Լրահոս

02.03.2013 00:42


Քննարկվել են վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ

Քննարկվել են վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի հայ համայնքին հուզող եւ վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ, Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան գրասենյակների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Վրաստանում Հայկական եկեղեցիների պահպանության եւ վերկականգնման, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու հետ կապված հարցեր` ընդգծելով որ հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրը չպետք է դիտարկել որպես Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա խնդրահարույց հարց, քանզի այն իրականում Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնի եւ հավատքի ազատության հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունն է: Վրաստանի նորանշանակ օմբուդսմենը լավատեսական գնահատականներ տվեց խնդրի մոտալուտ կարգավորման հնարավորություններին` արձանագրելով, որ կառավարությունը եւս մտահոգ է խնդրով եւ ունի անկեղծ ցանկություն` մոտ ապագայում ջանքեր գործադրելու խնդրի կարգավորման համար:

Հովհաննես Մանուկյանը եւ Ուչա Նանուաշվիլին կարեւորեցին նաեւ Վրաստանի հայազգի քաղաքացիների, մասնավորապես` ջավախահայության` Վրաստանի հասարակությանն արդյունավետ ինտեգրելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը նոր իշխանությունների կողմից:

Դեսպան Մանուկյանը զրուցակցին փոխանցեց նաեւ Հայաստան այցելելու իր հայ գործընկերոջ հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց օմբուդսմենի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը