Մեկնաբանություն

24.02.2013 23:20


Մի հայտարարված հեղափոխության պատմություն

Մի հայտարարված հեղափոխության պատմություն

Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների հաջորդ օրը հայտարարեց, որ ինքը Սերժ Սարգսյանին հաղթել է ձայների 80/20  տոկոսային հարաբերակցությամբ։ Չենք կասկածում։ Հնարավոր է։ Սերժի պարագայում 90/10 էլ էր հնարավոր։ Անգամ  100/0 էր հնարավոր։ Եթե Սերժի հետ, պատկերավոր ասած, մրցեր հատակի փայտիկը, ապա կրկին 80/20 էր գրանցվելու՝ հօգուտ փայտիկի։ Հարցն այն էր, թե ինչքան էր արձանագրելու ԿԸՀ–ն։

ԿԸՀ–ի հայտարարած նախնական արդյունքների հետ համաձայն չլինելով՝ Րաֆֆին, այսինքն՝ «80»-ը, գնաց «20»–ի մոտ և պատրաստակամություն հայտնեց ճանաչել «20»–ի օգտին հայտարարված 58 տոկոսը։ Փոխարենը «80»–ը պահանջեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «20»–ը ասաց «Ո՛չ»։ Այդ «Ո՛չ»–ից հետո «80»–ը ստիպված հայտարարեց «Բարևի» հեղափոխություն սկսելու մասին։ Իշխանությունը ողջունեց այդ հեղափոխությունը, և հիմա օդում բարության ու հանդուրժողականության մթնոլորտ է։ Կողմերը «ջան» են ասում և «ջան» լսում՝ համատեղ պայքարելով բոլոր այն չար մարդկանց և մութ ուժերի դեմ, ովքեր ուզում են, որ Սերժը հեռանա, իսկ Րաֆֆին էլ՝ նախագահ դառնա։

Փաստորեն, ստացվում է, որ եթե Սերժը համաձայներ նախագահի աթոռը պահելու դիմաց ավելացնել Րաֆֆիի աթոռները խորհրդարանում, ապա 80/20–ը կմնար պաշտոնապես հայտարարված 58/37։ Արձանագրենք սա և անցնենք առաջ։

Դատելով ամենից՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի Սերժին բարև տալու մինիմում և մաքսիմում ծրագիր։ Երբ նա համեստորեն կոչ է անում չվանկարկել «Րաֆֆի՛, նախագա՛հ», սաստում է «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռացողներին և իր ամեն ելույթի մեջ պարտադիր կերպով գովում է «հարգարժան պարոն Սարգսյանին», ապա արանքում մնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելը (ծրագիր մաքսիմում) կամ որոշակի արտոնություններով տիտղոսային ընդդիմության դեր ստանձնելն ու «Պահանջում ենք բարեփոխումներ» դեմագոգիկ կարգախոսի ներքո Սերժին տարատեսակ ծառայություններ մատուցելը (ծրագիր մինիմում)։

Ուշագրավն այն է, որ իշխանություններն էլ Րաֆֆիի մասով ունեն նույն այդ ծրագիրը, բայց հակառակ իմաստով, այն է՝ Րաֆֆին տեսնել «փողոցը» վերահսկողի դերում (պայմանավորվածություն մինիմում), իսկ եթե հանրահավաքային ալիքը շատ բարձրանա, ապա գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով (պայմանավորվածություն մաքսիմում)։

Ինչպես գլխի եք ընկնում, այս «ռասկլադում» Սերժի նախագահության հարցը չի վիճարկվում, և Րաֆֆին փաստացի ընդունել է այդ խաղի կանոնը։ Մնացածը բառեր են և մարդկանց հուզականության վրա խաղ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կարող ենք արձանագրել, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է, քանզի ընդդիմությունը հայտարարում է հեղափոխության մասին, իսկ իշխանությունը ողջունում է այդ հեղափոխությունն ու ապահովում հեղափոխականների անվտանգությունը և հետևում, որպեսզի հեղափոխականներին բան չպատահի, ու հեղափոխությունը հանկարծ «փոզմիշ» չլինի։ Ուռա՛, ընկերներ։

Այս խորագրի վերջին նյութերը