Մեկնաբանություն

15.02.2013 12:40


Բարի ընտրություննե՞ր, թե՞ հետաձգված հեղափոխություն

Բարի ընտրություննե՞ր, թե՞ հետաձգված հեղափոխություն

Իշխանոթյուններն այս ընտրությունների հիմնական ձեռքբերում են համարում այն, որ ամեն ինչ տեղի է ունենում, այսպես ասած, բարի մթնոլորտում՝ չկա հակադրություն և չկան հանրահավաքներ։ Իրականում, սակայն, այս բարի ընտրությունները հիշեցնում են խրախճանք ժանտախտի պահին։

Չի կարող բարի ընտրություն լինել այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը ձախողել են արտաքին ու ներքին քաղաքականությունը, երբ վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 250 000 մարդ է արտագաղթել, երբ տնտեսությունը հետ է գնացել, երբ մեզանում ցինիզմի ու դեմագոգիայի թագավորություն է տիրում։ Այս պայմաններում բարի ընտրությունները վատ բանի նշան են։

Ինչպես հայտնի է, մարմնի ջերմության բարձրացումը հիվանդության ժամանակ խոսում է այն մասին, որ օրգանիզմն ունի իմունային համակարգ ու պայքարում է հիվանդության դեմ, ինչի հետևանքով էլ ջերմության փոփոխություն է տեղի ունենում։ Եթե օրգանիզմը վիրուսային հարձակման է ենթարկվել, բայց չի ջերմում, ապա դա շատ վտանգավոր երևույթ է։ Պատահական չէ, որ, օրինակ, գրիպի դեպքում բժիշկները շատ հազվադեպ են խորհուրդ տալիս ջերմիջեցնող խմել, քանզի չեն ուզում միջամտել օրգանիզմի առողջ ռեակցիային։ Նույն բանն է խորհուրդ տրվում  նաև վիրահատություններից և տարատեսակ այլ հիվանդություններից հետո, երբ մարդու օրգանիզմը կրկին ջերմում է՝ պատասխանելու համար օտար միջամտությանը։ Այսինքն՝ բժիշկներն ուզում են, որպեսզի մարդու օրգանիզմում դրական իմաստով չար գործընթացներ տեղի ունենան, որպեսզի մարդը բուժվի։

Նույն բանը կարելի է ասել քաղաքական օրգանիզմի մասին։ Եթե երկրում համատարած ձախողումներ են եղել, ապա ընտրական գործընթացի ժամանակ հասարակական օրգանիզմի ջերմությունը պետք է բարձրանա, այսինքն՝ մեզ պետք էին ոչ թե բարի, այլ չար ընտրություններ։ Այս պահին դա տեղի չունեցավ, ինչը որևէ պարագայում չի կարելի ձեռքբերում համարել։ «Բարի» ընտրարշավը ձեռքբերում էր անձամբ Սերժ Սարգսյանի, սակայն կորուստ՝ ՀՀ–ի համար։

Ի դեպ, թող զարմանալի չթվա, որ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի չմասնակցության պարագայում հասարակության որոշակի շերտի մոտ այդուհանդերձ հույս կա, որ քաղաքական անմեղսունակներ Րաֆֆի Հովհաննիսյանով կամ Հրանտ Բագրատյանով հնարավոր է բան փոխել։ Հասարակության մեծ մասը գլխի է ընկնում, թե ինչն ինչոց է և բոյկոտելու է ընտրությունները, բայց հասկանալով հանդերձ, որ ի դեմս Րաֆֆիի ու Հրանտի գործ ունի հաճախորդացուների հետ,  միևնույն է ուզում է վերջին շանսն օգտագործել։ Ասելս այն է, որ Սարգսյանի վարչակազմից ազատվելու այնպիսի հասարակական պահանջ կա, որ նույնիսկ Րաֆֆին ու Հրանտն են ոմանց համար դարձել փրկօղակ։ Դա փրփուրներից կախվելու պես մի բան է, բայց  առողջ ռեակցիա, քանզի մարդը միշտ դրությունը շտկելու ուղիներ է ման գալիս անգամ անելանելի իրավիճակներում։

Թե ինչով կավարտվեն այս «բարի» ընտրությունները, կանխատեսելի է։ Անկանխատեսելին հետընտրական գործընթացներն են, բայց ոչ թե «վաստակավոր մրցակիցների» մասնակցությամբ հետընտրական գործընթացները, այլ ընտրություններին չմասնակցած և իմունային համակարգի որոշակի պաշար ունեցող ուժերի։

Փետրվարի 18–ից հետո մենք երկու տարբերակ ունենք. կա՛մ պետք է համակերպվենք այս վիճակի հետ, կա՛մ գնանք փոփոխությունների։ Համակերպումը կործանմանը համարժեք բան է։ Հետևաբար՝ փոփոխություններն այլընտրանք չունեն։

ԱԺ ընտրություններում կեղծիքների նոր ու կատարելագործված մեխանիզմ ներդնելով՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ցույց տվեցին, որ փոփոխությունները կարող են լինել միայն արյունալի կամ անարյուն հեղափոխության միջոցով, քանզի քվեի  ուժով իրենք չեն հեռանա։

ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը շատ լավ հասկանում էին, որ միայն հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր հասնել փոփոխությունների՝ առանց արյունահեղության։ Ընտրակեղծիքի այնպիսի մեքենա էր ներդրվել, որ միայն հուժկու ալիքով էր հնարավոր ստիպել իշխանություններին առանց ցնցումների հանձնվել։

Իշխանություններն էլ էին լավ հասկանում, որ «Կոնսենսոս մինուս Սերժ Սարգսյանը» իրենց վերջն է և ամեն ինչ արեցին, որպեսզի այն չկայանա. ոմանց գնեցին, ոմանց վախեցրին, ոմանց անմեղսունակությունն օգտագործեցին, ոմանց հավակնությունների վրա խաղացին։ Արդյունքը եղավ այն, որ կոնսենսուս տեղի ունեցավ ոչ թե ընդդեմ Սերժ Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի շուրջը։ Ընդ որում՝ Սերժի շուրջ կոնսենսուսի եկան նաև իրենց «թունդ ընդդիմադիր» համարողները և Լևոն Տեր–Պետրոսյանից վճռական գործողություններ պահանջողները։ Ահա այդ պայմաններում ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը որոշեցին չմտնել ընտրապայքարի մեջ և հնարավորություն չտալ Սարգսյանին տոկոս «խփելու» միջոցով հաղթել իրենց։ Իսկ դա նշանակում է, որ հեղափոխությունը ոչ թե խափանվեց, այլ հետաձգվեց։ Ասել է թե՝ հանրության ներսում կուտակված էներգիան ավելի մեծ պայթյունի կարող է բերել, քանզի «բարի» ընտրություններով Հայաստանի խնդիրները միևնույն է չեն լուծվել ու չեն լուծվելու։

Եվ ամենակարևորի մասին. այս «բարի» ընտրություններով իշխանությունը չկարողացավ ամայացնել քաղաքական դաշտն ու անցնել «Ժառանգորդ» օպերացիայի հաջող իրականացմանը։ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն այս կամ այն չափով պահպանել են իրենց ինքնուրույնությունը և ներքին բարեփոխումներ անելուց հետո հեշտությամբ կկարողանան քաղաքական դաշտը բերել մի քանի ամիս առաջ հաստատված ստատուս–քվոյին։ ՀԱԿ–ն արդեն անցել է գործի և կատարում է անհրաժեշտ քայլերը՝ կառույցին կուսակցական տեսք տալու միջոցով։ ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի խնդիրները մի փոքր այլ են. նրանք խնդիր ունեն կուսակցության վերնախավը ներկայացնող մի հատվածի փոփոխության։

Սերժ Սարգսյանն այժմ շրջապատված լինելով «վաստակավոր մրցակիցներով»՝ լուծել է ընդամենը իր վերարտադրվելու հարցը, սակայն իրեն որպես գործիք օգտագործող երիտօլիգարխիայի ապագայի հարցը չի լուծել, ինչն էլ հունից հանել է վերջինին ու ստիպել ֆորս–մաժորային իրավիճակ ստեղծել այս «գյոզալական» ընտրությունների ժամանակ։ Սակայն կրակողն այնքան դիլետանտ, իսկ Պարույր Հայրիկյանն այնքան անլուրջ գտնվեցին, որ 2018–ի մասին երազող երիտհայերի ծրագրերը խառնվեցին։

«Բարի» ընտրություններից հետո մենք կմտնենք հետաձգված հեղափոխության փուլ, որի ժամանակ պայքարը չար է լինելու և զերծ ձևականություններից։ Երիտօլիգարխիան էլ այդ ամենը շատ լավ հասկանում է։ Դա է պատճառը, որ ընտրարշավի ժամանակ փեսայական լրատվամիջոցները, Սերժի նոմինալ մրցակիցներին թողած, շարունակում էին քննադատել ընտրություներին անվանապես չմասնակցող ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, Ռոբերտ Քոչարյանին ու մասամբ նաև ՀՅԴ–ին, քանզի գիտեն, որ «Ընտրություններ–2013» անունը կրող փոքրիկ ճակատամարտն իրենք հաղթել են և Բրեժնևի նմանակին թողել նախագահի աթոռին, բայց լայնամասշտաբ պատերազմն առջևում է, իսկ պատերազմի ելքը երիտօլիգարխիայի համար՝ անորոշ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը