Մեկնաբանություն

19.02.2013 14:14


Ընտրական մեռելոց կամ «Չեբուրաշկային» քշելու ժամանակը

Ընտրական մեռելոց կամ «Չեբուրաշկային» քշելու ժամանակը

Այս իշխանության միակ «բարեփոխումն» այն է, որ կանոնավոր կերպով մեռելոցներ են հայտարարվում։ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը որքան ապաշնորհ էր պետական կառավարման, նույնքան արդյունավետ էր երկուշաբթիները մեռելոցներ հայտարարելու հարցում։

Շատ խորհրդանշական էր, որ նախագահական ընտրությունները ևս նշանակվեցին երկուշաբթի օրը, որը վերածվեց ընտրական համակարգի մեռելոցն ազդարարող միջոցառման։ Քվեարկության արդյունքները կեղծվեցին ամենակոպիտ ձևով։

Ընտրության իրական արդյունքները մեկ բան են նշանակում. մարդիկ այնքան են զզվել «նախաձեռնողական» այս իշխանությունից, որ մեկ քվե անգամ չեն տվել Սերժ Սարգսյանին։ Նրա ստացած ձայները բացառապես «բերովի» ու «նկարովի» են։ Ուրիշ ձայն նա չունի։ Եվ այս ամենի ֆոնին ցինիկ են հնչում այն խոսքերը, որոնք Սերժը, հայտնի մուլտֆիլմի Չեբուրաշկայի ոճով, արտասանեց ՀՀԿ–ի գրասենյակում՝ արժանանալով թիմակիցների ծափահարություններին։

Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ ընտրության առաջ է կանգնած։ Նա դարձել է Սերժին դեմ քվեարկած մարդկանց, այսինքն՝ հայաստանցիների ճնշող մեծամասնության ձայների մարմնավորողը։ Սակայն այդ ձայներն արագ կփոշիանան, եթե նա չընտրի կոշտ և ոչիմիտացիոն պայքարի ճանապարհը։ Փեսայական լրատվամիջոցներն այժմ փորձում են «փշե–փշե» անել ու էժանագին «քաղաքացիականության» ճանապարհով տանել «Ժառանգության» առաջնորդին, բայց ամեն ինչ Րաֆֆիի ձեռքերում է։ Նա պետք է ընտրություն կատարի։

Ճիշտը, անշուշտ, նավակը ճոճելու տարբերակն է։ Իշխանական համակարգը պատրաստ չէ դիմակայելու ճոճմանը։ Գիտակցո՞ւմ է այս ամենը Րաֆֆին։ Կկարողանա՞ արդյոք նա իր համար բարենպաստ քաղաքական դասավորությունն օգտագործել ու հասնել իշխանափոխության։ Սրանք հարցեր են, որոնցից նա խուսափում էր նախընտրական փուլում։ Հիմա եկել է ճշմարտության պահը։ Անցան վարսավիրանոց գնալու և շոուների ժամանակները։ Հիմա կամ–կամի ժամանակն է։ Կա՛մ նա տեր կկանգնի ձայներին, կա՛մ կվերադառնա իր նախկին կարգավիճակին։

ՀՀ քաղաքացիները դեռևս քվեարկությունից առաջ էին իշխանափոխության հստակ պատվեր տվել։ Բուն քվեարկության օրն այդ պատվերը վերահաստատվեց։ Եթե Րաֆֆին համարել է, որ ֆարսի վերածված ընտրական միջոցառման մեջ մտնելով՝ ինքը կարող է բավարարել այդ պատվերը, ապա այժմ գործով պետք է ապացուցի, որ հնարավոր է։

Մի բան էլ. հետընտրական գործընթացի ցանկացած ելքի դեպքում Րաֆֆին չպետք է ընդունի ընտրության արդյունքներն ու չանի այն, ինչ արեց 2008թ. ընտրությունների ժամանակ, այսինքն՝ չմասնակցի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը («ժառանգության» 2,5–հոգանոց խմբակցությունը նույնպես)։ Այլապես որևէ ձևով չի տարբերվի գեղամյաններից ու բաղդասարյաններից և բոլորիս կապացուցի, որ ճիշտ էր այն տեսակետը, ըստ որի նրան պարզապես «փչել» են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը