Մեկնաբանություն

16.02.2013 01:28


Պարույրը «քաշեց» Սերժին ու «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարող ուժերին

Պարույրը «քաշեց» Սերժին ու «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարող ուժերին

«Կոտոշներ և սմբակներ» ոճի գրասենյակների վերածված «անկախ» լրատվամիջոցները դեռևս 2008–ից մեծահասակների համար նախատեսված մի հեքիաթ են հորինել և դրել շրջանառության մեջ։ Ըստ այդ հեքիաթի՝ հայաստանյան քաղաքական դաշտն իբր բաժանված է երկու մասի։ Մի կողմում բարի արևմտամետներն են (Սերժ Սարգսյանը և բոլոր սերժամետ ուժերը), իսկ մյուս կողմում՝ ռուսական իմպերիալիզմի չար կողմնակիցները (Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, օլիգարխները,  կախված իրավիճակից՝ նաև ՀՅԴ–ն)։

Չար ռուսամետները, երիտհայերի մատուցմամբ, սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ ահա բարի արևմտամետները «չերեզ» քաղաքացիական հասարակություն պայքարում են Հայաստանի անկախության ու ժողովրդավարության համար, և հետևաբար՝ Սերժը չարյաց փոքրագույնն է։

Այս հեքիաթի ինտենսիվ տարածմամբ զբաղվող «անկախ» լրատվամիջոցներին չէր խանգարում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը միակ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյան է, ով պարգևատրվել է իր թիմի կողմից չար ու իմպերիալիստական որակված Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ «Անկախներին» չէր խանգարում նաև այն, որ Սարգսյանը ստորագրել է ՌԴ ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում 49 տարով երկարաձգելու մասին պայմանագիրը։ Ինչպես ասում են՝ որպեսզի բլեֆը ստացվի, պետք է ինքդ հավատաս դրան կամ հավատացնես «կուտը» ուտողներին։ 

Ռուսամետ–արևմտամետ կեղծ բաժանումը Սերժի նեղ թիմին պետք էր  հայաստանյան խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու և ներքաղաքական «մուտիլովկաներին» «աշխարհաքաղաքական» նշանակություն տալու համար, և նրանք այդ հարցում մասամբ հասան հաջողության, քանի որ ահագին քանակի «մտավորական», դեմքի լուրջ արտահայությամբ, քննարկում էր «օրհասական» դարձած «զարգացման վեկտորի» խնդիրը։ Նման «գլոբալ» բաներ մեր «առաջադեմ մտավորականությունը», փորձատգիտական շրջանակները և քաղքենիական զանգվածը շատ է սիրում, և հաճույքով ըմպում է իրեն մատուցվող անհամ «կոկտեյլը»։ 

Քաղաքական ուժերի «ռուսամետ–արևմտամետ» կեղծ բաժանումը երիտօլիգարխիան օգտագործում էր նաև Սերժի հաճախորդների գործողություններին «գաղափարական» տեսք տալու նպատակով։ Իրենց թունդ ընդդիմադիր և նույնքան թունդ արևմտամետ ներկայացնող դավիթշահնազարյանները, արամզավենիչներն ու մյուսները Սերժ Սարգսյանին ծառայելը «լեգիտիմացնում» էին հենց այդ՝ «Սերժը չարյաց փոքրագույնն է, քանզի պայքարում է իմպերիալիստական Ռուսաստանի դեմ» բլեֆ–կոդով։

Դժվար է ասել, թե քանի հավ էր հավատում աշխարհի հզորների կողմից Հայաստանին ներկայացվող աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին մեզանում շրջանառվող հեքիաթին, բայց դատելով Պարույր Հայրիկյանի վրա արձակած կրակոցից րոպեներ անց սոցցանցերում առկա մեկնաբանություններից՝ «առաջադեմների» քանակը փոքր չէր։ «Ռուսաստանը կրակեց ՀՀ անկախության վրա», «Իմպերիալիստական Ռուսաստանը հարամում է ընտրությունները» և նմանատիպ այլ ձևակերպումներն այնքան առատ էին, որ մի պահ թվաց, թե շուտով  զանգվածային փսիխոզ կսկսվի։

Ոմանք այնպիսի սրտաճմլիկ տեսակետներ էին հայտնում իբր արևմտամետ Պարույրի հետ տեղի ունեցածի և իրենց պատկերացրած չար իմպերիալիստական Ռուսաստանի մասին, որ միայն կարելի էր Սերժի պես քահ–քահ ծիծաղել։ Երիտհայերի տված «կուտը», պարզվեց, ահագին տառաճանաչ մարդ կերել էր։

Կրակոցին հետևած և հմտորեն ուղղորդվող «հայրենասիրական» ու «հակաիմպերիալիստական» համընդհանուր պոռթկման մեջ երիտօլիգարխիան իր համար բարեբաստիկ առիթ տեսավ՝ ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու և հայաստանյան «չար ռուսամետ» ուժերի հարցերը «պոդ շումոկ» լուծելու համար, սակայն Պարույր Հայրիկյանը խառնեց «բարի արևմտամետների» մասին պատմվող հեքիաթի հեղինակների խաղաքարտերը՝ հընթացս «խուրդելով» սեփական անցյալը, ներկան և ապագան։

«Հակաիմպերիալիստական» Պարույր Հայրիկյանը վերջին երկու շաբաթվա ընթացքում այնպես պայթեցրեց իմպերիալիստական Ռուսաստանի և արևմտամետ Սերժի շուրջը տարիներ շարունակ շրջանառվող միֆը, որ էլ չասելու։ Հայրիկյանը զուգահեռաբար «փչացրեց» նաև «անկախ» մամուլին։ Ճիշտ է, ինքն էլ հետը «փչացավ», բայց ակամայից ահագին դրական գործ արեց։

Հայրիկյանն իր բորսայական սակարկություններով նույնիսկ «ամենաառաջադեմ մտավորականին» համոզեց, որ «իմպերիալիստական Ռուսաստանի», հայաստանյան չար ռուսամետ ուժերի և բարի արևմտամետների մասին տարածված խոսակցություններն ընդամենը մանր ժուլիկություն են և նախատեսված են թեթևաբարո քաղաքական գործիչների, այդ գործիչների «գլոբալ» քայլերին հետևող հավի խելքով «առաջադեմների», ինչպես նաև ներքաղաքական «մուտիլովկաների» համար։ Հայրիկյանը ցույց տվեց, թե ինչ արժե «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարը և ինչքանով կարելի է այն վաճառել։

Հիմա բոլորը հասկացան, որ «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարի խորհրդանիշ Հայրիկյանն ընդամենը Արտաշես Գեղամյանի տիպի գործիչ է, իսկ իմպերիալիզմի դեմ պայքարի գաղափարը՝ բլեֆ։

Բոլորը տեսան, որ «չար իմպերիալիստների» դեմ «բարի արևմտամետները» պայքարում են Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող հիվանդանոցի սենյակում կայացած պայմանավորվածությունների շրջանակներում։

Նողկալի էր հետևելը, թե ինչպես էր Հայրիկյանը չար ռուսամետից (երբ որոշում էր դիմել ՍԴ և հետաձգել ընտրությունները) մի քանի ժամվա ընթացքում դառնում բարի արևմտամետ ու իմպերիալիստական Ռուսաստանի ծրագրերը խափանող (երբ ընդառաջ էր գնում «արևմտամետ» Սերժի խնդրանքին ու հետ վերցնում դիմումը ՍԴ–ից)։

Մի խոսքով, Պարույրի վրա կրակոցից հետո «բարի արևմտամետները» չկարողացան պղտոր ջրում ձուկ որսալ, քանզի կրակվողը «քաշեց» բոլորին։ Ահա այսպես ավարտվեց «արևմտամետ ու բարի Սերժի», և «չար իմպերիալիստների» մասին տարածվող հեքիաթը։ Սպասենք նոր հեքիաթների։

Կորյուն Մանուկյան  

Այս խորագրի վերջին նյութերը