Մեկնաբանություն

22.02.2013 01:06


Րաֆֆի Հովհաննիսյանի «ֆուտբոլային» քաղաքականությունն ու «նախաձեռնողական» վարքագիծը

Րաֆֆի Հովհաննիսյանի «ֆուտբոլային» քաղաքականությունն ու «նախաձեռնողական» վարքագիծը

Խելոքները սովորում են ուրիշի սխալների, իսկ հիմարները՝ սեփական սխալների վրա։

Ռուսական ասացվածք

Արդեն իսկ ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանպատրաստից և իռացիոնալ որոշումներ է կայացնում։ Սերժ Սարգսյանի հետ անիմաստ երկխոսության գնալն ասվածի վառ ապացույցն է։ ՀՀԿ ղեկավարի նախապես ծրագրած «հաղթական» հանրահավաքը փայլուն կերպով «փոզմիշ» անելուց հետո, Բաղրամյան 26 գնալն ու Սերժին հանդիպելու համար դրսում սպասելը, մեղմ ասած, սխալ քայլ էր։ Երեկ Սերժն էր պատային վիճակում, իսկ այսօր՝ Րաֆֆին, ընդ որում՝ «Ժառանգության» ղեկավարը պատային վիճակում հայտնվեց սեփական նախաձեռնությամբ։

Եթե Րաֆֆին կարծում է, որ իր ամեն մի ելույթի սկզբնական հատվածում Սերժի հասցեին դրականորեն արտահայտվելով՝ կշահի նրա համակրանքն ու նրանից կստանա գողացված իշխանությունը, ապա առնվազն մանկամիտ է։ Տիկին Ռիտայի առողջությամբ հետաքրքրվելն էլ գործին չի կարող օգնել։ 

Մանկամտություն է նաև կարծելը, թե Սերժը Բաղրամյան 26–ից կհեռանա քաղաքակիրթ երկխոսության արդյունքում։ Սերժին մինչև «կառշեռով» չմաքրես նախագահականի իր կաբինետից, չի հեռանա։ Սերժն այնպես է կառչած աթոռից, որ նրան հեռացնելուց հետո աշխատասեղանի վրա եղունգների խազերի տեղը մնալու է, ինչի՞  մասին է խոսքը։

Լավ, մի՞թե դաս չեղավ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի հետ տեղի ունեցածը։ Մի՞թե պարզ չէ, որ Սերժ Սարգսյանի հետ միայն ուժի լեզվով պետք է խոսել, և որ նա կուչ է գալիս միայն ժողովրդական ալիքի տակ ու դառնում փափկամազիկ։ Խոսքս այն մասին չէ, որ պետք է գրոհով վերցնել նախագահի նստավայրն ու ֆիզիկական ուժ կիրառել։ Ուժի կիրառման քաղաքական ձևեր կան։ 

Եթե Րաֆֆին ուզում էր Սերժի հետ հանդիպել ու այդ հանդիպման ընթացքում իշխանության ընդունման–հանձնման մասին խոսել, ապա պետք է նախ մեծացներ Ազատության հրապարակի էներգետիկան, ձգտեր հասարակական ու քաղաքական հնարավորինս լայն համախմբման և կրիտիկական զանգված ունենալուց հետո միայն հանդիպեր Սերժին՝ ուլտիմատում ներկայացնելով։ Եթե այդքան բան  Րաֆֆին անի, ապա հանդիպման կարիք չի լինի, կամ էլ Սերժն ինքը կխնդրեր հանդիպում, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստանար։ Հիմա էլ ուշ չէ, կարելի է սխալների վրա սովորել ու այլևս մառազմատիկ բաներ չանել։

Այժմ իշխանական համակարգը փլուզված վիճակում է։ Դա ապացուցվեց նաև փետրվարի 18–ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով։ Պարզվեց, որ ընտրակեղծիքի մեքենան այլևս առաջվանը չէ։

ՀՀ անկախության ավելի քան քսանամյա պատմության ընթացքում միայն մեկ բան է կատարելության հասցվել՝ ընտրակեղծիքի մեքենան։ Հիմա եթե դա շարքից մասամբ դուրս է եկել, ուրեմն իշխանական բուրգն էլ է մասամբ փլուզվել։ Ասելս այն է, որ «ռասկաչկայի» դեպքում այս իշխանությունից կմնա միայն  կամուֆլյաժը։ Իսկ «ռասկաչկայի» տանում են ոչ թե նախագահականում «գյալաջի» անելով, ոչ թե էկլեկտիկ պահվածքով ու էքսցենտրիկ գործողություններով, այլ ժողովրդից մերժված Սերժ Սարգսյանի լեղին պատռող հանրահավաքների շարքով ու քաղաքական հստակ խոսքով։

Րաֆֆի Հովհաննիսյանը սիրում է քննադատել Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունն  ու «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը, սակայն ինքն է հիմա «ֆուտբոլով» զբաղվում և անհեռանկար «նախաձեռնողականություն» ցուցաբերում։

Ականջներիդ օղ արե՛ք. ներքաղաքական կյանքում Սերժի հետ ցանկացած երկխոսություն ձեռնտու է միայն Սերժին, քանզի ինքը նախագահի աթոռին է նստած և կարող է ցանկացած պահի «քցել» իր հետ խոսքուզրույցի բռնված սուբյեկտին։ Եվ այդպես էլ արել է։

Սերժին, ինչպես որ հայ–թուրքական «ֆուտբոլի»  ժամանակ թուրքերին, երկխոսություն կոչվածը պետք է միայն որպես գործընթաց, այսինքն՝ թամաշա, այլ ոչ թե կոնկրետ արդյունք ապահովող գործիք։ Գյուլից ու Էրդողանից քաղաքական ապտակներ ստացած Սերժը, Հայաստանի անվտանգությանը վնաս հասցնելու գնով, յուրացրել է այդ դասը և հաջողությամբ կիրառում է իր հետ երկխոսության մեջ մտնողների նկատմամբ։ Տեխնոլոգիան շատ պարզունակ է, բայց, փաստորեն, աշխատում է։

Լավ, մի՞թե այդքան դժվար էր հաշվարկելը, որ Րաֆֆի–Սերժ հանդիպումից շահելու է միայն Սերժը, քանզի կասկածի ու հիասթափվածության ցեց է գցելու Սերժին զրո ձայն տված ընտրողների մոտ։ Իսկ ցեցն ու հիասթափությունն է՛լ ավելի են գլուխ բարձրացնում, երբ հավաքվածներին ոչինչ չի ասվում, այլ տրվում է միայն ասելիքի անոնսը։

Եվ վերջապես, մի՞թե այդքան բարդ է հասկանալը, որ քաղաքականությամբ զբաղվելու համար, այդուհանդերձ, խելք է պետք։ Հետո էլ Հովիկ Աբրահամյանին եք կշտամբում. մարդն ինչ տեսել է, այն է ասում։ 

Ամփոփենք. եթե Րաֆֆին խելքը գլուխը չհավաքի ու ադեկվատ չդառնա, ապա ոչ թե ախք կդառնա, այլ ստիպված կլինի քոռ ու փոշման գնալ տուն՝ քոռ ու փոշման թողնելով իր մեջ Սերժից ազատվելու վերջին հույսը տեսած հարյուր հազարավոր մարդկանց։ Իսկ դա ձեռնտու չէ ՀՀ–ին ու ՀՀ քաղաքացուն։

Եվ ուրեմն, Րաֆֆին պետք է գոնե սեփական սխալներից հետևություններ անի, որպեսզի հետո ստիպված չլինի Պարույր Հայրիկյանի հանգույն օրական մի քանի որոշում կայացնել, հետո դրանք փոխել և այդպես անընդհատ։ Քաղաքականությունը շոու–բիզնեսին նման է, բայց երբ ամեն ինչն է շոուի վերածվում, դրան արդեն ուրիշ անուն է տրվում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ասա ա՛յ Րաֆֆի, գնում ես Սերժի հետ երկխոսության, որ ի՞նչ անես։ Դու ավելի լավ է փողոցը «տաքացրու» և զուգահեռաբար երկխոսության փորձ արա մյուս ուժերի հետ (չնայած ժամանակին «փոզմիշ» արեցիր «Կոնսենսոսւ մինուս Սերժ Սարգսյան»–ը և երկխոսության մեջ մտար աներոջ ու փեսայի հետ), այլ ոչ թե թույլ տուր, որ Սերժը հարթակն ու հրապարակը լցնի վաղուց բացահայտված քաղաքական ականներով ու ժամկետանց հաճախորդներով։

Համ էլ ամեն մի ելույթ ունեցողի այդքան շռայլորեն նախարարի պոստ որ խոստանաս, հերթեր կգոյանան ու վերջում կարող է դու էլ հերթ կանգնես։ Հանրահավաքային պայքարը չի կարելի վերածել «Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են» լոզունգով միջոցառման։ Հիմա ով շուտ գա հարթակից ելույթ ունենալու նախարա՞ր է, իսկ ով ուշ՝ վարչության պե՞տ։ Հնարավո՞ր է ...

Այս խորագրի վերջին նյութերը