Մեկնաբանություն

04.03.2013 11:33


Հեքիաթ բարի Սերժի, չար «բոյարների» և առաջադեմ երիտօլիգարխիայի մասին

Հեքիաթ բարի Սերժի, չար «բոյարների» և առաջադեմ երիտօլիգարխիայի մասին

Իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել մի նոր հեքիաթ, իսկ ավելի ճիշտ՝ հին հեքիաթի «բարեշրջված» տարբերակը (հինը «արևմտամետ» Սերժի մասին էր)։

Նոր հեքիաթը, որը դեմագոգիայի դասական օրինակ է, բարի Սերժ Սարգսյանի, չար ՀՀԿ–ականների և առաջադեմ երիտօլիգարխիայի մասին է։ Այն մի քանի բաղադրիչ ունի.

1.Նախագահական ընտրությունները կեղծել են մարզպետներն ու համայքնապետները, ովքեր արջի ծառայություն են մատուցել Սերժին,

2.Սերժը տապալեց քարոզարշավն իր նախընտրական շտաբի պետի պատճառով, քանզի խիարը թարս բուսնելու մասին Սերժի ասածները Հովիկ Աբրահամյանի նեյրոլինգվիստիկ ազդեցության հետևանք էին,

3.Մարդիկ դժգոհ են ոչ թե Սերժից, այլ ՀՀԿ–ից,

4.Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը քոչարյանական իշխանության հետ համեմատած բարի է ու հանդուրժող։ Եվ ընդհանրապես՝ խեղճ Սերժը ծանր ժառանգություն է ստացել, և պետք է նրան օգնել։

Սերժին, ըստ այդմ, վերապահված է  չար ՀՀԿ–ականների ու մարզպետների կողմից Բաղրամյան 26–ում բանտարկված բարի գեղեցկուհու դերը, ում պետք է փրկության հասնի երիտասարդ արքայազնը։

Ինչպես բոլոր հեքիաթների վերջում է լինում, նախատեսված է, որ բարի ուժերը հաղթեն չար ուժերին։ Տվյալ դեպքում Սերժի մասին հեթիաթի բարի ավարտ է դիտարկվում նրա շրջապատի հին կադրերին երիտասարդ ու իբր բանիմաց կադրերով փոխարինելը (նկատի ունեն Սերժի փեսայի երիտօլիգարխիկ շրջապատին ու անհայրենիք «ժելեոտածներին» պետական պաշտոնների նշանակելը)։

Եթե «թարգմանենք» այս հեքիաթը, ապա կստանանք հետևյալը. բարեփոխիչներն  ուզում են, որ այլոց բիզնեսները խլի կամ այդ բիզնեսներում փայ մտնի ոչ թե Սաշիկը, այլ երկրորդ սերնդի «Սաշիկը»՝ Միշիկը։ Բարեփոխիչներն ուզում են նաև ամայացնել քաղաքական դաշտն ու գերկենտրոնացնել տնտեսական դաշտը, որպեսզի հեշտությամբ կյանքի կոչեն «Ժառանգորդ» օպերացիան։ Ահա՛ սրանց ներկայացրած «բարեփոխման» և «սերնդափոխության» ամբողջ էությունը։

Հետևե՛ք «անկախ» մամուլին, «ընդդիմադիրներին», պալատական սազանդարներին, իբր Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտպանող «քաղաքացիականներին» ու «պռադվինուտի» (իրականում՝ տորիչելյան դատարկություն) փորձագետներին և կնկատեք, թե ինչպես են բոլորն այս հեքիաթը, տարբեր նախադասություններ օգտագործելով, պատմում ու նույն «լապշան» փորձում կախել մարդկանց ականջներից։ Նկատենք, սակայն, որ «Բարի թագավորը և չար բոյարները» հեքիաթի ժամանակները վաղուց անցել են, իսկ Սերժին նույնիսկ գրիմի օգնությամբ հնարավոր չէ բարի փերի դարձնել, իսկ երիտօլիգարխիային՝ բարեփոխիչ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը