Մեկնաբանություն

16.02.2013 12:18


Սերժ Սարգսյանի «այլախոհությունը»

Սերժ Սարգսյանի «այլախոհությունը»

Սերժ Սարգսյանի քարոզարշավն աչքի ընկավ ոչ միայն «կիքսերով» ու ծիծաղաշարժ իրադարձություններով, այլև ուշագրավ բացահայտումներով։

Պարզվում է, որ գրեթե քառորդ դար իշխանական համակարգի ներսում գտնված և տարբեր բարձր պաշտոնների հասած (ընդհուպ մինչև երկրի նախագահ) Սարգսյանն այլախոհ է եղել և յուրօրինակ պարտիզանությամբ զբաղվել։

Եթե հավատալու լինենք ՀՀԿ ղեկավարի ելույթներին, ապա նա մենակ մնալիս հոնգուր–հոնգուր լացել է և իրեն պատեպատ տվել Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, քանզի տեսել է բազում անարդարություններ և հազիվ է իրեն զսպել, որ խարակիրի չանի։

Սարգսյանն ատամները կրճտացնելով մի կերպ համակերպվել է իրավիճակի հետ և ծպտուն չի հանել՝ ներս գցելով ապրումները։ Այդ ապրումներն էին, թերևս, պատճառը, որ նա  նյարդերը հանգստացնելու համար կազինո–մազինո էր գնում ու Դալլաքյան Վիկտորի ասած թվերով կոն դնում Մոնտե Կառլոյում։ Կազինոյում իր ուզած թվերը «խփելով»՝ նա «կոպեկ–կոպեկ» կուտակում էր, որպեսզի հետագայում պայքարի տասնամյակների ընթացքում կուտակված աղաղակող անարդարությունների դեմ։ Եվ ահա եկավ 2008թ., ու նա հնարավորություն ստացավ ասելու իր սրտի խոսքը և անելու իր մտքում եղածը։ Քոչարյանն ու Տեր–Պետրոսյանը, անշուշտ, խանգարեցին, բայց նա կամք դրսևորեց ու մարտի 1–ին (ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ, իհարկե) վերջապես ճանկեց «գառան մորթին»։ Այդ պահից սկսած՝ Հայաստանը մտավ իր պատմության ամենալուսավոր շրջանը, քանզի նախորդների օրոք մերժված ընդդիմադիր գործիչները վերջապես ստացան իրենց արժանի վարձատրությունը, իսկ լրագրողական աշխարհը սկսեց լողալ փողի մեջ։ Ճիշտ է, դրա գինը Հայաստանը լքած 250 000 մարդն է և հետ շպրտված տնտեսությունը, բայց ինչպես դիպուկ նկատեց Սերժը՝ ինքը չի մեղավոր, որ մարդիկ Ռուսաստան են գնում, և որ խիարը թարս է բուսնում։

Դատելով Սարգսյանի նախընտրական ելույթներից ու հատկապես եզրափակիչ խոսքից՝ նա այլախոհ ու ծպտյալ ընդդիմություն է եղել նաև ի՛ր նախագահության օրոք։ ՀՀԿ ղեկավարին խանգարել են նույն Տեր–Պետրոսյանն ու Քոչարյանը, բայց նա իր ջահելների հետ միասին պայքարել է չար երևույթների դեմ ու բարություն քարոզել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

«Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով»,– հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է աշխարհի ամենաընդդիմադիր իշխանության տեր Սերժ Սարգսյանը։

Թվում է, թե ավելի դիպուկ ինքնագնահատական, ավելի կոշտ որակում սեփական կառավարման շրջանին ու մեթոդներին դժվար է տալը, բայց արի ու տես, որ Սարգսյանը, փաստորեն, տարանջատվում է ինքն իրենից։ Նրա ելույթները, ըստ այդմ, անսահման ցինիզմի ու դեմագոգիայի վառ օրինակներ են, կամ էլ՝ անմեղսունակության, երբ մարդը Բրեժնևի պես պարզապես կարդում է այն ինչ գրվել է՝ չզգալով, որ սեփական ծոցում տաքացվող երիտօլիգարխիան մի կողմից «ղժժում» է իր վրա, իսկ մյուս կողմից՝ «Ժիվիմի մի նե զդադիմսյա» կոնսպիրոլոգիական տարբերակով անուղղակիորեն հարաբերվում բազմաչարչար հայ ժողովրդի հետ։ Ամեն դեպքում անհարմար բան է ստացվում։ Հազար ենք ասել՝ փեսուն երես չեն տա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երեկ ՄՀՀ–ում Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները վերջին հինգ տարիների ընթացքում երկրի նախագահի պաշտոնում հայտնված մարդու քարոզչական մարտավարության խտացված տարբերակն էր. քննադատել այն, ինչի մեջ քեզ են մեղադրում, պախարակել այն, ինչը քեզ է հատուկ և խոստանալ այն, ինչը չես ուզում ու չես կարող անել։

 «Ես բնավ չեմ պատրաստվում ձեռքերս ծալած հետևել, թե ինչպես են ոմանք քննարկում երկիրը հետընթաց ճանապարհով ուղղելու հեռանկարը: Դեպի այն օրերը, երբ հասարակ մարդիկ դառը քրտինքով տարիների աշխատածը կորցնում էին մի գիշերվա մեջ։ ...Երբ անարդարությունից դառնացած հայաստանցին լքում էր հայրենիքը, խռով հոգով»,– նշել է Սարգսյանը:

ՀՀԿ ղեկավարը, երևի, նկատի ունի այն շրջանը, երբ Սաշիկն էր փայ մտնում այլոց բիզնեսի մեջ, կամ երբ Միշիկն էր դառնում դառը քրտինքով աշխատած մարդկանց գործի փայատեր կամ տեր։ Ըստ Սարգսյանի՝ այլևս նման բաներ չեն լինելու, և մենք հետընթացի ճանապարհով չենք գնալու։

Ինչ վերաբերում է երկիրը լքող հայաստանցիներին, ապա նրանք դա արել են ընդհատակյա գործիչ Սերժ Սարգսյանի (1988-2008թթ.) և ընդդիմության առաջնորդ Սերժ Սարգսյանի (2008-2013թթ.) օրոք, իսկ ահա նախագահ Սերժ Սարգսյանի (2013-? թթ.) կառավարման շրջանում նման բաներ արդեն չեն լինի, քանզի գնում ենք դեպի  ապահով Հայաստան։

Այս խորագրի վերջին նյութերը