Մեկնաբանություն

27.02.2013 16:07


Հակաօսկանյանական «մուտիլովկան» և Սերժ Սարգսյանին պատժելու ձևը (տեսանյութ)

Հակաօսկանյանական «մուտիլովկան» և Սերժ Սարգսյանին պատժելու ձևը (տեսանյութ)

Հայաստանն այս վիճակում է գտնվում, քանզի Բաղրամյան 26–ում զբաղված են ոչ թե Սահմանադրությամբ նախատեսված գործերով, այլ միայն «մուտիլովկայով», բացառապես «մուտիլովկայով» և հատկապես «մուտիլովկայով»։

«Մուտիլովկայով» են զբաղված նաև գրեթե բոլոր նախարարություններում, ՊՈԱԿ–ներում և պետական կառավարման այլ մարմիններում։ Արդյունքում ստեղծվել է կեղծիքի թագավորություն և «ֆեյքերի լիգա»։

«Ֆեյքի» ֆունկցիա են կատարում ինչպես կեղծիքներով նախագահ դարձած ու «վերադարձած»  Սերժ Սարգսյանը, այնպես էլ «անկախ» մամուլը և նախարարներից ոմանք (բարև, Աշոտյա՛ն, այսօր լավ կատարեցիր «1in.am»–ի արտահաստիքային մեկնաբանի ֆունկցիադ)։ Մի խոսքով՝ մենք հիմա Ֆեյքահայաստանում ենք ապրում։

Այսօր հերթական «մուտիլովկայի» տարածման ականատեսը դարձանք։

Ինչպես հայտնի է, ռոք–երգիչ Սերժ Թանգյանը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ իր մտահոգությունները հայտնելով նախագահական ընտրությունների և Հայաստանում տիրող մթնոլորտի վերաբերյալ։ «Ֆեյք» նախագահն էլ իր «սպիչռայթերի» միջոցով պատասխանել է Սերժին, իսկ երիտօլիգարխիան շտապել է  «մուտիլովկա» տարածել իր խոսափող հանդիսացող «1in.am»–ի միջոցով։ Ըստ այդ խոսափողի՝ Թանգյանի նամակների հեղինակն իրականում Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանն է։

Փաստորեն, Սերժի աշխատակազմում «տժժում» են շեֆի վրա։ Մի կողմից Սարգսյանի անունից պատասխան նամակ են գրում Թանգյանին, բայց մյուս կողմից էլ տարածում են, թե Սարգսյանն իրականում պատասխանել է Ղազարյանին։ Ստացվում է, որ Սերժը, նախագահի գործը թողած, նամակային կռվի մեջ է Օսկանյանի աշխատակցի հետ։

Եթե նախագահականում իրոք կարծում են, որ Ս. Ղազարյանն է Թանգյանի անունից Սերժ Սարգսյանին ուղղված նամակի իրական հեղինակը, ապա ավելի ճիշտ կլիներ, որ դիմեին Օսկանյանին, ու վերջինս փորձեր հարթել Սերժի ու Սալբիի հրապարակային վեճը։ Սա «տժժալու» մամով։ Հիմա՝ ըստ էության։

Մի կողմ թողնելով «մուտիլովկայի» «էսթետիկական» կողմը՝ նկատենք, որ այն այնքան էլ անմեղ չէ, ոչ էլ հերթական «բադիկն» է։ Այստեղ հստակ միտում կա։

«1in.am»–ի միջոցով տարածված «դանոսչիկությունը» քաղաքական ենթատեքստ ունի։ Նախագահականում, թերևս, պատրատվում են հետընտրական այս թոհուբոհի և աղմուկի տակ նոր թափ հաղորդել Օսկանյանի ու «Սիվիլիթասի» դեմ արշավին՝ գործում ներառելով նաև Սալբի Ղազարյանին, և հիմա սկսել են քարոզչական ու նախապատրաստական աշխատանքները։

Սերժ Սարգսյանը, երևի, մի փոքր շեղվել է նախագահական «ընտրությունների» պատճառով ու նյարդայնացել Րաֆֆիի անկանխատեսելիությունից, բայց Օսկանյանի դեմ «մուտիլովկա» անելով՝ ջահելները Սերժին հիշեցնում են, թե որ ուղղությամբ է պետք է ուշադրությունը կենտրոնացնել, քանզի Րաֆֆիի ատամները հաշվված են ու անհանգստության կարիք չկա, իսկ եթե Սերժն այդուհանդերձ վտանգ է զգում, ապա դրանում նույնպես մեղավոր է Օսկանյանը, քանի որ  «Սիվիլնեթը» ուղիղ եթերով ցույց է տալիս Րաֆֆիի բարևարշավը։

Սալբիի դեմ «մուտիլովկայով» իշխանության երիտթևն ուզում է «չերեզ» «Սիվիլիթաս» իր իրական հակառակորդի՝ ԲՀԿ–ի դեմ պայքարել, և Սերժին գրգռելու համար «գործ» է տալիս «Սիվիլիթասի» դեմ։ Եթե առաջիկայում ԱԱԾ–ն մեղադրանք ներկայացնի նաև Սալբի Ղազարյանին, ապա մեր այս վարկածը հարյուր տոկոսով կհաստատվի։

Ահա և այս էժանագին «մուտիլովկայի» տարածման քաղաքական ենթատեքստը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ «Սալբի Ղազարյանին» գրած պատասխան նամակը պատրաստողներն ուզեցել են ցույց տալ, թե իբր Սերժ Սարգսյանը ծանոթ է Թանգյանի գործունեությանը և գիտի, թե ինչ է «System of a down»-ը։ Եկեք արձանագրենք, որ այստեղ էլ մեծ կեղծիք կա։

Քյաբաբախորովածային մտածողությամբ օժտված, 6/8 տակտը լսելիս անմիջապես ձեռքերը վերև բարձրացնող և խաշլամայաչալաղաջային միջավայրի սիրահար Սերժ Սարգսյանի պատասխան նամակն այդ առումով ծիծաղ է առաջացնում։ Թարս բուսնող խիրարից այն կողմ բառապաշարի չտիրապետող Սերժի ու «իր» նամակի կոնտռաստը աչք է ծակում։

Իրականում Սարգսյանն այնքան հեռու է ռոքից ու Թանգյանի արվեստից, որ  «System of a down»-ը նրա համար պատիժ կարող է դառնալ, եթե նա մասնակցի այդ խմբի համերգին կամ թեկուզ ականջակալներով լսի, ասենք, հոդվածին կից ներկայացված երգը և հատկապես այն հատվածները, որտեղ տղերքը «trash» ու «power metal» են մտնում։ Սարգսյանի համար դա դժոխքում հայտնվելու պես մի բան կլինի։

Նախագահի աշխատակազմում կարող են փորձել և կհամոզվեն ասածներիս մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը