Լրահոս

25.06.2009 18:16


Գյումրիում բնակարանաշինությունը տապալվո՞ւմ է

Գյումրիում բնակարանաշինությունը տապալվո՞ւմ է

Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիի Մուշ-2 թաղամասում պետբյուջեի միջոցներով շինարարության մեջ ներգրավված 12 շինարարներ:

Շինարաները բողոքում էին, որ իրենց հետ կնքված պայմանագրի պայմանները կոպտորեն ոտնահարվում են: Գյումրեցի շինարարների գործատուն, որը հիշատակված է նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրում, «Ի Էմ Էյջ Քոնսթարքշն» ՓԲԸ-ն է, տնօրեն՝ Է. Հովհաննիսյան:

Հյուսն Արշալույս Սիմոնյանը նշել է, որ իրենք առաջին բրիգադն են, որն ամբողջությամբ հրաժարվել է աշխատել գործատուի հետ, և դուրս է եկել:

«Սակայն ընթացքում բազմաթիվ աշախատողներ են հեռացել՝ չհամակերպվելով ստեղծված պայամաններին: 150 000 դրամ աշխատավարձ են խոստանում պայամանագրով, ամսվա ընթացքում մասնակի վճարումներով՝ 10-20 հազար դրամով, 45-50 հազար աշխատավարձ են տալիս: Ես աշխատանքի եմ անցել մայիսի 6-ից, այս ընթացքում իրենց տված աշախատավարձը, եթե օրականով հաշվենք, կստացվի 1550 դրամ»,- նշել է Արշալույս Սիմոնյանը:

Իսկ Գառնիկ Մակարյանը, ով «Ի Էմ Էյջ Քոնսթարքշն» ՓԲԸ-ում աշխատանքի է ընդունվել որպես բրիգադավար, ասել է. «Երբ եկանք աշխատանքի, 53 հոգի էինք։ Այսօր մնացել ենք 12 հոգով. մի մասը գնացել է, մյուս մասին կրճատել են: Օրինակ, անցած անգամ, երբ լրագրողները եկել էին շինհրապարակ, մեր զոդող Վազգեն Զարգարյանը նրանցից մեկին բողոքեց, թե աշխատավարձ չեն տալիս, աշխատավարձերը 0 են։ Դրանից հետո ինձ պարտադրում էին, որ Վազգենին կրճատեմ բողոքելու համար: Եթե շարունակեն նման ձևով աշխատողների հետ վարվել, ապա կարող եմ ասել, որ 1 ամսից աշխատանքները կանգ կառնեն, աշխատող չի մնա: Մարդկանց ասում ես՝ արի Մուշ -2-ի շինարարության վրա աշխատելու, փախչում են։ Մուշի անունը լսել  չեն ուզում: Բացառված է, որ շենքերը ժամանակին շահագործման հանձնվեն: Նմանատիպ իրավիճակ է նաև մյուս բրիգադներում»:

Շինարարները նաև նշում են, որ բացի պայմանագրից, եղել է նաև համաձայնագիր, որտեղ գործարքային գներ են նշված, և եթե աշախատավարձի հաշվարկը կատարավի այդ գներով, ապա իերենց մոտավորապես 3 անգամ ավելի գումար պարտք կլինեն: Սակայն նշված համաձայնագրի տակ միայն աշխղեկի անուն-ազգանունն է գրված. որևէ ստորագրություն կամ կնիք գոյություն չունի:

Գառնիկ Մակարյանը նշել է. «Ըստ ընկերության կողմից ներկայացված համաձայանգրի գների՝ իմ բրիգադը 8 մլն դրամի աշխատանք է կատարել: Բայց չեն տալիս, 8 մլն-ից մեզ տվել են 2 մլն 900 հազ. դրամ աշխատավարձ: Պատճառաբանում են, որ եթե էդ գումարը տան, կթողնենք կգնանք։ Ասում են՝ բոլոր հարկերը վերջացրեք, նոր կտանք: Մենք նույնիսկ տնօրինության հետ չենք կարողացել խոսել։ Մի հատ աշխղեկ Աշոտ կար, որին էլ մեր բողոքները ներկայացրել ենք։ Ասում ենք՝ գնանք, տնօրինության հետ խոսենք, իրար հասկանանք։ Ասում են՝ դիրեկցիայի հետ ի՞նչ գործ ունեք, մե՛զ հետ խոսեք»:

Բացի այդ, շինարարները նշում են, որ Գյումրեցի շինարարների նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել, և ընկերության ներկայացուցիչներն աչքի են ընկել բավականին ցինիկ պահվածքով:

«Աշխղեկ Աշոտին ասում են՝ 2 հոգի կրճատվել գնում են, իրենց տալու կամ ստանալու բան չունե՞ս: Ինձ ասում է՝ թող մարդա 5000 հազար դրամ հետ տան գործիքները մաշելու համար», - պատմել է Գառնիկ Մակարյանը:

Իսկ զոդող Վազգեն Զարգարյանը պատմել է, որ երբ ինքը աշխղեկին հարցրել է, թե ինչո՞ւ իրենց հետ բերած զոդողներին օրը 5000 դրամ են տալիս, իսկ իրենց՝ 2000 հազար, նրան պատասխանել են. «Ինքը մեր ֆիրմայի աշխատողն է, դրա համար։ Դուք էնպես, կողքից ժամանակավոր աշխատողներ եք, դրա համար էլ էդքան ենք տալիս»:

 Շինարարները հավաստիացնում են, որ մինչև վերջ պայքարելու են իրենց աշխատած գումարներն ստանալու համար: Իսկ այժմ պատրաստվում են հայց ներկայացնել դատարան, եթե մինչ այդ ընկերության հետ խնդիրը չկարգավորվի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը