Լրահոս

25.06.2009 10:42


Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամլո ասուլիսը

Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամլո ասուլիսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու պաշտոնական այցելությունը Հայաստան կարևոր էջ է համարում երկու երկների ու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և փոխհարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ: Այսօր Երևանում ՀՀ նախագահի նստավայրում նեղ և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդած ասուլիսում նախագահներն արձանագրեցին, որ երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ողջ համալիրը: Այդ առումով հատուկ ուշադրության են արժանացել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: «Հայկական կողմը նախկինում բազմիցս շեշտել է, և ներկայումս մնում է այն համոզմանը, որ առկա բոլոր հիմնախնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն երկխոսության, տարածաշրջանում վստահության ամրապնդման, փոխադարձ հարգանքի և համագործակցության ճանապարհով: Մենք ողջունում ենք տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման զարգացումների, նաև՝  հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարների և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումների մասին: «Մեր մոտեցումը պարզ է՝ հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների: Տարածաշրջանի երկրները պետք է գտնեն համագործակցության եզրեր՝ չնայած առկա տարաձայնություններին: Հայաստանը շահագռգիռ է ունենալ խաղաղ, կայուն և բարգավաճ հարեւան՝  ի դեմս Վրաստանի, որի հետ ունենք ոչ միայն համատեղ անցյալ, այլև ընդհանուր ապագա»,- նշեց Ս.Սարգսյանը:
   Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդգծեց,որ Հարավային Կովկասը միասնական պետք է զարգանա, չկա ընդհանուր համատեղ ապագային այլընտրանք: «Ես վստահ եմ, որ Կովկասը միայն միասնական ապագա ունի, որը հիմնած է այն հանգամանքի վրա, որ ոչ մի արտաքին դերակատար չի կարող վերադասավորումներ կատարել տարածաշրջանում՝ ի վնաս տարածաշրջանի երկրների: Ես վստահ եմ, որ մեր ապագա սերունդները համատեղ կհայտարարեն մեր խնդիրները և համատեղ կսկսեն լուծել դրանք: Մեր նպատակը պետք է լինի ստեղծել ընդհանուր տնտեսական տիրույթ, համաձայնեցված քաղաքական գործողություններ»,- նշեց Մ.Սահակաշվիլին:
Նա նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը զանազան հարցերի վերաբերյալ: «Մենք ունենք տարածաշրջանային եւ երկկողմ բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերում են տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը: Շատ կարևոր է, որ մենք լուրջ ծրագրեր իրականացնենք նաև էներգետիկայի բնագավառում: Երկու երկրների տնտեսական ինտեգրումը կօգնի հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրները»,-ասաց նա՝ առաջարկելով հոկտեմբերին Բաթումում կազմակերպել դպրոցականների օլիմպիադաներ: Առկա են բազմաթիվ այլ հնարավորություններ երկուստեք մշակույթներն ավելի մերձեցնելու առումով: Այդ սերտացումը պետք է նպաստի, որ հայ-վրացական սահմանազատումն էլ ավելի չխորանա, մարդիկ առանց խոչընդոտների տեղաշարժվեն:
   «Մենք ակնկալում ենք մեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանից, և հնարավորը կանենք, որ նրանց ամառային արձակուրդն անմոռանալի լինի: Հատկապես նախորդ տարվա օգոստոսի իրադարձություններից հետո մենք շատ լավ համագործակցություն ենք ծավալում: Պետք է շնորհակալություն հայտնեմ Հայաստանին վերջին ամիսների համագործակցության համար: Նախկինում այս համագործակցությունը ծավալվում էր Հայաստանի նախկին նախագահի, իսկ ներկայումս Սերժ Սարգսյանի հետ, ում մենք երկար տարիներ ճանաչում ենք, և նա միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Շատ կարևոր հարաբերություններ են տարածաշրջանում մեր և Հայաստանի միջեւ»,- արձանագրեց Վրաստանի նախագահը:
Լրագրողի խնդրանքով Մ.Սահակաշվիլին անդրադարձավ վրացական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վրաստանը պատրաստվում է ռազմավարական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, և դա պետք է լինի այդ երկրի արտաքին քաղաքականության գերակայությունը: Նրա գնահատմամբ՝ նման ռազմավարական հարաբերություններ այսօր էլ գոյություն ունեն, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ առկա է ընդանուր դիրքորոշում: «Մենք որևէ խնդիր չունենք երկկողմ մակարդակով եւ համաձայնության ենք հասել գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, ինչն ինքնին ռազմավարական բնույթ ունի»,- նկատեց նա:
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը նաև նշեց, որ քննարկվել են անվտանգության խնդիրներ, քանի որ չեն կարող երկու բարեկամ երկրների նախագահները հանդիպել ու չքննարկել անվտանգության հարցեր: «Մեր եզրակացությունը միանշանակ է՝ անվտանգության առաջին գործոնը մեր ժողովուրդների բարեկամությունն է: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ժողովուրդների բարեկամության ազդեցությունն անվտանգության մթնոլորտի վրա կայանում է այն բանում, որ ժողովուրդներն ու նրանց ղեկավարները միմյանց համար հավելյալ խնդիրներ չեն ստեղծում, և դրանով հանդերձ՝  նաև բարդ հարաբերություններ չեն ստեղծում այլ երկրների հետ: Այնպես, ինչպես իրենց բարեկամությունը, բարիդրացիական հարաբերությունները չեն պայմանավորում երրորդ կողմի հետ իրենց հարաբերություններով: Մենք նաև հստակ համոզված ենք, որ տարածաշրջանում կայունություն, անվտանգություն կարելի է հաստատել միայն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոով: Մենք մեր տարածաշրջանում արդեն բավականաչափ տեսել ենք ուժի գործադրման դեպքեր, ինչը երբեք լավ արդյունքների չի բերել»,-նշեց Ս.Սարգսյանը:
«Հայաստանի և Վրաստանի տարբերվող հարաբերությունները Ռուսաստանի նկատմամբ չե՞ն խանգարում արդյոք երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը եւ հնարավո՞ր է, որ հայ-ռուսական շփումների զարգացումը նպաստի ռուս-վացական հարաբերութունների կարգավորմանը»  հարցին Ս.Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի ազգային անվտանգությունից և ազգային շահերից է բխում վրաց-ռուսական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը: «Մենք դրանում խորապես շահագրգռված ենք: Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, Վրաստանի հետ մեզ կապում են դարավոր հարաբերությունների թելերը, մենք հազարավոր թելերով ենք կապված: Մենք մեր հարաբերությունները խորացնում ենք և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ, և դա անում ենք պարզ, առանց երկմտանքի, առանց գաղտնիության շղարշի՝ բաց ճակատով: Եթե հայկական կողմի լավ հարաբերություններն այդ երկու երկրների հետ կարող են ինչ-որ չափով օժանդակել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, մենք միայն ուրախ կլինենք, բայց մենք երբեք մեր առջև նման խնդիր չենք դրել, և կարծում եմ, որ մեր խնդիրը պետք է լինի մեր հարաբերությունների խորացումը: Սա անպայման մենք պետք է մշտապես հաշվի առնենք, ինչպես նաև այն, որ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը մեծապես ազդում է մեր տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա: Մենք մշտապես պետք է հաշվի առնենք մեր բարեկամների շահերը և դրանք երբեք մենք չպետք է անտեսենք»,-նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը:    Սահակաշվիլին անդրադարձավ նաև Վրաստանի ներքաղաքական խնդիրներին:

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը