Լրահոս

24.06.2009 19:25


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար Վրաստանի Նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար Վրաստանի Նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները Վրաստանի Նախագահի և իր գլխավորած պատվիրակության հետ: Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի խնդիրների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց, որ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

Աշխարհում քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ այնքան տևական բարեկամական հարաբերություններ ունենալու իրողությամբ, ինչպիսին առկա է հայ և վրաց ժողովուրդների միջև: Ավելորդ է նշել՝ ինչպիսի նշանակություն ունեն մեր երկրները միմյանց համար թե՛ անվտանգության, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ բազում այլ առումներով: Եվ ես վստահ եմ, որ երկու երկրների ղեկավարների և կառավարությունների առաջնահերթ մտահոգություններից մեկը պետք է լինի միջպետական հարաբերությունները հասցնել մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունների մակարդակին: Պետք է ասեմ, որ մեր՝ իմ և Նախագահ Սահակաշվիլու շփումների ընթացքում տպավորություն եմ ստացել, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ նա նույնպես կիսում է այս մոտեցումները, ինչի համար ես ուրախ եմ:

Մենք քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ողջ համալիրը: Այս առումով հատուկ ուշադրության են արժանացրել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հայկական կողմը նախկինում բազմիցս շեշտել է և ներկայումս մնում է այն համոզմանը, որ առկա բոլոր հիմնախնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն երկխոսության, տարածաշրջանում վստահության ամրապնդման, փոխադարձ հարգանքի ու համագործակցության ճանապարհով: Մենք ողջունում ենք տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված յուրաքանչյուր քայլ:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում հատուկ ուշադրության ենք արժանացրել տնտեսական համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման խնդիրները: Դա, հուսով ենք, կնպաստի համաշխարհային ճգնաժամի ազդեցության հետևանքները Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների վրա նվազեցնելու հարցում:

Հայաստանը խիստ կարևորում է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները, որոնք էական նշանակություն ունեն մեր տնտեսության համար: Այս առումով մենք շահագրգռվածություն ենք հայտնել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ցամաքային ավտոմոբիլային անցակետի շուտափույթ վերագործման վերաբերյալ:

Վրաստանի հայ համայնքը եղել և մնում է մեզ կապող ամենաամուր կամուրջը: Այս ուղղությամբ հասկանալի է երկու կառավարությունների հետաքրքրվածությունը վրացահայ համայնքի ամրապնդման ուղղությամբ: Մենք մասնավորապես ողջունում ենք Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը՝ Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, ենթակառուցվածքները բարելավելու և նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք սատարելու այս գործընթացին:

Պարոն Նախագահին տեղեկացրել եմ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման զարգացումների մասին: Տեղեկացրել եմ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների և դրանց շուրջ մեր մոտեցումների մասին: Մեր մոտեցումը պարզ է՝ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Տարածաշրջանի երկրները պետք է գտնեն համագործակցության եզրեր՝ չնայած առկա տարաձայնություններին:

Հայաստանը շահագրգռված է ունենալ խաղաղ, կայուն և բարգավաճ հարևան՝ ի դեմս Վրաստանի, որի հետ ունենք ոչ միայն համատեղ անցյալ, այլև ընդհանուր ապագա: Այդ առումով մենք պայմանավորվեցինք ակտիվացնել շփումները մեր քաղաքացիների միջև, ակտիվացնել ուսանողական փոխանակումները, մշակութային կապերը՝ որպես դրա հաջողված օրինակ նշելով այս տարի Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերը և հաջորդ տարի Վրաստանում նախատեսված հայկական մշակութային ծրագիրը: Մենք պայմանավորվեցինք նաև անցկացնել ամենամյա հայ-վրացական մարզական խաղեր, նաև պարոն Նախագահի առաջարկությամբ ամեն տարի դպրոցականների միջև կանցկացնենք օլիմպիադա: Առաջին այդպիսի օլիմպիադան ամենայն հավանակնությամբ տեղի կունենա այս տարվա աշնանը:

Պարոն Նախագահ, այս այցելությունը կարևոր էջ է մեր երկների ու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և փոխհարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը