Լրահոս

16.02.2013 11:00


Արման Մելիքյան. «Ունենալով ընտրական տարիքի հասած 2.257.586 բնակիչ, Հայաստանն ունի 2.501.597 գրանցված ընտրող»

Արման Մելիքյան. «Ունենալով ընտրական տարիքի հասած 2.257.586 բնակիչ,  Հայաստանն ունի 2.501.597 գրանցված ընտրող»

Հայաստանի Հանրապետությունից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակը ճշգրտող և այդ մարդկանց քվեների հավելագրման միջոցով ընտրությունների կեղծումը կանխարգելող  հաշվարկի  մեթոդաբանությունը

Սույն տեղեկանքը պատրաստված է բաց շրջանառության մեջ գտնվող լրատվության հիման վրա` օգտագործված են տվյալ թեմային վերաբերող մամուլի հրապարակումները, Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի (International Institute for Democracy and Electoral Assistance) կողմից հրապարակված վիճակագրական տվյալները և ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկանքները:

Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն անկախացումից ի վեր Հայաստանը լքել է մոտ մեկուկես միլիոն քաղաքացի (տե′ս, օրինակ` http://kavkasia.net/Armenia/2011/1318145611.phphttp://www.kavkaz-uzel.ru/articles/171980/): Ստորև ներկայացվում է տասնհինգ պետությունների վերաբերյալ վիճակագրական աղյուսակը, որում նշվում է յուրաքանչյուր երկրի բնակչության թիվը, ընտրական տարիքի հասած բնակչության տոկոսային հարաբերակցությունը` բնակչության ընդհանուր թվի նկատմամբ, գրանցված ընտրողների թիվը, գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունն ընդհանուր բնակչության թվի նկատմամբ, գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունը` ընտրական տարիքի հասած բնակչության թվի նկատմամբ: Այստեղ անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ տարբեր երկրների մասով` տրված թվային համամասնությունների վերաբերյալ: Նախ, հարկավոր է հաշվի առնել, որ տոկոսային առումով ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների տոկոսային հարաբերակցությունն` ընդհանուր բնակչության թվի նկատմամբ էապես պակաս է, քան համեմատաբար տարեց բնակչություն ունեցող երկրներում: Այսպես` Ադրբեջանում, Թաջիկստանում, Թուրքիայում, Իրանում այդ հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար` 62.32%, 59.30%,68.92% և 69.19%, մինչդեռ տարեց բնակչությամբ երկրներում` Չեխիայում, ՈՒկրաինայում և Ռուսաստանում այն կազմում է համապատասխանաբար 82.99%, 82.73%  և 81.65%: Հայաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 76.00%: Հայաստանի պարագայում ուշադրություն են գրավում հատկապես այն տվյալները, որոնք վերաբերում են գրանցված ընտրողների` բնակչության ընդհանուր թվի նկատմամբ  ունեցած տոկոսային հարաբերակցությանը` ՀՀ  մոտ 2.5 միլիոն ընտրողները կազմում են բնակչության 84.21%: Աչք է ծակում  նաև գրանցված ընտրողների տոկոսային հարաբերակցությունը` ընտրական տարիքի հասած բնակչության նկատմամբ – 110.81%: Ստացվում է, որ գրանցված ընտրողների թվաքանակը մոտ տասնմեկ տոկոսով ավել  է ընտրական տարիքի հասած բնակչության թվաքանակից: Վերջին երկու ցուցանիշներով Հայաստանին գերազանցում է միայն Ալբանիան, որի համար դրանք կազմում են համապատասխանաբար`  96.57%  և 136.13% :  Այս ցուցանիշներին մոտ են նաև Իսրայելն ու Ֆինլանդիան (տես աղյուսակը` հավելված 1): Ալբանիայի, Իսրայելի և Ֆինլանդիայի պարագայում այդօրինակ համամասնությունը հասկանալի է, քանի որ այդ պետությունների ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների զգալի մասը իրենց քաղաքացիության երկրի մշտական բնակիչ չեն` մշտապես բնակվում են այլ պետություններում և, հիմնականում, փաստացի երկքաղաքացիներ են: Հայաստանի պարագայում հստակ հայտնի է, որ մինչև 2013թ. հունվարի 16-ը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել այլ պետության 45674 քաղաքացու և այդ երկքաղաքացիներից 28859-ը ստացել են ՀՀ քաղաքացու անձնագիր ու ընդգրկվել բնակչության պետական ռեգիստրում, այդպիսով` նաև ձեռք բերելով ընտրություններին մասնակցելու իրավունք: Ակնհայտ է, որ վերը ներկայացված երկքաղաքացի ընտրողների թվաքանակը չի կարող կազմել վերը նշված տասնմեկ տոկոսի հասնող անհամամասնությունը Հայաստանի պարագայում:

Ըստ ԺԸԱՄԻ-ի կողմից ներկայացված տվյալների ՀՀ բնակչությունը կազմում է մոտ երեք միլիոն մարդ (2012թ. դրությամբ): Միաժամանակ հարկ է հիշել, որ ՀՀ բնակչության մի զգալի մասն են կազմում ադրբեջանահայ փախստականները, որոնց թիվը ժամանակին եղել է 362.000: Այդ մարդկանցից ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել միայն մոտ ութսուն հազարը` մնացածները չունեն ընտրություններին մասնակցելու իրավունք, հաշվառված են որպես ՀՀ-ում բնակվող, սակայն նրանց զգալի մասն արդեն հեռացել է Հայաստանից: Սա նշանակում է, որ ընտրական տարիքի հասած ՀՀ բնակչության մի զգալի մասն էլ` փախստականի կարգավիճակ ունենալով` զուրկ է ձայնի իրավունքից, սակայն հաշվառված է որպես երկրի բնակիչ: Ստացվում է, որ ունենալով ընտրական տարիքի հասած 2.257.586 բնակիչ,  Հայաստանն ունի 2.501.597 գրանցված ընտրող, որոնցից միայն 28859-ն են երկքաղաքացիներ, իսկ մշտական բնակչության մոտ հինգ տոկոսն էլ, թերևս, ձայնի իրավունք չունեցող փախստականներն են: Այսինքն, արդեն այս հաշվարկի շրջանակներում, որը արտագաղթի վերաբերյալ տվյալներ բոլորովին չի պարունակում,  ստացվում է, որ մոտ 400.000 ընտրողներ գտնվում են ՀՀ-ից դուրս: Երբ այս խնդիրը դիտարկում ենք արտագաղթի վերաբերյալ եղած տեղեկատվության վերլուծության համատեքստում, ապա կստացվի ավելի հստակ պատկեր`ըստ գնահատականների Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ: Ընդունելով, որ որպես ընտրող գրանցված քաղաքացիները կազմում են ընդահանուր բնակչության 84%  և այդ տոկոսային հարաբերակցությունը կիրառելով ՀՀ-ից հեռացած մեկուկես միլիոն քաղաքացիների մեջ ձայնի իրավունք ունեցողների քանակը ճշտելու համար, կստացվի` որ ՀՀ-ից հեռացել է 1.260.000 ընտրողներ կամ ընտրացուցակներում ներառված ընտրողների մոտ հիսուն տոկոսը: Այս իրավիճակում, եթե հավատալու լինենք Հայաստանում անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքում հրապարակված տվյալներին, որոնց համաձայն ընտրություններին կմասնակցի հարցվածների 56% (իսկ այդ հարցումներն անց են կացվել բացառապես ՀՀ տարածքում), ապա փետրվարի 18-ին քվեատուփերին կմոտենա առավելագույնը 800-850 հազար ընտրող:

Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հետազոտական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը