Լրահոս

26.06.2009 15:17


Ռուսական վարկը պետք է ծառայի ճգնաժամի հետևանքները մեղմելուն

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Լևոն Ամիրխանյան», «Մ.Գ. - Հաուզինգ» և «Հերմեկ» ՍՊԸ-ներին։ Հիշյալ ընկերությունները ՀՀ կառավարության կողմից անավարտ բնակելի շենքերի կառուցապատմանն օժանդակելու մասին արված հայտարարության համաձայն դիմել էին կառավարության օպերատիվ շտաբ։ Տրամադրվելիք բյուջետային երաշխիքների վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման նպատակով կառուցապատողների հետ կնքվելու են համապատասխան գրավի պայմանագրեր։
Նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով։ Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձևը՝ բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետևյալ բաղադրիչների՝ ֆինանսաբանկային համակարգի վարկավորում՝ 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորում՝ 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում՝ 23,1 մլրդ դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 90 մլրդ դրամ է բաշխվում՝ մեղմելու ճգնաժամի բացասական հետևանքները։ «Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, և այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ ևս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան՝ աղետի գոտուն, բայց եկող տարվա համար։ Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- եզրափակել է վարչապետը։
Համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202 400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին նամակների փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Այս խորագրի վերջին նյութերը