Լրահոս

24.06.2009 13:24


«Արմենական» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության» ստեղծման վերաբերյալ

Հայաստանյան մամուլից տեղեկացանք, որ Թեքեյան կենտրոնում հունիսի 19-ին տեղի է ունեցել «Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության»  աշխատանքային ժողովը, որը ներկայացվում է իբրև համագումար:

Մեր բոլոր ջանքերը՝ «ստեղծվող» կազմակերպության պատասխանատուներին գտնելու ուղղությամբ, անցան ապարդյուն, հետևաբար «Արմենական» հասարակական կազմակերպությունը ընտրել է իր բողոքը հայտնելու այս ձևը:

                                          Հայտարարություն 

«Արմենական» հասարակական կազմակերպությունը (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության  կողմից, վկայական թիվ  03Ա  067274  ներդիր 003) իր բողոքն է հայտնում նույնանուն  քաղաքական կազմակերպություն ստեղծելու փորձի  առիթով, քանի որ ՀՀ կուսակցությունների  մասին օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետում պարզ գրված է.

- կուսակցության անվանումը և դրա  հապավումը պետք է տարբերվեն արդեն իսկ գործող կուսակցությունների  և  հասարակական միավորումների անվանումներից ու դրանց հապավումներից:

Թեքեյան կենտրոնում աշխատանքային ժողով կազմակերպած նախաձեռնող խումբը  խախտել է նաև ՀՀ  կուսակցությունների մասին օրենքի  2-րդ գլխի 12-րդ հոդվածի 1-ին կետը, որտեղ գրված է.

- հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր  համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են՝

ա) կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամանակի մասին լրատվություն, 

բ) կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:

Մեր ուսումնասիրությունները  պարզեցին, որ իրենց արմենական-ռամկավար ազատական կուսակցություն հորջորջող հիմնադիր-կազմակերպիչները  չեն կատարել օրենքի «ա» կետի պահանջը, որտեղ գրված չի եղել, որ «համագումարը» փակ է լինելու  և   «բ»  կետի պահանջը, հակառակ պարագայում  մենք մեկ ամիս առաջ կտեղեկանայինք մամուլից, որ մեր հասարակական  կազմակերպությանը նույնանուն  քաղաքական կազմակերպություն ստեղծելու փորձ է արվում: 

Զավեշտալի են նաև մամուլում հրապարակված հետևյալ փաստերը.

- ժողովը որակվում է համագումար այն դեպքում, երբ պատասխանատուները իրենք են մամուլում հայտարարում «դռնփակ աշխատանքային հավաքի» մասին.

- «հիմնադիր համագումար» կոչված ժողովին օտար երկրի քաղաքացին՝ Հակոբ  Ավետիքյանը, հանդիսանալով լրատվամիջոցի ներկայացուցիչ, դուրս է հրավիրում  դահլիճից  Հ1,  Հ2  հեռուստաընկերությունների, «Առավոտ»  և  «Հրապարակ»  օրաթերթերի,  «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին, ելույթ ունենում քաղաքական թեմաներով: Սա արդեն ՀՀ Սահմանադրության և ՀՀ կուսակցությունների մասին օրենքի խախտում է, որտեղ նշված  է, որ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, առավել ևս սահմանափակելու  մամուլի ազատությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Վերը նշվածի կապակցությամբ մենք մեր բողոքն ենք հայտնում, քանի որ ի հայտ է եկել մարդկանց խմբակ, որը իրավաբանական անգրագիտություն ցուցաբերելով հանդերձ,  ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկ այս «պատմության» մեջ զավեշտալին այն է,  որ 20 հոգանոց օրինախախտ աշխատանքային ժողովը ողջունում է ՀՀ նախագահը:

 «Արմենական» երիտասարդական միավորում

հասարակական կազմակերպության նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը