Լրահոս

15.02.2013 22:13


ԵԱՀԿ–ն, Մոնտեվիդեոն և Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակառակ բանաձևերին

ԵԱՀԿ–ն, Մոնտեվիդեոն և Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակառակ բանաձևերին

Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան եւ Բաքուն  դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին: Հակահայ բանաձեւը, որ առաջադրվում է Բաքվի ներկայացուցչի եւ հովանավորվում Անկարայի կողմից, կրոնական հանգամանքի շեշտակի օգտագործմամբ համաիսլամական է դառնում նման վեհաժողովների ընթացքում. Եգիպտոսի դեպքում եւս տարաբնույթ ուղղություն պիտի չունենար:

Այստեղ անշուշտ հիմնական թիրախը քարոզչական բնույթ ունի, նկատի ունենալով նման բանաձեւերի անարդյունավետությունը իրավաքաղաքական գետնի վրա. այսուհանդերձ թուրք-ադրբեջանական մարտավարությունը կարեւոր նպատակ է հետապնդում: Իսլամական այս երկրները ի վերջո ՄԱԿ-ի անդամ պետություններ են. Արցախի խնդրի նկատմամբ ՄԱԿ-ում տեղի ունենալիք քվեարկությունների ենթահող պատրաստելու են միտված եւ նրանց դիրքորոշումներն են կանխապատրաստում: Իսլամական երկրները իրենց վեհաժողովների եւ ՄԱԿ-ի համագումարներում Արցախի հարցի նկատմամբ դիրքորոշում պահելու հետեւողականության հանձնառությունը վերահաստատում են ամեն առիթով:

Այս մարտավարության զուգահեռ ուղղությունը` Բաքվի կողմից արցախյան հակամարտության բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելն է: ՄԱԿ-ը թիվ 822,853,874 եւ 884 բանաձեւերով հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն ջանում է այդ բանաձեւերի իրավաքաղաքական տրամաբանության պարունակում լուծել հարցը: Իսլամական վեհաժողովների բանաձեւերը փոխադրել ՄԱԿ, որին զուգահեռ բանակցային ձեւաչափը տեղափոխել ԵԱՀԿ-ից ՄԱԿ:

Եգիպտոսի վեհաժողովի որդեգրած բանաձեւը նույն հանկերգներ է բովանդակում` տարածքային ամբողջականություն, ՄԱԿ-ի որդեգրած բանաձեւերի գործադրության պահանջ, մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժողովրդագրական բռնի ձեւափոխման դեմ բողոք, ինչպես նաեւ տնտեսական ապօրինի գործունեության ընդգծում: Այս բանաձեւում հատուկ մի կետ կարող է դիտարկվել իբրեւ հակազդեցություն Արցախի ապահոված հստակ առավելությանը: Բանաձեւը կոչ  է ուղղում պետություններին՝ իրենց պաշտոնական ներկայացուցիչներով չներգրավվելու ապօրինի գործունեության:

Այս կետի ետեւում կանգնած թուրք-ադրբեջանական մտահոգությունը ավելի մասնակիորեն մեկնաբանելու համար օգտակար է նկատի ունենալ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարությունում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Հուլուսի Քըլըճի  հետեւյալ հայտարարությունը.- «ՄԱԿ-ի կողմից որդեգրված չորս բանաձեւերում ադրբեջանական հողամասերի բռնագրավումը բացահայտ եւ հստակ կերպով նշված է: Հետեւաբար, բռնագրավված հողամասերի վերեւ գտնվող օդային տարածքը եւս Ադրբեջանին է պատկանում: Բռնագրավված հողերի վերեւ թռիչքները ներկա կացությունում լարվածություն կստեղծեն եւ տագնապի խաղաղ լուծմանը կհարվածեն: Այդ տարածքները Ադրբեջանի պատմական հողեր են (…): Այդ հողերի վերեւ բոլոր թռիչքները ապօրինի են: Մաղթում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ավելի արմատական միջոցառումներ կորդեգրի կանխարգելելոււ համար թռիչքները, որոնք հավելյալ լարվածության կարող են հանգեցնել: Կհուսանք, որ Հայաստանը Ադրբեջանի բռնագրավյալ հողամասերի վերեւ թռիչքներ չի կատարի: Հայաստանը պետք է բռնագրավված հողերից անմիջապես հեռանա»:

Այժմեական երկու խնդիր նկատի ունի թուրք դիվանագետը այս հայտարարությունում: Առաջինը՝ կարող է Մոնտեվիդեոյի նախաճանաչման քայլը եղած լինել, իսկ երկրորդը, որ ուղղակի է ասվում` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման տեսանելիությունը: Այն կոչը` պետություններին չներգրավվելու «ապօրինի» գործունեություններում  նման երեւույթների է ակնարկում՝ առաջինի դեպքում անուղղակի, իսկ երկրորդի դեպքում՝ ուղղակի:

Բանաձեւերի հաջողության դիմաց գետնի վրա քաղաքական ձախողություններ է կրում Բաքուն: Թե՛ Մոնտեվիդեոն եւ թե՛ Ստեփանակերտի օդանավակայանը այդ բանաձեւերի անարդյունավետությունը ընդգծող փաստեր են, որոնց վրա լուսարձակների կենտրոնացումը անհրաժեշտ նկատելը չի ենթադրում բնականաբար իսլամական վեհաժողովների թե ՄԱԿ-ում թուրք-ադրբեջանական գործոնի արձանագրած առավելությունների թերագնահատումը: Իսկ այստեղ, հայկական կողմի ճիգերի գերլարում պետք է Սփյուռքի  հասարակական կազմակերպությունների եւ պետական դիվանագիտական մեքենաների համակարգված աշխատանքները գործնականացնելու ուղղությամբ:

Նախադրյալներ կան մտածելու որ իրոք, Մոնտեվիդեոն առաջնորդվում է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, իսկ Ստեփանակերտի օդանավակայան առաջին ժամանողներից կլինեն ԵԱՀԿ-ի բանագնացները: Այս վերջին իրողությունը կարող է  համոզիչ դարձնել, որ բանակցային գործընթացի ձեւաչափը պիտի շարունակի մնալ ԵԱՀԿը: Հակառակ` Անկարայի եւ Բաքվի ճիգերին եւ անցկացրած բանաձեւերին։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը