Մեկնաբանություն

24.02.2013 18:33


Ջինը շշից բա՞ց է թողնվել

Ջինը շշից բա՞ց է թողնվել

Բնության մեջ հանդիպող ամենավտանգավոր

կենդանին կատաղած ոչխարն է։

ժողովրդական խոսք

Իշխանությունը վախենում էր տապալվելուց, և այդ իսկ պատճառով արեց ամեն ինչ, որպեսզի նախագահական ընտրությունների ժամանակ խուսափի իրական մրցակցությունից. մեկին ահաբեկեցին, մյուսին ականապատեցին ու թուլացրեցին, իսկ երրորդին պարզապես «երկխոսացրեցին»։

Մրցակցային ընտրությունների ֆոն ապահովելու համար Սերժ Սարգսյանը սպարինգ–պարտնյոր ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ում հետ Բաղրամյան 26–ը համագործակցության հաջողված փորձ ուներ։ 2012–ի ԱԺ ընտրություններն ասվածի վառ ապացույցներից է։

Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկալի մրցակից էր Սերժ Սարգսյանի համար, երևում էր քարոզարշավի գրեթե ողջ ընթացքում։ Իշխանությունը համոզված էր, որ շրջապատված լինելով «վաստակավոր մրցակիցներով»՝ կարողանալու է ժողովրդավարության շղարշի տակ հեշտությամբ վերարտադրվել։

Քվեարկության օրվա մոտենալուն զուգընթաց Սարգսյանի շրջապատում հասկացան, որ խաղի մեջ է մտնելու ընտրողը և խառնելու է բոլորի խաղաքարտերը։ Այդպես էլ եղավ։ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին արձանագրված ավելի քան կես միլիոն ձայները շտկում մտցրեցին նախապես ծրագրված թատրոնի սցենարում՝ «դերասաններին» ստիպելով հաշվի նստել իրենց հետ։

Հարյուրհազարավոր ձայների առկայությունը փոփոխություն մտցրեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագծում։ Այսինքն՝ իշխանությունները մնացին իրեն կիրառած «պրիոմի» տակ։ Պատկերավոր ասած՝ Ջինը շշից բաց թողնվեց։

Փետրվարի 18–ին հաջորդած երկու–երեք օրերի ընթացքում ակնհայտ էր իշխանության խուճապը։ Նկատենք, սակայն, որ Րաֆֆի–Սերժ հանդիպումից և հանրահավաքային հռետորաբանության մեղմությունից հետո այդ խուճապային տրամադրություններն ահագին անցել են։ Դա զգացվում է ինչպես տարատեսակ ՀՀԿ–ականների, այնպես էլ «անկախ» մամուլի պահվածքից։ Ինչևէ։

Ներկայումս ստեղծված իրավիճակի հետ կապված տարբեր գնահատականներ կան։ Մի մասը պնդում է, որ Ջինը շշի մեջ է մնացել, պարզապես սա նախընտրական շրջանից սկսված թատրոնի երկրորդ մասն է, իսկ մյուս մասն էլ համոզված է, որ Րաֆֆին մինչև վերջ գնացող է, և ոչ մի պայմանավորվածություն չկա։ Թե ում տեսակետն է ճիշտ, կերևա առաջիկայում։ Առայժմ միայն երևում է, որ Րաֆֆին պատրաստ է նախագահի 1 աթոռը փոխել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ–ում մի քանիսով ավելացված «ժառանգական» աթոռների հետ։ Սերժը նրա այս առաջարկին ասել է «ոչ», բայց, երևի, «բազառի» տեղ է թողել, քանզի «Ջինն» անկանխատեսելի է և կարող է կատաղած շարժումներ անել։ Չնայած մինչև այժմ նման նախանշաններ չկան. Րաֆֆին շարունակում է գովել Սերժին, ենթատեքստով քննադատել Տեր–Պետրոսյանին և չդիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով։ Ասել է թե՝ գոնե այս պահին Ջինը շշի մեջ է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը