Լրահոս

27.02.2013 20:20


«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

Այս օրերին կրկին հիշում ենք Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում քսանհինգ տարի առաջ հայերի նկատմամբ իրագործված սարսափելի ոճրագործությունը: Այն ժամանակ ադրբեջանցիների ցեղասպան գործողությունները դարձան ադրբեջանահայության հանդեպ հետագա տարիներին իրագործված բռնությունների ու հետապնդումների կազմակերպման “օրինակելի” նախատիպը: Երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանից վտարվեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400.000-ը ապաստանեցին Հայաստանում և Արցախում: Ադրբեջանահայ փախստականները կիսեցին Հայաստանի և Արցախի իրենց եղբայրների ու քույրերի հետ այդ շրջանում Հայրենիքին բաժին հասած բոլոր դժվարությունները` նրանցից շատերը կամավոր մեկնեցին ռազմաճակատ, շատերն ընկան մարտերում, հերոսացան: Այդ ծանր տարիներին ադրբեջանահայ փախստականներից և ոչ մեկը պատկերացնել անգամ չէր կարող, որ դատապարտված է լինելու ավելի քան քսանհինգ տարի գոյությունը քարշ տալու մութ ու գարշահոտ նկուղներում, կիսավեր հանրակացարաններում, որ պետությունը նրանց գոյության մասին կհիշի միայն Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցների առիթներով` հերթական աննպատակ ու անհետևանք քարոզչական  աղմուկը կազմակերպելիս: Տարվա բոլոր մնացած օրերին հայ պաշտոնյաները փախստականների մասին հիշել չեն ուզում. եթե անձնական շահի հարց չկա և անգամ Հայաստանի կառավարման ղեկը բռնած պարոն Սերժ Սարգսյանն է ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության հեռանկարների մասին իրեն հարց ուղղող փախստականին ասում, թե` Հայաստանում փախստականների խնդիր չկա:

Տեղյակ ենք պահում պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ պետական կառույցների պատասխանատուներին, միջազգային կազմակերպություններին, ադրբեջանահայ փախստականների իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը մերժող  այլ օղակներին, որ հակառակ այն հանգամանքին, որ ադրբեջանահայ փախստականների մի մասն արդեն ստիպված լքել է Հայաստանը, շատերը մահացել են` չդիմանալով կյանքի այն ծանրագույն պայմաններին, որոնցում հայտնվեցին պատերազմից հետո, մենք վճռական ենք վերականգնելու այդ մարդկանց ոտնահարված իրավունքները և պաշտպանելու ենք նրանց շահերն անկախ այն բանից, թե` դրանք Ադրբեջանում են ոտնահարվել քսանհինգ տարի առաջ, թե` ոտնահարվում են մերօրյա Հայաստանում:  

Այս խորագրի վերջին նյութերը