Մեկնաբանություն

26.02.2013 23:04


Իշխանությունը երկրորդ «Մարտի 1» էր ուզում կազմակերպել

Իշխանությունը երկրորդ «Մարտի 1» էր ուզում կազմակերպել

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը իրավատիրոջն առաջարկել է ընդդիմության ղեկավար աշխատել և պատրաստվել 2017-2018թթ. ընտրություններին։ Այսինքն՝ Սերժը բացահայտել է Րաֆֆիի մասով իր ծրագրերը։ Ճիշտ է, Րաֆֆին մերժել է այդ առաջարկը, բայց դատելով ամենից՝ ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու գաղափարը նրան դուր է եկել, և «Ժառանգության» ղեկավարն անցել է գործի։ Նկատենք, որ այդ հարցում իշխանության և Րաֆֆիի շահերը 100 տոկոսով համընկնում են։

Պատահական չէ, որ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում Րաֆֆիի ու Սերժի կռիվը ոչ թե միմյանց դեմ է, այլ նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերի։ Սերժն ու փեսայական լրատվամիջոցները կռիվ են տալիս ԲՀԿ–ի, իսկ Րաֆֆին ու իր թիմ կոչվածը («անկախներն» էլ վրադիր)՝ ՀԱԿ–ի դեմ։ Ճիշտ է, Րաֆֆիի ու Սերժի շահերը փետրվարի 18–ից հետո բախվում են նախագահական աթոռի հարցում, բայց մնացած կետերում լիակատար փոխըմբռնում է։ Կողմերն իրար «քցելու» փորձ և պատրաստակամություն ունեն, բայց առայժմ համաձայնեցված են խաղում։ Այդ համաձայնեցվածության դրսևորումներից է, օրինակ, մարտի 1–ին կայանալիք հանրահավաքը։

Բանն այն է, որ ՀԱԿ–ի՝ դեռևս մեկ ամիս առաջ ծրագրած մարտի 1–ի հանրահավաքի օրը Երևանի քաղաքապետարանը օպերատիվ կարգով թույլատրել է նույն վայրում և գրեթե նույն ժամին հանրահավաք անցկացնել նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։

Տեղին է հիշեցնելը, որ քաղաքապետարանը նույն «Ժառանգությանը» մերժել էր փետրվարի 24–ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը՝  պատճառաբանելով, որ օրենքը նախատեսում է առնվազն 7 օր առաջ դիմելու կարգ։ Րաֆֆին ստիպված իր կողմից հարգված գեներալից հեռախոսով խնդրեց թույլ տալ կես ժամով շփվել հրապարակում հավաքվածների հետ ու գնալ զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ դնելու։ Մարտի 1–ին Մյասնիկյան արձանի մոտ հավաքվելու հարցում, սակայն, քաղաքապետարանն ըմբռնումով է մոտեցել «ժառանգության» ցանկությանն ու արագացված ռեժիմով որոշում է կայացրել՝ թույլատրելով Րաֆֆիի մարտիմեկյան հավաքը։

Օպերացիա «Մարտի 1»

Հիմա եկեք ավելի մանրամասն դիտարկենք այս ամենը, որպեսզի հասկանանք, թե ինչն ինչոց է։

ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքը պետք է մեկնարկի Ազատության հրապարակում ժամը 18–ին։ Որից հետո նախատեսված է երթ դեպի Մյասնիկյանի արձան։

«Ժառանգությունը» դիմել ու քաղաքապետարանից թույլտվություն է ստացել հանրահավաք անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ նույն օրը ժամը 17:00–19:45–ն ընկած ժամանակահատվածում։ Սա նշանակում է, որ ՀԱԿ–ի ու «Ժառանգության» միջոցառումները կարող են խաչվել՝ այդտեղից բխող տարատեսակ հետևանքներով։

Ուշագրավ է, որ քաղաքապետարանը մարտի 1–ին նույն տեղում և գրեթե նույն ժամին տարբեր ուժերի հավաք է արտոնել։ Եվ դա այն դեպքում, երբ զանգվածային միջոցառման մասին իրազեկումը նախևառաջ այն բանի համար է, որ տեղական իշխանությունը բացառի տարբեր կազմակերպիչների կողմից զանգվածային միջոցառումների «ստիկովկաներն» ու «նակլադկաները»։

Րաֆֆիի թիմի հայտը մերժելու երկու օրինական հիմք կար՝ դիմումի քննման նվազագույն ժամկետի չլրացած լինելն ու ՀԱԿ–ի հավաքի գրաֆիկն ու տեղը։ Քաղաքապետարանը, օրենքին հղում անելով, շատ հանգիստ կարող էր մերժել Րաֆֆիի թիմի առաջարկը՝ պատճառաբանելով, թե արդեն կա գրեթե նույն ժամին զանգվածային միջոցառում անցկացնելու մեկ ամիս առաջ ստացված հայտ, որը բավարարվել է։ Կարող էր, բայց չի արել։

Րաֆֆին էլ իր հերթին կարող էր ոչ թե Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաք անելու հայտ ներկայացնել, այլ գնալ և միանալ ՀԱԿ–ի հանրահավաքին ու երթով միասնաբար շարժվել դեպի Մյասնիկյանի արձան՝ այդպիսով ցույց տալով, որ ինքն անձնական ամբիցիայի խնդիր չի դնում և պատրաստ է համախմբող ֆունկցիա կատարել։ Կարող էր, բայց չի արել։

Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Րաֆֆին, իշխանությունների անթաքույց աջակցությամբ, ՀԱԿ–ից մեկ ժամ շուտ է ցանկանում հանրահավաք անցկացնել, որպեսզի մարդիկ արդեն իր մոտ հավաքված լինեն, և Ազատության հրապարակն ավելի սակավամարդ լինի։ Բացի այդ՝ Րաֆֆին և իշխանությունն ուզում են, որ Լևոն Տեր–Պետրոսյանը գա Րաֆֆիին բարևելու, այլ ոչ թե հակառակը, և որ Լևոնը մաս կազմի Րաֆֆու հարթակին, այլ ոչ թե հակառակը։ Մի խոսքով, իսկական թատրոն է նախատեսված։

Իշխանությունները, բնականաբար, կանխատեսել են Րաֆֆիի սրտի ուզածն ու մանր հաշվարկները և կողմ են, որպեսզի ՀԱԿ–ը միանա Րաֆֆիի հավաքին։ Ակնհայտ է, որ իշխանություններին ձեռնտու է «Լևոնը միացավ Րաֆֆիի հանրահավաքին» և «Րաֆֆին ընդդիմության առաջնորդն է» վերնագրերով տեղեկատվական հոսքերի ապահովումը, ինչը լիովին տեղավորվում է Սերժի՝ «Րաֆֆի՛, արի քեզ նշանակենք ընդդիմության առաջնորդ» առաջարկի շրջանակներում։ Այդ ամենը ձեռնտու է նաև Րաֆֆիից վտանգ չտեսնող ու ՀԱԿ–ից «մրսող» երիտօլիգարխիային, որն այս թատրոնում սեփական՝ Սերժինից տարբերվող շահ ունի։

Պարզից էլ պարզ է, որ իշխանությունները դեմ չեն, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի, բայց պայմանով, որ միավորումը տեղի ունենա Րաֆֆիի՝ «Ժողովուրդն է հաղթել» անորոշ և անշառ դրոշի ներքո։ Նրանք գիտեն, որ Րաֆֆին ակամայից է հայտնվել այսօրվա դերում և նրա տակ ընդդիմությունը հավաքելով՝ հետագայում կարող են մի հարվածով գլխատել ընդդիմադիր դաշտը։ Րաֆֆին, իհարկե, այլ հաշվարկներ ունի, բայց նրա հաշվարկները բարև տալուց և բառակույտի արտաբերումից այն կողմ չեն անցնում։

Իշխանությունները զուգահեռաբար խրախուսում են ՀԱԿ–ի ու «ժառանգության» միջև հրապարակային ու ենթատեքստային մրցակցությունը։ Նաև այդ նպատակով են նրանք բավարարել Րաֆֆու հայտը, որպեսզի ներընդդիմադիր անառողջ կսմիթները ֆեյսբուքից ու մամուլի էջերից տեղափոխեն հրապարակ։

Ցավալին այն է, որ Րաֆֆին, ելնելով սեփական մանր ու երեխայական հաշվարկներից, հաճույքով մտնում է այդ խաղի մեջ ու ավելի շատ կռիվ տալիս ոչ թե Սերժի, այլ Սերժի հակառակորդների դեմ։

Անզեն աչքով էլ նկատելի է, որ որքան հանդուրժող է Րաֆֆին Սերժի ու նրա մեդիայի (իմա՝ Սերժի փեսա Միքայել Մինասյանի), նույնքան ագրեսիվ է տրամադրված աներափեսայական բոլշևիզմին դեմ կանգնած ուժերի նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ նա պարզապես կարող է «խուրդվել» մեծ խաղի ժամանակ։ Իսկ մեծ խաղը վերաբերում է մասնավոր սեփականության ճակատագրին և ապագա իշխանության կառուցվածքին։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ապագային։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–ին, ապա այդ կառույցում շատ արագ հաշվեցին մարտի 1–ին նախատեսված բեմադրության հետևանքները և որոշեցին տապալել սպասվող շոուի սցենարը՝ հնարավորություն չտալով Բաղրամյան 26-ին ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից։ Փաստորեն, սերժական իշխանությունը երկրորդ «Մարտի 1» էր ուզում կազմակերպել, բայց այս անգամ «փափուկ» տարբերակով։ Չստացվեց։

Ինչպես հայտնի է, ՀԱԿ–ը չեղյալ է հայտարարել նախապես պլանավորած մարտիմեկյան հանրահավաքն ու երթը՝ մարդկանց կոչ անելով միանգամից հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունենալիք Րաֆֆիի միջոցառմանը։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Սերժի ու իր երիտշրջապատի ծրագրած «Մարտի 1» օպերացիան ձախողվեց։

Արդյոք Րաֆֆին գիտակցու՞մ է, որ նմանատիպ վարքագծով կարող է ի վերջո խաղալիքի վերածվել և ակամայից ստացած ձայները սկուտեղի վրա մատուցել «ժառանգություն» օպերացիան ամեն գնով հաջողությամբ ավարտելու պատրաստ երիտբոլշևիկներին։

Եթե Րաֆֆիին թվում է, թե ինքն ամեն անգամ կարող է հայտնի հեքիաթի Կալաբոկի պես բոլորից փախչել, ապա թող իմանա, որ Կալաբոկի վերջը լավ չստացվեց։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը