Մեկնաբանություն

05.03.2013 12:53


Սահմանադրական դատարանի հետագիծը և Րաֆֆիի անելիքը

Սահմանադրական դատարանի հետագիծը և Րաֆֆիի անելիքը

Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ–ի հրապարակած որոշումը։

Իշխանություններն իրենց դրածոների և դրածոների «ջրերն» ընկած «ազնիվ քյարփինջների» միջոցով փորձում էին հետ պահել «Ժառանգության» առաջնորդին ՍԴ դիմելու քայլից, բայց ի վերջո հաղթեց քաղաքական տրամաբանությունը, և կայացվեց ճիշտ որոշում։

Մենք հերթական անգամ ունենք նախագահի դե ֆակտո հաղթած թեկնածու, ով վիճարկում է ընտրությունների արդյունքները։

1996–ից սկսած՝ ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները, ովքեր պաշտոնական տվյալներով զբաղեցրել են երկրորդ տեղը, դիմել են ՍԴ։ Բացառություն է կազմում միայն Կարեն Դեմիրճյանը, ով 1998–ի ընտրություններից հետո ոչ միայն չդիմեց ՍԴ, այլև հետընտրական որևէ հանրահավաք կամ բողոքի այլ ակցիա չկազմակերպեց (թե ինչու այդպես եղավ, այլ հոդվածի թեմա է)։

Թեև Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը ՍԴ–ից չստացան ցանկալի որոշում, դա չի նշանակում, որ իրավական այդ ճանապարհի օգտագործումը սխալ է։

ՍԴ դիմելն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական քայլ է, որից խուսափելու դեպքում անհասկանալի է դառնում ընտրությունների արդյունքները վիճարկողի մարտավարությունն ու ռազմավարությունը։ Եթե Րաֆֆին չդիմեր ՍԴ, ապա կստացվեր, որ իշխանության հետ վեճի առարկա նա չունի։ Հրապարակում հնչած ելույթներն այդ դեպքում կվերածվեին խեղկատակության։

Եթե դիտարկենք 1996–ի, 2003–ի և 2008–ի հետընտրական գործընթացները, ապա այնպես չէ, որ ՍԴ դիմելը զուտ պրոցեդուրալ նշանակություն ունի։ Դա քաղաքականին զուգահեռ իրավական ճանապարհ է, և դրանից հրաժարվելը նշանակում է կա՛մ տուն գնալ, կա՛մ մարդկանց տանել դեպի բարիկադներ։

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է, որ «զադնի» չի դնելու և միևնույն ժամանակ խոստացել է իշխանափոխության հասնել անցնցում տարբերակով։ Իսկ դա նշանակում է, որ պետք էր անպայման դիմել ՍԴ։ Հակառակը պնդողներն առնվազն անգրագետ են կամ այլ նպատակներ են հետապնդում։

Թե ինչ որոշում կկայացնի ՍԴ–ն, այլ հարց է։ Օրենքի տառին և ոգուն համապատասխան որոշում ստանալու համար Րաֆֆին պետք է զուգահեռաբար հզորացնի հանրահավաքային շարժումը և ձգտի քաղաքական ու հանրային լայն կոնսոլիդացիայի։ ՍԴ–ն միայն դրսում հավաքված ժողովրդի շունչը զգալով՝ օրինական որոշում կկայացնի։ Բոլոր իշխանություններին ծառայող Գագիկ Հարությունյանին ու իր կանտոռային այլ կերպ հնարավոր չէ «գորգի» վրա հրավիրել։ Պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորել, որ ՍԴ անդամներն իմանան՝ հակաօրինական որոշում կայացնելու դեպքում անձնական պատասխանատվություն են կրելու հետագա զարգացումների համար։

Կրկնեմ՝ անհրաժեշտ է փողոցը «տաքացնել» և օրինականություն պարտադրել ՍԴ–ին։ Ընտրակեղծարարների շահերի ներկայացուցիչների այն առաջարկները, թե պետք է մինչև ՍԴ որոշումը Րաֆֆին դադարեցնի հանրահավաքները, որպեսզի ՍԴ–ն զերծ լինի ճնշումներից, դեմագոգիայի ոլորտից է։ ՍԴ–ն արդեն իսկ Բաղրամյան 26–ի ճնշման տակ է, և այդ ճնշմանը պետք է հակադրել հանրային ճնշում, որպեսզի ՍԴ–ն երկու տիպի ճնշումների տակ գոնե փորձի հավասարակշռված և օրինական որոշում կայացնել։

Օրինակ՝ 2008–ին իշխանությունը գնաց ուժային լուծման, քանզի վախենում էր, որ ՍԴ–ն անկանխատեսելի որոշում կկայացնի լեփ–լեցուն հրապարակի պայմաններում, այսինքն՝ ստիպված կլինի առաջնորդվել օրենքով։ Մարտի 1–ը նաև ճնշում էր ՍԴ–ի վրա։ Իշխանությունը զգաց, որ չի կարողանալու ճնշել ՍԴ–ին, քանզի Ազատության հրապարակի ճնշումն ավելի մեծ էր ու մեծանալու էր մինչև ՍԴ որոշումը։ Զգաց և գնաց ուժային լուծման։ Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ բացառապես մարտի 1–ի շնորհիվ։ Չլիներ մարտի 1–ը, հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացներ ՍԴ–ն։

2008–ի փորձը հաշվի առնելով՝ հիմա պետք է ոչ թե թուլացնել հրապարակի էներգետիկան, որպեսզի մարտի 1–ը չկրկնվի, այլ ճիշտ հակառակը։ Իշխանության ուժային ռեսուրսը չի աշխատի, եթե հիմնական քաղաքական ուժերը հասնեն «Կոնսենսուս մինուս Սերժի»։ 2008–ին կար հզոր շարժում, բայց այդ շարժումը, փաստորեն, այն աստիճանի հզորության ու լայն կոնսոլիդացիայի չէր հասել, որպեսզի տրոհեր պետական ապարատն ու մինչև ՍԴ որոշում կայացնելը մեջտեղից հաներ ուժային լուծման տարբերակը։ Միգուցե իշխանությունը զգաց այդ միտումը և դրա համա՞ր գնաց ուժային լուծման։ Միգուցե։ Պատմությունը «միգուցեներ» ու «եթեներ» չի սիրում։

Ինչ մնում է Րաֆֆիին, ապա նա առայժմ դանդաղում է և անվճռականություն ցուցաբերում քաղաքական մերանի ֆունկցիան կատարելիս։ Գործին օգուտ չի տալիս նաև խորհրդարանում տեղի ունեցող ոչինչ չասող քննարկումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով։ Դա մի ճահիճ է, որի մեջ «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն սեփական նախաձեռնությամբ են մտել և որից չեն կարողանալու դուրս գալ՝ ճահիճում թողնելով նաև այս ռեժիմին ու դրա պարագլխին չընդունող մեր հանրության ճնշող մեծամասնությանը։

Ամփոփենք. Րաֆֆին երկու ճանապարհ ունի՝ կա՛մ անփառունակ կերպով ավարտել բարևարշավը, կա՛մ գնալ քաղաքական պայքարի։ «Զադնի» չդնելու խոստումը պետք է փոխարինել «Վպերյո՛դ» կարգախոսով՝ զուգահեռաբար մաքրելով հարթակը տարատեսակ «ականներից» ու ավանտյուրիստներից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը