ինչևէ։ 

Չէինք հասցրել մարսել դարերի ընթացքում միակը հանդիսացող Սերժի մասին մարտունեցու խոսքը, երբ «բոցեց» ապարանցի մի կին։ Ապարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդ կինն այնպես գովեց Սերժ Սարգսյանին ու այնպիսի բանաստեղծություն նվիրեց Մեծ Առաջնորդին, որ վերջինս ուրախությունից նկատեց, որ եթե երկրում մի 15-20% այդ կնոջ նման մտածեին, ապա ապահով Հայաստանը «նաղդ» կկառուցվեր՝ այդպիսով ներկայացնելով ապահով Հայաստան կառուցելու իր բանաձևն ու ճանապարհային քարտեզը։

Փաստորեն, Սերժի պատկերացրած ապահով Հայաստանում բոլորը պետք է քծնեն իրեն ու ձոն–բանաստեղծություններ նվիրեն, որպեսզի խիարը թարս չբուսնի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Նախորդ դարի 30–ականներից սկսած մինչև Ստալինի մահը պրոպագանդան նրան ներկայացնում էր որպես ժողովուրդների հայր։ Բացի այդ՝ սովետական ժողովրդին համոզել էին, թե Ստալինը շատ բարձրահասակ և հզոր տղամարդ է, այնինչ իրականում Իոսիֆ Վիսարիոնովիչը շատ կարճահասակ էր ու վախկոտի մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը