Մեկնաբանություն

21.02.2013 01:49


Րաֆֆին պատային վիճակի մեջ դրեց Սերժին

Րաֆֆին պատային վիճակի մեջ դրեց Սերժին

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը նախապես «բրոնյա» էր արել Ազատության հրապարակը և որոշել էր, որ տոկոսները բարեհաջող կերպով «խփելուց» հետո փետրվարի 21–ին «հաղթական» հանրահավաք կանցկացնի և կձերբազատվի հինգ տարի առաջ իրեն ուղեկցող դատարկ տոպրակի բարդույթից։ Սակայն ՀՀ քաղաքացիները «փոզմիշ» արեցին Սերժի ծրագրերն, ու նա կշարունակի մնալ նույն հոգեվիճակում, քանզի հազիվ թե ռիսկ անի մտնել Ազատության հրապարակ. նրան տեղում ցույց կտան, թե խիարն ինչպես է բուսնում։

Բանն  այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի հետ հանդիպել և հարցերը քննարկել Ազատության հրապարակում՝ իշխանության պլանավորած հանրահավաքի ժամանակ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սերժն իր խոսնակի միջոցով, ի պատասխան Րաֆֆու առաջարկի, պատրաստակամություն հայտնեց նրա հետ «գյալաջի» անել նախագահականում։ Րաֆֆին գնդակն ուղարկեց Բաղրամյան 26՝ պատային վիճակի մեջ դնելով Սերժ Սարգսյանին։

Սերժն այժմ երկու տարբերակն ունի՝ ա) գնալ Ազատության հրապարակ, բ) չեղյալ հայտարարել «հաղթական» հանրահավաքը և խուսափել հրապարակի հետ առերեսվելուց։

Առաջին տարբերակի դեպքում մեծ է մարդկանց տարբեր խմբերի բախման, ինչպես նաև Սարգսյանի նվաստացման հավանականությունը։ Նա կհայտնվի շատ անհարմար վիճակում այնպես, ինչպես հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների նախաստորագրման փուլում, երբ ստիպված էր սփյուռքահայերից պաշտպանվել Ֆրանսիայի, ԱՄՆ–ի ու Լիբանանի ոստիկանների օգնությամբ։ 

Ամենայն հավանականությամբ՝ Սարգսյանը կընտրի երկրորդ տարբերակն ու կխուսափի սեփական հանրահավաք–համերգից։ Նա պարզապես կվախենա մարդկանց մեջ մտնել։ Բայց մյուս կողմից էլ եթե իրոք ստացել է ընտրողների 58 տոկոսի ձայները, այլ ոչ թե «խփել», ապա ինչո՞ւ չպետք է գա ու շփվի ընտրողների հետ։ Չէ՞ որ իր թիմի հետ «հաղթանակը» նշելիս հայտարարում էր, որ իրեն համարում է նաև ուրիշի օգտին ձայն տված ՀՀ քաղաքացիների նախագահը, որ հարգում է իր մրցակիցներին, և որ ժողովուրդն ընտրեց դեպի ապահով Հայաստան գնալու ճանապարհը։ Դե, ուրեմն թող գա ու հայտնվի ապահով Հայաստանի բնակիչների կողքին։

Այս պահին, երբ գրվում էր նյութը, ՀՀԿ–ում դեռ չէին որոշել՝ գնա՞լ, թե՞ չգնալ սեփական հանրահավաքին։

Նկատենք, որ ինչպիսի որոշում էլ կայացնի Սերժը՝ «քաշվելու» է։ Սա, իրոք, պատային վիճակ է նրա համար։ Ինչպես հայտնի հեքիաթում է ասվում՝ աջ գնաս՝ ձիդ կկորցնես, ձախ գնաս՝ գլուխդ։

Մի խոսքով՝ խիարն ամեն դեպքում թարս բուսնեց Սերժի համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը